Երկրից Ամենայն Հայոց կաթողիկոսի անակնկալ մեկնումը ոչ միայն հակասական ենթադրությունների առիթ հանդիսացավ, այլեւ մեկ անգամ եւս հանրության ուշադրությունը բեւեռեց Եկեղեցուն, ուր այս օրերին ընթացող զարգացումներն ու խմորումները ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ազդակների կնիքն ունեն։ Նախ՝ Գարեգին Առաջինի արտերկիր մեկնելու փաստի շուրջ։
Գուցե թե զուգադիպությունների ու դիպվածների շղթան այս անգամ անհամեմատ երկար էր, բոլոր դեպքերում մարդիկ սկսեցին զանազան ենթադրություններ անել՝ իրենց վարկածները հասցնելով երբեմն աբսուրդի աստիճանի։ Պիտի որ աննկատ չմնար Վեհափառի բացակայությունը Մեծ եղեռնի 83-ամյակի արարողություններին, ինչպես նաեւ հաղորդումն այն մասին, թե կաթողիկոսը չի մասնակցի Սարդարապատի հերոսամարտի 80-ամյակի տոնակատարություններին եւս։ Նրանք, ովքեր կարծում են, որ հոգեւոր առաջնորդի համար գլխավորը պետք է լինեն համազգային նշանակության տարեդարձերը, այլ ոչ թե ամերիկահայ թեմի մեկդարյա հոբելյանը, այս բացակայության մեջ սկսել են այլ նրբերանգներ որոնել։ Բանը հասել է այնտեղ, որ ոմանք չեն խուսափում պնդել, թե Գարեգին Ա կաթողիկոսին ուղղակի աքսորել են Հայաստանից։ Տրամադրությունը չշտկվեց նույնիսկ Մայր Աթոռի տարածած այն հաղորդագրությունից հետո, որում նշվում էր կաթողիկոսի բուժման նպատակով երկրից մեկնելու հանգամանքի մասին։ Իսկույն գտնվեցին անսպառ երեւակայության տեր մարդիկ, որոնք զուգահեռներ գտան Վեհափառի հիվանդ լինելու պարագայի եւ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի պաշտոնաթողության դրդապատճառների միջեւ։
Ժողովրդական բանահյուսության ողջ պաշարը չշարադրելու համար, միանգամից ասենք, որ Գարեգին Առաջինն իսկապես նախ Լոնդոն, իսկ այնուհետեւ Նյու Յորք է մեկնել բերանի խոռոչում առաջացած գոյացումները բուժելու նպատակով։ Պնդումներն այն մասին, թե կաթողիկոսի առողջական վիճակը ներկայումս բավարար է, փոքր-ինչ չափազանցված են։ Իրականում բուժման ընթացքը դեռ կշարունակվի մինչեւ հունիսի վերջ։ Այժմ նա ճառագայթներ է ընդունում, եւ բժիշկները խոստացել են լիարժեք ու վերջնական ապաքինում։ Միայն թե նրա ներկա ինքնազգացողության մասին է վկայում այն հանգամանքը, որ Վահափառը հրաժարվել է Կանադա կատարելիք նախօրոք ծրագրված ուղեւորությունից։ Ասում են նաեւ, որ հայրենիքից հեռու կաթողիկոսն իրեն զգում է առույգ եւ նույնիսկ մի փոքր լցվել է։ Բոլոր դեպքերում, խանդավառությամբ մասնակցել է ամերիկահայ թեմի հոբելյանական բոլոր միջոցառումներին։ Սա՝ նրբանցքային խոսակցությունների եւ իրականության մասին։ Բայց կա այս կարգի շշուկների մեկ այլ շերտ, որը հասնում է անգամ եկեղեցու վերնախավի աշխատասենյակները։
Ոմանք այստեղ Վեհափառի անսպասելի մեկնումը բացատրելու շարժառիթների շարքում չեն ժխտում այնպիսի մի ակնհայտ հանգամանք, ինչպիսին է Սարդարապատի եւ Առաջին Հանրապետության հռչակման տոնակատարությունների կազմակերպման աշխատանքներում եկեղեցու մասնակցության անտեսումը։ Հոբելյանական հանձնաժողովում չէր ընդգրկված ոչ մի բարձրաստիճան հոգեւորական։ Ըստ որոշ լուրերի, իշխանություններին չի հասել նաեւ Կրոնի գործերով խորհուրդի միջոցով փոխանցված Էջմիածնի առաջարկությունների ծրագիրը։
Կարդացեք նաև
Հայաստանի անկախացումից ի վեր սա թերեւս առաջին դեպքն է, երբ համազգային շուքով նշվող իրադարձության ժամանակ մոռացվում է եկեղեցին։ Ինչո՞ւ։ Այս հարցին պատասխանների բազմաթիվ տարբերակներ են հնչում։ Սակայն հոգեւոր դասի ներսում առավել մասսայականություն վայելող պատասխանը շատ ավելի խոր արմատներ ունի։ Մեր առանձնազրույցների ժամանակ մասնակիցները բազմիցս հոլովեցին Դաշնակցության անունը եւ, ըստ էության, ոչ պատահաբար։ Հանրահայտ է, որ ՀՅԴ-Էջմիածին հակասությունը տասնամյակների պատմություն է ունեցել՝ վերածվելով Անթիլիաս-Էջմիածին մրցակցության։ Եվ այսօր, երբ երկրում իշխանության փոփոխությունից եւ Դաշնակցության գործունեության կասեցումը վերացնելուց հետո ՀՅԴ-ն իշխանության ներսում ազդեցիկ դիրք է գրավել, եկեղեցու վերնախավում գերիշխող է դարձել այն տպավորությունը, թե ՀՅԴ-ն միտում ունի զորակցելու Անթիլիասին՝ ի հակակշիռ՝ Էջմիածնի։ Ասվածը հիմնավորելու համար փաստերի պակաս այստեղ չեն զգում։ Լավագույն օրինակներից մեկը բոլորովին վերջերս ԱՄՆ-ի Արեւելյան թեմի նոր առաջնորդի ընտրություններն էին։
Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանը, որի հանդեպ Գարեգին Առաջինն առանձնակի համակրանք է տածում եւ որին, ժամանակին վստահում էր առավել պատասխանատու աշխատանքները, պաշտոնավարության շրջանի ավարտից հետո հանկարծ հայտարարեց, որ չի պատրաստվում իր թեկնածությունը վերստին առաջադրել։ Նման որոշումները հենց այնպես չեն կայացվում։ Չար լեզուները պնդում են, թե դա եղել է հարկադրական քայլ, եւ Մեսրոպ սրբազանը տեղի է տվել այդ տարածքում մեծ ազդեցություն ունեցող դաշնակցականների ճնշմանը։ Նույն աղբյուրների համաձայն, սրբազանի նկատմամբ անբարյացակամության հիմնական պատճառներից մեկը եղել է այն, որ ՀՅԴ գործունեության կասեցման ժամանակ Մեսրոպ արքեպիսկոպոսը շարունակում էր համագործակցել Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության հետ՝ ամեն կերպ օժանդակելով Հայաստանին։ Արդյունքում՝ Արեւելյան Ամերիկայի եւ Կանադայի ազգային երեսփոխանական ժողովը թեմի նոր առաջնորդ ընտրեց դաշնակցության թեկնածու Օշական եպիսկոպոս Չոլոյանին։ Նման մոտեցում ու հետեւողականություն ուրիշ թեմերում եւս այսօր նկատելի է։ Բայց, վերանալով առանձին դեպքերից, փորձենք հարցին նայել մեկ ուրիշ տեսանկյունից։ Հասկանալի է, որ եկեղեցին անջատ է պետությունից։ Սակայն սա դեռ չի նշանակում, թե եկեղեցին դուրս է պետությունից։ Իսկ մեր պարագայում այլեւս գաղտնիք չէ երկու կողմերի առնչությունների շրջանակը։ Այդ իսկ պատճառով, եթե գնահատելու լինենք եկեղեցու նկատմամբ ներկա իշխանությունների վերաբերմունքը, ապա դա կարելի է բնորոշել երկու բառով. վերաբերմունքի բացակայություն։
Ընդգծված դիրքորոշում չունենալու հանգամանքը չեն ժխտում նաեւ հոգեւոր հայրերը։ Ավելին, այսօր նրանք նույնիսկ հարմար չեն համարում զուգահեռ տանել նախորդ եւ ներկա իշխանությունների մոտեցումների միջեւ։ Իսկ այդ անորոշության մթնոլորտում հարաբերությունների ճշտումը պիտի որ հանգեցնի որոշակի լարվածության։ Եկեղեցին այսօր հայտնվել է ճգնաժամի հաղթահարման ճանապարհին։ Մեղավորներ կարելի է փնտրել ինչպես դրսում, այնպես էլ ներսում։ Ինքնակառավարման հստակ մեխանիզմների ու կառույցների բացակայությունը վարակում է անլիարժեքությամբ, իսկ այս ու այն թեմերում հաճախակի ծագող պրոբլեմներն ու իրավիճակները մշտապես երկրորդ պլանում են պահում էականը։
չեն խաղաղվել կրքերը Թուրքիո Հայոց պատրիարքի ընտրությունների շուրջ, իսկ արդեն նոր անակնկալ է մատուցում Գերմանիո Հայոց թեմը։ Ի դեպ, այս մասին մի փոքր ավելի մանրամասն, քանի որ միջադեպը, ցավոք, եզակի չէ։ Վերջերս Քյոլնի առաջնորդարանում քննարկվեց տեղի հայ համայնքների հոգեւոր հովիվ Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հարցը։ Հայր Սուրբը թեմական կանոնադրության խախտումների պատճառով որոշ ժամանակ զրկվել էր պաշտոնավարելու իրավունքից։ Իսկ խախտումները սովորական չէին։ Վարդապետը որոշել էր իր ուժերը փորձել նաեւ եկամտաբեր բիզնեսում՝ կլորիկ մի գումար ներդնելով տեղի ռեստորաններից մեկի գործունեության մեջ։ Հայր Սուրբը նույնիսկ չզղջաց իր արարքի համար, եւ հետեւաբար ժողովը որոշեց նրան վտարել թեմից։
Հատկանշական է, որ կատարվածը ոչ բոլորի կողմից է միանշանակ ընկալվում։ Այսօր մեր եկեղեցու նյութական վիճակն աննախանձելի է։ Հոգեւորականները սիրում են կրկնել, թե հավատացյալների 3 տոկոսին ներգրավող ավետարանչական եկեղեցին շատ ավելի մեծ միջոցների է տնօրինում, քան այդ հարցում գերազանցություն ապահովող առաքելականը։ Իսկ դա երկրորդական հանգամանք չէ, եթե հաշվի առնենք նաեւ եկեղեցու նկատմամբ ժողովրդի վերաբերմունքում նկատվող անկումային տրամադրությունները։ Եվ ոչ էլ պատահական են մերթընդմերթ հնչող այն տեսակետները, թե Հայաստանը շտապել է խղճի ազատության մասին միջազգային կառույցների կողմից պարտադրված դրույթների ու սկզբունքների որդեգրման հարցում, քանի որ երկիրը դեռ լիովին պատրաստ չէր այդ ոլորտի ազատականացմանը։ Եվ որքան էլ կրկնենք, թե դրանք վիճարկելի կարծիքներ են, այնուհանդերձ, հոգեւոր դաշտի ներկայիս վիճակը մղում է լուրջ խորհրդածությունների ու մտահոգության։
ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ