Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիդեռլանդների ընտրությունները ԵԱՀԿ-ի չափանիշներին չէին համապատասխանի, բայց ազատ ու արդար էին»

Մայիս 29,1998 00:00
eahk

Համարում է ԿԸՀ նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Բեզիրջյանը

Նա Պարույր Հայրիկյանի հետ միասին մայիսի 6-ին մասնակցել էր Նիդեռլանդների խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությամբ (ինչպես իրենք են ներկայացնում) կամ էլ ժողովրդավարություն սովորելու համար (ինչպես ապրիլի 26-ին «Ռոյթերին» հայտնել էր Նիդեռլանդների արտգործնախարարը)։ Ինչեւէ, Խաչատուր Բեզիրջյանն այժմ այդ առաջավոր փորձի վերաբերյալ իր տպավորությունները մեզ հետ փոխանակեց. «Սա, իհարկե, դասական դիտորդական առաքելություն չէր, քանզի իրենք էին տեղամասեր մեր ուղեւորությունը կազմակերպել։ Սակայն անկախ լինելու համար մենք պիտի որոշեինք, թե ուր պիտի գնայինք։

Խորհրդարանական ընտրություններն իհարկե համամասնական՝ կուսակցական սկզբունքով էին, բայց քվեարկում էին որոշակի թեկնածուի օգտին։ Տեղամասերի 80 տոկոսում քվեարկությունը համակարգչային էր՝ ընտրողն ուղղակի սեղմում էր իր նախընտրած թեկնածուի անվան դիմացի սեղմակոճակը։ Էկրանի վրա հավաստիանալով, որ ազգանունը ճիշտ է գրանցվել, մեկ այլ կոճակ էր սեղմում եւ ընտրությունը համարում ավարտված։ Հետաքրքիր է, որ քվեախցիկներ չկային։ Եվ կողքից ցանկացած մեկը կարող էր նայել, թե ում օգտին է կատարվում քվեարկությունը՝ ոչ ոք չէր արգելում։ Անգամ բազմաթիվ օպերատորներ էլ նկարահանում էին այդ գործընթացը։ Մի հարցազրույցում այնտեղ ասացի, թե տպավորություն ունեմ, որ օպերատորները բնակչության կեսն էին կազմում, բոլոր տեղամասերում լիքը նկարահանողներ կային։ Այնտեղ չտեսանք վստահված անձանց կամ կուսակցությունների ներկայացուցիչների։ Հանձնաժողովները 3 անդամներ ունեին, որոնց աշխատանքը վճարվում էր։

Ասենք, Ռոտերդամում 100 դոլարի չափ էր այդ մեկ օրվա համար աշխատավարձը։ Քիչ չի, կողքից աշխատավարձ է։ Մեզ մոտ դա էլ չեն ստանում։ Այլ հետաքրքրական հանգամանք կար, որ այստեղ ձայնի փոխանցման իրավունք կար՝ ինչպես շատ ուրիշ երկրներում։ Մեր հիշեցումների նման թերթիկների վրա ընտրողը կարող էր գրել, որ քվեարկության իր իրավունքը փոխանցում է նույն տեղամասում այլ ընտրողի։ Սովորաբար ամուսիններն էին միմյանց փոխանցում այդ իրավունքը, եւ մի ընտրողը պաշտոնապես կարող էր երկու այլ ընտրողների փոխարեն քվեարկել։ Այսպես են լուծել նաեւ զինվորականների քվեարկության հարցը, որոնք ըստ իրենց բնակության վայրի են ցուցակների մեջ ընդգրկվում։ Բայց նրանք, ինչպես եւ այլ ընտրողներ, կարող էին շարժական ընտրատեղամասերում քվեարկել, որոնք գտնվում էին բանուկ ավտոճանապարհների վրա։ Եվ զինվորականն էլ կարող էր իր ձայնը փոխանցել։ Շատ կարեւոր էր, որ ողջ ընտրություններն անցկացնում էր ՆԳՆ-ն, իսկ վերահսկում՝ հանձնաժողովները։ Այսինքն, նույն մարմինը չէր ե՛ւ ընտրություններն անցկացնում, ե՛ւ իր վերաբերյալ բողոքներ ընդունում։ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների չհանդիպեցինք։ Եթե այնտեղ լինեին, իհարկե, կասեին, թե ընտրությունների գաղտնիությունը չէր պահպանվում, քանզի քվեախցիկներ չկային։ Մեզ մոտ խախտում էր համարվել, որ կինը ներկա էր եղել ամուսնու քվեարկությանը, իսկ այնտեղ դա պաշտոնականացված էր։ Մեզ հետ միասին հրավիրված էին Ղրղըզստանի, Ղազախստանի եւ նախկին խորհրդային պետությունների խորհրդարանների եւ ԿԸՀ- ների այլ ներկայացուցիչներ եւս։

Համընդհանուր տեսակետ էր, որ եթե մենք նման ընտանեկան, բաց ու թափանցիկ քվեարկություններ անցկացնեինք՝ հետագայում այս ամենը ԵԱՀԿ-ում երկար ու շատ կքննարկվեր։ Չնայած դրանք ԵԱՀԿ-ի չափանիշներին չէին համապատասխանի, բայց շատ լավ, ազատ ու արդար ընտրություններ էին, որոնք շատ հանգիստ ու տոնական մթնոլորտում անցան»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031