Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Հովհաննիսյան. «Ես սեռական փոքրամասնություններին առաջարկում եմ գրանցվել»

Մայիս 28,1998 00:00

Նախկին նախագահի խորհրդականներից մեկն ասում էր, որ ինքը խորհուրդներ է տալիս հիմնականում իրենից խելոքներին։ Նոր նախագահի նոր խորհրդականներն առայժմ նման կատակներ կարծես չեն անում, եւ Վահան Հովհաննիսյանն էլ նախ չցանկացավ համապատասխան հարցին պատասխանել։

-Ի՞նչ խորհուրդներ եք տալիս նախագահին։ Ինչքան տեսնում՝ հարցնում եք. «Խորհուրդ տա՞մ», թե՞ որեւէ այլ մեխանիզմ կա խորհրդականի գործառույթներն իրականացնելու համար։

-Իսկ ինչո՞ւ որոշեցիք, թե համաձայնել եմ հարցազրույց տալ։

-Այդ դեպքում՝ երկրորդ հարցը։ Իբրեւ խորհրդական Դուք նաեւ այլադավանների հետ կապը պիտի իրականացնեք։ Սակայն դաշնակցության դիրքորոշումը աղանդավորների նկատմամբ միշտ միանշանակ բացասական է եղել՝ ջարդել, փշրել, արգելել, ոչնչացնել։

-Դաշնակցությունը ոչ մեկի նկատմամբ նման մոտեցումներ երբեք չի դրսեւորել։ Դրանք ձեր պատկերացումներն են, որոնք, համաձայնեք, իրականությանը կարող են եւ չհամապատասխանել։

-Իսկ ինչպես արեւմտյան ու ժողովրդավարական պետություններում է՝ չե՞ք պատրաստվում սեռական փոքրամասնությունների շահերն էլ պաշտպանել։

-Թող գան, դիմեն, կքննարկենք նրանց իրավունքների շրջանակներն ու սահմանները։ Ոչ ոք նրանց չի արգելում՝ Հայաստանի քաղաքացիներ են։ Քանի որ բանտում եմ եղել՝ մանավանդ ինձ ծանոթ են հայերի մոտեցումները, որ շատ բարբարոսական են այս հարցում։ Երեւի սա պատմական ինչ-ինչ բացատրություններ կունենա։ Ճիշտն ասած, իմ աշխատանքային պարտավորությունների շրջանակի մեջ սեռական փոքրամասնությունները չեն մտնում, քանզի Հայաստանում նրանք գրանցված չեն։ Ես սեռական փոքրամասնություններին առաջարկում եմ գրանցվել՝ արվամոլները կամ, ասենք, լեսբիական սիրո երկրպագու աղջիկները կարող են արդարադատության նախարարություն դիմել։ Եվ եթե գրանցվեն՝ այդ ժամանակ էլ կխոսենք այդ կազմակերպությունների ղեկավարների հետ եւ կարող ենք նրանցով զբաղվել։

-Դուք զբաղվում եք կրոնական եւ ազգային փոքրամասնությունների հարցերով։ Ահա այժմ էլ պատրաստակամություն հայտնեցիք գրանցվելու դեպքում նաեւ սեռական փոքրամասնությունների խնդիրներով զբաղվել։ Սակայն թվում էր, թե սրանք ավելի շատ ոչ թե Ձեր, այլ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով նախագահի խորհրդական Պարույր Հայրիկյանի ոլորտի հարցեր են։

-Տեսեք, եթե սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներից որեւէ մեկն իբրեւ քաղաքացի իրեն ճնշված զգա՝ կարող է դիմել Պարույր Հայրիկյանին կամ այդ հանձնաժողովի անդամներին, ասենք, Հովհաննես Ասրյանին (վերջինս նախկինում Վահան Հովհաննիսյանի դատապաշտպանն էր- Ա. Ի.)։ Իսկ եթե նրանք իրենց իբրեւ կազմակերպություն ճնշված զգան՝ կարող են ինձ դիմել։ Բայց քանի որ, կրկնեմ, գրանցված այդպիսի կազմակերպություններ առայժմ չունեն՝ նրանց մնում է առանձին-առանձին դիմել Պարույր Հայրիկյանին, եթե նրանց քաղաքացիական իրավունքները ոտնահարվել են։

Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031