Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՈՏԵՆՑԻԱԼ ՀՅՈՒՐԸ ԵՎ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻ ՋՈՒՐԸ

Մայիս 29,1998 00:00
Arshak Sadoyan

Չորեքշաբթի օրը Ազգային ժողովում պատգամավոր Արշակ Սադոյանի այն հարցին, թե ինչո՞ւ է մեկ բնակչի օրական ջրի ծախսը համարվում 250 լիտր, քաղաքաշինության նախարար Ֆելիքս Փիրումյանը պատասխանեց, թե, եթե պրն Սադոյանն իրեն տուն հրավիրի, ինքը կապացուցի, որ նա իսկապես այդքան ջուր օգտագործում է։ Կենդանական աշխարհում զարմանահրաշ երեւույթներ իսկապես լինում են։ Ուղտն, օրինակ, կարող է միանգամից 60 լիտր ջուր խմել (ուրիշ բան, որ դրանից հետո մի երկու շաբաթ չի խմի)։ Բայց կարեւորն այդ չէ։

Ինչպե՞ս է արհեստավարժ նախարարն ապացուցելու, որ ա) Արշակ Սադոյանն օրական 250 լիտր ջուր է օգտագործում, բ) ողջ ազգաբնակչությունն օրական այնքան ջուր է օգտագործում, որքան Արշակ Սադոյանը։

Տարբերակ առաջին. հյուր գնալուն պես պրն Փիրումյանը մի լավ լողանալու է (Արշակենց տանը), ապա խմելու է մոտ 500 բաժակ թեյ, հետո լվանալու է ավտոմեքենան եւ հաղթականորեն վերադառնալու է տուն։

Տարբերակ երկրորդ. նախարարը հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությամբ, որի համաձայն պատգամավորները (հատկապես Արշակ Սադոյանը) պարտավոր են օրական նվազագույնը երկու ժամ լողանալ։

Տարբերակ երրորդ. բոլոր այն քաղաքացիներին, ովքեր գտնում են, որ ավելի քիչ ջուր են օգտագործում, նախարարը սպառնալու է հյուր գնալ։

Բայց եթե նույնիսկ նախարարին հաջողվի ապացուցել, որ վերոհիշյալ պատգամավորն այդքան ջուր է օգտագործում, մնում է անհասկանալի, թե ինչո՞ւ պետք է բնակչությունը վճարի 250 լիտրի համար միայն այն պատճառով, որ պրն Սադոյանն այդ օրը աղի ձուկ էր կերել։ Անհասկանալի է նաեւ, թե ինչպե՞ս պետք է չորս հոգանոց ընտանիքն օրական մեկ տոննա ջուր ծախսի, եթե մեկ-երկու ժամ է ջուր ունենում։ Ասում են, թե մեկ բնակչի օգտագործած ջրի ծավալը 250 լիտր հաշվելու համար որպես հիմք է ծառայել Հրանտ Խաչատրյանի օրինակը, որը նախընտրական շրջանում ձեռքերը լվանալու վրա հաստատ այդքան ջուր օգտագործել է։ Ասում են նաեւ, թե կան ոլորտներ, որտեղ իսկապես հսկայական ծավալներով ջուր է օգտագործվում, քանի որ շատերը բառացիորեն են հասկացել «փողեր լվանալ» արտահայտությունը։ Այնպես որ, 250 լիտրը մեզ դեռ քիչ է։

ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031