Ամբողջ աշխարհում իշխանավորներն ու պաշտոնյաները ձգտում են կոծկել ճշմարտությունը հասարակությունից եւ, հետեւաբար, մամուլից՝ այս կամ այն սուտը հորինելով: Եվ, իհարկե, իրենց ստերը պաշտոնյաներն արդարացնում են ոչ թե սեփական ստամոքսի, գրպանի կամ աթոռի նկատմամբ անսահման նվիրվածությամբ, այլ միմիայն ազգային եւ պետական բարձր շահերով: Դրա համար կան հատուկ բանաձեւեր. ցանկացած բացասական երեւույթի մասին պատմող տեղեկատվություն «փչացնում է պետության միջազգային իմիջը», «ձեռնտու է մեր հակառակորդներին» եւ այլն:
Այսինքն, եթե պաշտոնյաները իրար միս են ուտում, կաշառք են վերցնում, պետական միջոցներ են յուրացնում եւ ընդհանրապես դուրս են գալիս պարկեշտության ու կուլտուրայի սահմաններից, ապա դա ինքնին «իմիջ» չի փչացնում եւ թշնամիներին չի ուրախացնում: Դա տեղի է ունենում՝ միայն տվյալ տեղեկատվությունը հասարակությանը հասցնելուց հետո: Եվ, բնականաբար, աշխարհի բոլոր երկրներում նման լուրերին հակազդելու համար հնարվում են վարկածներ, որոնք կոչված են ինչ-որ ձեւով սքողելու իրականությունը:
Զարգացած եւ ոչ զարգացած երկրների տարբերությունն այն է, թե որքան արհեստավարժ ձեւով է դա արվում: Խնդիրն այն է, որ ճշմարտությունը մեկն է, իսկ ստերը կարող են հազար ու մի ձեւի լինել: Քաղաքակիրթ աշխարհում /ասենք, ԱՄՆ-ում/ աշխատանքի սկզբունքը հետեւյալն է. կա մեկ համակարգող մարմին, որն այս կամ այն վիճահարույց հարցի վերաբերյալ հնարում է մեկ սուտ: Բոլոր պաշտոնյաները պարտավոր են այդ սուտը կրկնել, դրանից ոչ մի քայլ չշեղվելով: Զարգացող երկրներում կազմակերպվածության այս աստիճանը չկա, եւ այդ պատճառով էլ տարբեր պաշտոնական աղբյուրներ նույն հարցի վերաբերյալ տարբեր ստեր են արտաբերում: Օրինակներ թույլ տվեք չբերեմ /որ երկրիս թշնամիները շատ չուրախանան/: Փոխարենը թեսթ ենք առաջարկում. ի՞նչն է պատճառը, որ մեր կառավարությանը, իրավապահ մարմիններին եւ Ազգային ժողովին ոչ մի կերպ չի հաջողվում պարզել, թե ով եւ որքան է Հայաստանում յուրացրել մեր պետության կողմից ստացած միջազգային վարկերը:
Արհեստավարժ եւ միասնական ստի հույսով՝ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ