«Նախկին իշխանությունները ոչ միայն թալանել են մեր երկրի անցյալը, նրա ներկան, այլեւ մեր երեխաների, թոռների ապագան, որովհետեւ այդ պարտքերը նրանք են վճարելու:
-Դուք կցանկանայի՞ք ներգրավվել ժամանակավոր հանձնաժողովում։
-Ես արդեն հայտնել եմ իմ համաձայնությունը, որովհետեւ իսկապես դա լուրջ հարց է։ Դա իմ, Ձեր, բոլորիս երեխաների ապագայի հարցն է»։
ԱԺ պատգամավոր, ԱԺՄ վարչության անդամ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻ հետ հարցազրույցից, «ՀՀ», 27 մայիսի
Կարդացեք նաև
Եղիշե Չարենցը, ասում են, շուռ է եկել գերեզմանում եւ վերափոխել իր հանրահայտ տողերը. «Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո Արշակ Սադոյանի ներգրավվելն է ժամանակավոր հանձնաժողովում»։
ԵՂԻՑԻ ԱԹԱՐ
«1990-97թթ. էներգետիկ ճգնաժամի պատճառով գոմաղբը դարձել է աթար»։
ՎԼԱԴԻՄԻՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ ՀՀ գյուղատնտեսության նախարար, «Իրավունք», թիվ 22
Թող չվշտանա պրն Մովսիսյանը. սերը նույնիսկ աթարին է կպչում։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Աշխարհում ամենաէժան տրանսպորտային միջոցը խողովակն է, որի միջոցով ջուրը տեղափոխվում է»։
ՖԵԼԻՔՍ ՓԻՐՈՒՄՅԱՆ ՀՀ քաղաքաշինության նախարար, «ՀՀ», 22 մայիսի
Ջրի սոցիալական վիճակը էլ ավելի թեթեւացնելու նպատակով մի խումբ պետական գործիչներ եւ բարձր պաշտոնյաներ առհասարակ հրաժարվել են խմել այն։ Ավելին՝ պատերազմի վետերան, թոշակառու, ինչպես նաեւ հաշմանդամության կարգ ունեցող ջրերի համար սահմանվել է զոհված եւ անհայտ կորած խողովակներով անվճար երթեւեկելու իրավունք։
ԱԶՆԻՎ ԱՐԱՐՔ
«Կյանքում մեկ սկզբունք ունեմ. անել այն, ինչ ներում է իմ հնարավորությունը»։
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ՀՀ նախագահի խորհրդական, «Երկիր», 20 մայիսի
Այս խոստովանությունից օրեր անց մեր խմբագրություն այցելեց Արամ Սարգսյանի հնարավորությունը եւ վկայեց, որ, իրոք, նախագահական ընտրությունների օրը Արամ Սարգսյանը ներողություն է խնդրել իրենից։ Բայց, քանի որ ինքը խիստ զայրացած է եղել՝ այսպիսի վերջնագիր է ներկայացրել նրան. «Կամ կներեմ քեզ, դու նախագահ կդառնաս եւ ոչ մի սկզբունք էլ չես ունենա, կամ չեմ ների, եւ նախագահ չես դառնա»։ Արամ Սարգսյանը համաձայնել է երկրորդ տարբերակին։
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ