Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներկայիս կառավարության հետագա գործունեությունն անիմաստ է»

Մայիս 28,1998 00:00
Murad Petrosyan

Լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում շեշտեց Մուրադ Պետրոսյանը

ԼՂՀ Ազգային ժողովի անվտանգության պետական շինարարության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մուրադ Պետրոսյանը մայիսի 27-ին ճեպազրույց է անցկացրել լրագրողների հետ հանրապետությունում առկա ներկառավարական ճգնաժամի առնչությամբ իր դիտարկումները ներկայացնելու նպատակով։ Հանձնաժողովի նախագահը նախեւառաջ նշեց, որ ժողովրդի մոտ, ինչպես նաեւ ղեկավարության շրջանում հետզհետե աճում է դժգոհությունը կառավարության գործունեությունից, ինչը փաստվեց սոցիոլոգիական հարցման արդյունքներով (100 մարդուց միայն 5-ն է դրական գնահատել կառավարության գործունեությունը)։ Ըստ Մ. Պետրոսյանի, այսօրվա պայմաններում գործադիր իշխանության աշխատանքը չի համապատասխանում ժամանակի պահանջներին, քանի որ ծառացել է ոչ ստանդարտ մեթոդներով աշխատելու հրամայականը։ Մշտապես պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ առայժմ թույլ, սակայն տնտեսական մեծ ներուժ եւ զարգացման հեռանկարներ ունեցող հակառակորդին գերազանցելու համար ԼՂՀ-ն պետք է զարգանա առաջանցիկ տեմպերով։ Իսկ դրա համար պահանջվում է ուժերի գերլարում։

Արեւմտյան, ռուսական, ինչպես նաեւ ԵԱՀԿ փորձագետների բնութագրմամբ Հայաստանն իրենից ներկայացնում է թույլ ներուժ ունեցող պետություն. այս միտքը կրկնել է նաեւ Վանո Սիրադեղյանը՝ ասելով, որ Հայաստանի Հանրապետության էքս-նախագահը Ռոբերտ Քոչարյանին Հայաստան է հրավիրել համոզելու, որ Հայաստանը թույլ է Արցախին սատարելու համար։ Մ. Պետրոսյանը կտրականապես ժխտեց նման տեսակետը, պնդելով, որ դա մտացածին է, քանի որ այստեղ զարգացման հնարավորություններն առկա են, մնում է դրանց ճիշտ օգտագործումը։ Մեկնաբանելով կառավարության գործունեության մեջ կտրուկ շրջադարձ կատարելու վերաբերյալ իր դիրքորոշումը, նա ասաց. «Զինադադարի պայմաններում առավել մեծ ուշադրություն պետք է դարձնել խաղաղ, ստեղծագործ աշխատանքին։ Մենք պարտավոր ենք խթանել տնտեսության զարգացումը, իսկ դրան կարելի է հասնել ոչ ստանդարտ աշխատաոճով։ Պահանջվում են նոր մոտեցումներ, ուժեղ եւ շնորհալի անհատականություններ»։

Նրա խոսքերով՝ վերոհիշյալ խնդիրը անձերի հետ կապված չէ, այլ սկզբունքային փոփոխությունների հարց է, որը պետք է նպատակաուղղվի ներքին քաղաքականության փոփոխությանը։ «Առավոտի» այն հարցին, թե ինչպես է այդ ամենին նայում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը՝ Մ. Պետրոսյանը պատասխանեց այսպես. «Իմ տվյալներով նախագահն ընդունում է այս տեսակետը եւ համամիտ է կառավարության գործունեության մեջ շրջադարձ կատարելու գաղափարին»։

– Կա՞ն արդյոք երաշխիքներ, որ կառավարությունն ի վիճակի կլինի կատարել այդ առաքելությունը,- լրագրողներից մեկի այս հարցի առնչությամբ անվտանգության եւ պետական շինարարության հանձնաժողովի նախագահը նկատեց, որ սկզբունքային նշանակություն ունեցող գաղափարների 80-90%-ը առաջադրվել է պաշտպանության նախարարի կողմից։ Որ նա հենց դրանց կենսագործման առաքելության գիտակցումով է մոտենում հիմնահարցին։ Միայն նա է տեսնում ստեղծված իրավիճակից դուրս գալու իրական ուղիները։ Եզրափակելով միտքը պրն Պետրոսյանն ասաց. «Նման իրավիճակում այլեւս անիմաստ է գործադիր իշխանության հետագա գործունեությունը։ Կառավարությունը պետք է անպայման հրաժարական տա»։

ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031