Պրոֆեսոր Սարգիս Անանյան (Երեւանի բժշկական համալսարան)՝ չարչրկված գործի առնչությամբ դատավարության տրագիկոմեդիան նկարագրելուց առաջ ավելորդ չեմ համարում նախ մի քանի նկատառումներ ներկայացնել։ Վերոհիշյալ գործի հետ առնչված եւ առնչվող որոշ պաշտոնյաներ մասնավոր զրույցներում առիթը բաց չեն թողնում «խայթել» մեզ՝ լրագրողներիս, եւ հեգնանքով հարցնել՝ այդքան գրեցիք պրոֆեսորի մասին, ինչի՞ հասաք, ոչ մի բանի էլ չեք հասնի։ Ի տարբերություն վերոհիշյալ պաշտոնյաների, մենք՝ լրագրողներս ուզում ենք հավատալ, թե, ի վերջո, օրենքն ու օրինականությունը պետք է կայանան եւ հարցերը պետք է լուծվեն ոչ թե անձնական համակրանքների կամ հակակրանքների, այլ՝ օրինականության սահմաններում։
Ուզում եմ հիշեցնել նաեւ, որ ամեն ինչ հարաբերական է, եւ եթե վաղը նույն պաշտոնյաները հայտնվեն պրոֆեսորի վիճակում, նույնպես ակնկալելու են 4-րդ իշխանության աջակցությունը։ Իբրեւ օրինակ բերեմ վերջերս աշխատանքից «իր դիմումի համաձայն» ազատված 8-րդ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կ. Սեկոյանի՝ գործազուրկի այսօրվա կարգավիճակը։ Իսկ այժմ դատավարության մասին։
Երեկ Էրեբունու ժողդատարանի դահլիճում կայացած դատավարության ընթացքում պատասխանող կողմի՝ բժշկական համալսարանի պահվածքը, ի դեմս փաստաբան Կարլեն Քամալյանի, ավելի քան տարօրինակ էր եւ իրավաբանին անհարիր։ Օրինակ, «ՀՀ» օրաթերթի աշխատակցուհուն պրն փաստաբանը ձեռքը մեկնելով բացականչեց. «Տո՛, դու ո՞վ ես»։ Այս պոռթկումը բավականին աշխուժացրեց դահլիճը։ «Ոտքի՛, դատարանն է գալիս», իսկ «դատարանը», ի դեմս ժողդատավոր Լյովա Սիմոնյանի, քարտուղարի եւ երկու կանանց, որոնք դատավարության հենց սկզբից դուրս եկան եւ այդպես էլ չվերադարձան, եկավ որոշ ուշացումով։ Դահլիճը համբերատար սպասում էր։ Ուշացման համար ներողություն խնդրելու փոխարեն հնչեց. «Ոտքի՛, դատարանն է գալիս» արտահայտությունը։ Այնուհետեւ սկսվեց դատավարությունը։
Դատավոր Լ. Սիմոնյանի խոսքի սկզբում ուզեցի ձայնագրիչը տեղավորել դատավորի մոտ, դատավարության ձայնագրությունն ունենալու եւ հետագայում օգտագործելու համար, որ հետո չասեն խոսքերն աղավաղված են։ Բայց դատավորը, չգիտեմ ինչու, «վախեցավ» ձայնագրիչներից եւ ասաց, թե մինչեւ սրանք (ձայնագրիչները- Մ. Ե.) դահլիճից դուրս չգան, ինքը դատավարությունը չի շարունակի։ Դատավոր Լ. Սիմոնյանը պահանջում էր, որ մենք՝ լրագրողներս, ցույց տանք այն օրենքը, որը թույլ է տալիս մեզ ձայնագրություն կատարել։ Մենք մատնանշում էինք մամուլի մասին օրենքը։ Իսկ պրն դատավորը ձայնագրիչն օգտագործել արգելող օրենքը չէր մատնանշում, քանի որ այդպիսին չկա։ Մանավանդ, որ քննարկվողը սովորական աշխատանքային հարց էր, եւ ընթանում էր զուտ քաղաքացիական դատավարություն։ Դահլիճի եւ դատարանի միջեւ երկխոսությունից հետո դատավարությունը սկսվեց առանց ձայնագրիչների։ Մինչեւ դատավարության ավարտը դատավորը դրանք պահեց իր աչքի առաջ։ Իսկ թե ինչո՞ւ էր հարգարժան դատավորն արգելում ձայնագրիչների օգտագործումը՝ իմացանք քիչ անց. «Հիմա հասկացա՞ք. որ թերությունները չերեւան»։ Իսկ վերջում իմացանք դատավորի իսկական կարծիքը լրագրողների մասին. «Էն, որ լրագրողների բանակը կարող է անել, հարցեր լուծել, չի կարող անել եւ ոչ մի դատավոր կամ դատարան»։
Կարդացեք նաև
Չենք ուզում ներկայացնել դատավարության ընթացքի մյուս մանրուքները եւ չենք ուզում ասել, թե դատավորն ինչպես էր նստած՝ ծուռ, թե շիտակ, թե ինչպես էր հորանջում, թե ինչպես էր գրառումներ կատարում եւ շատ տեղին փորձում պարզաբանել առաջացած հարցերը։ Չենք ուզում ասել նաեւ, թե ինչպես ժողդատավորն արդարացիորեն մերժեց բժշկական համալսարանի փաստաբանի այն բողոքը, թե պրոֆեսոր Անանյանը «բացականչություն» բառով վիրավորեց իրենց։ Սակայն, այդպես էլ պարզ չդարձավ (թերեւս ենթատեքստում հասկանալի էր), թե ինչպես պատահեց, որ մեկ շաբաթ առաջ պայմանավորված էր դատավարության օրը եւ ժամը եւ բժշկական համալսարանը չէր ասել, թե ինքը հնարավորություն չի ունենա մինչեւ վերջ մասնակցել դատավարությանը։ Բայց լսելով պրոֆեսոր Անանյանի շատ համոզիչ եւ հակառակ կողմի համար ոչ շահեկան խոսքը, բժշկական համալսարանի ներկայացուցիչները (մասնավորապես Կ. Քամալյանը) հայտնեցին, թե իրենք չեն կարող մասնակցել դատավարությանը, քանի որ անձնական գործեր ունեն։ Ժողդատարանն էլ անմիջապես համաձայնվեց, քանի որ, ըստ նրա, քննարկվողը քաղաքացիական գործ է եւ հակառակ կողմը լրիվ իրավունք ունի նման պահվածքի։
Ավելորդ անգամ պարզ դարձավ, որ հանրապետությունում դատաիրավական համակարգը չափազանց կաղում է եւ նրա բարեփոխումները խիստ հրատապ են։ Կառավարությունը նոր է, բայց դատարանը՝ հին։ Նոր կառավարության հետ մարդիկ հույսեր են կապում, ուզում են հավատալ, որ վարչապետը իր աշխատանքում ձգտում է առավել անկողմնակալ լինել։ Իր նոր ձեւավորվող վարկը չկորցնելու եւ մարդկանց վստահությունը շահելու համար նոր կառավարությունը պարզապես պարտավոր է անկողմնակալ լինել եւ այս կնճռոտ հարցին տալ վերջնական եւ արդարացի լուծում։
Դատարանի դահլիճում հնչած իր խոսքում պրոֆեսոր Անանյանը մասնավորապես ասաց. «Հայաստանի առողջապահական համակարգը ներկայացնում է մաֆիոզ կառույց իր կնքահորով եւ հովանավորով՝ պետական կառույցներում»։ Եթե, իրոք իրավական պետություն ենք կառուցում եւ ոչ թե աչքկապոցի ենք խաղում, ուրեմն ժողովրդական դատարանը պետք է առավելագույնս անաչառ լինի։ Դատավարությունը կշարունակվի եկող երկուշաբթի։ Կապրե՞նք մինչեւ երկուշաբթի։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ