Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱՅԻՍԻ 25. ՔՇՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐ

Մայիս 26,1998 00:00
kanaz

Մայիսի 30-ին նախատեսվում է «Կանազ» ՓԲԸ-ի պարտքերը մարելու համար աճուրդով վաճառել «Կանազ» մշակույթի պալատը։ Ընկերությունը հսկայական պարտքեր ունի պետությանը, եւ դրանք ենթադրում են մարում։ Սակայն ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը գտնվում է պետության ձեռքում եւ բաժնետերերի խորհրդում էլ, բնականաբար, վճռական ձայնի եւ որոշումներ ընդունելու հնարավորությունը պատկանում է կառավարության ներկայացուցիչներին։ Այսինքն՝ իրականում խնդիրը ոչ թե «Կանազ» ՓԲԸ պարտքերի մարումն է, այլ բյուջեն հերթական շինությունը վաճառելով լցնելու անկասելի ցանկությունը։ Իսկ որպես մեկնարկային գին սահմանվել է 410 միլիոն դրամը։

Հիշեցնենք, որ բազմաթիվ գործարաններ վաճառվել են մի քանի անգամ ավելի ցածր գնով։ Մշակույթի պալատում գործում են բազմաթիվ խմբեր եւ համույթներ, շուրջ 400 երեխաներ են հաճախում այդ խմբերի դասերին, իսկ վաճառքից հետո, անհայտ է, թե ինչի կվերածվի այն։ Մշակույթի պալատի տնօրինությունը ենթադրելով, որ իշխանության են եկել ազգային ուժեր, որոնք շահագրգռված պետք է լինեն ազգային մշակույթի զարգացմամբ, դիմումների փաթեթ են հղել մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանին եւ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ խնդրելով թույլ չտալ աճուրդի իրականացումը։ Երեկ մշակույթի պալատի սաներն ու նրանց խմբավարները հավաքվել էին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում եւ իրենց կազմակերպած համերգով փորձում էին խնդրին ականջալուր դարձնել նաեւ մեր խորհրդականներին, երեւի ձգտելով նրանց ազատել այդ փաթեթը կարդալու դժվարություններից։

Մի քանի համերգային ծրագիր կատարելուց հետո երեխաները շարժվեցին դեպի Դեմիրճյան փողոցի վրա գտնվող ԱԺ մուտքը եւ նույն կազմակերպվածությամբ եւ ոգեւորությամբ շարունակեցին իրենց համերգը։ Նրանք փակել էին փողոցը, սակայն վարորդները ըմբռնումով շրջադարձ էին կատարում եւ հեռանում։ Միայն մի եվրոպացի վարորդ ԵԱՀԿ-ի տարբերանշաններով 008 D 12 համարանիշով իր մեքենան համառորեն քշում էր երեխաների վրա եւ վնասեց աղջիկներից մեկի ոտքը։ Եվրոպացի վարորդին չկարողացավ կանգնեցնել նույնիսկ հայ ոստիկանը, եւ նա շարունակեց իր ճանապարհը։ Ի դեպ, մուտքի մոտ հավաքված 6-7 ոստիկանները (շարքային) շատ հաճույքով էլ դիտում էին համերգը։ Կես ժամ շարունակվող ելույթը կարծես թե տվեց իր դրական արդյունքը, եւ երեւաց ԱԺ առաջին ներկայացուցիչը՝ Գրիգորի Թանանյանը, որին, բանակցելու համար, մոտեցավ մշակույթի պալատի տնօրեն Մանվել Սարիբեկյանը։ Սակայն այդ նույն պահին Բաղրամյան փողոցից մի քանի ոստիկանական մեքենաներ մոտեցան։ Մեքենաներից դուրս եկածները միայն բարձրաստիճան սպաներ էին։

Երեւանի քաղաքային վարչությունից ներկայացած գնդապետ Հովհաննիսյանը պոկեց եւ իր ձեռքով լռեցրեց միկրոֆոնը, իսկ հետո, Մանվել Սարիբեկյանի որովայնին եւ կողքերին մի քանի հարվածներ հասցնելուց հետո, նրան դեպի ոստիկանական մեքենան էր փորձում ուղեկցել։ Այդ փորձը կանխեց նախ նրա եղբայրը՝ ավտովթարից ոտքի կոտրվածքներ ստացած Սամվել Սարիբեկյանը (Շռամ Սամո)։ Սամվելի «Էս ո՞ւմ ախպորն եք տանում։ Արա՛, արդեն սկսել եք մեզ բռնե՞լ» հարցերին գնդապետ Հովհաննիսյանը պատասխանեց. «Արդեն բառը չասես»։ Ապա առաջացած քաշքշուկին միջամտեցին կանայք իրենց անեծքներով. «Թալանեցիք, էս երկիրը կերաք, մեզ էլ կերե՛ք, պրծնենք»։ «Ձեր երեխաները ապահովված են, արտասահմանում են սովորում, մեր երեխաներն էլ փողոցում են մնում»: Սրանց Արաբկիրի ոստիկանապետ Արմեն Մխիթարյանը պատասխանեց հայհոյանքով։

Սակայն այս քաշքշուկն ունեցավ իր դրական հետեւանքը. Մանվել Սարիբեկյանը չձերբակալվեց, իսկ Սամվելը բղավեց՝ «Ռոբերտին կասեք, որ Շռամ Սամոն էր կազմակերպել, չեմ թողնի, որ երեխաներին փողոց գցեք»։ Ինչեւէ, նոր իշխանությունների օրոք կազմակերպված առաջին խաղաղ-համերգային ցույցը ստացավ ոստիկանական կոպիտ արձագանք, կանանց եւ երեխաներին «լցրեցին» ավտոբուսները եւ «մաքրեցին» փողոցը։ Գնդապետ Հովհաննիսյանը խորհուրդ տվեց. «Էս կազմով գնացեք Ենգոյանի տան մոտ միտինգ արեք, այստեղ ինչի՞ եք հավաքվել»։

Ոստիկանների մեջ ճանաչեցի նաեւ փոխնախարար Հովհաննես Վարյանին, իսկ մարդու իրավունքների պաշտպան Պարույր Հայրիկյանն այդպես էլ չպաշտպանեց երեխաների իրավունքները։ «Նրա երեխաները Ամերիկայում են կրթություն ստանում».- դեռ ցույցի սկզբում ասել էր ծնողներից մեկը։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031