Լրահոս
Օրվա լրահոսը

LET IT BE կամ արտառոց ոչինչ չկա

Մայիս 26,1998 00:00
Aram Abrahamyan

Հավանաբար, սա այն դեպքն է, երբ պետք է կրկնել հայտնի բանաձեւը. հեղինակների կարծիքները միշտ չէ, որ համընկնում են խմբագրության դիրքորոշման հետ։ Մասնավորապես, իմ անձնական դիրքորոշման ելակետը ճիշտ հակառակն է. արքա (եթե, իհարկե, խոսքը երկնային Արքայի մասին չէ) կարող է դառնալ միմիայն արքայադավը, եւ այդպիսիք են մարդկության ձեւավորման առաջին իսկ պահից առ այսօր աշխարհի բոլոր (անխտիր՝ բոլոր) արքաները։ «Դավադրություն» բառը որպես բարոյական գնահատական կիրառելի է նորմալ մարդկային հարաբերությունների համար։ Սակայն քաղաքականությունը կամ, ավելի պարզ ասած, իշխանության ձգտումը՝ ճնշելու, պատժելու, բարիքներ ու պաշտոններ բաժանելու տենչը, իմ կարծիքով, ակնհայտ շեղում է նորմայից եւ արդեն իսկ «դավադրություն» է մարդկային էության հանդեպ։ Մենք՝ նորմալ մարդիկ, չենք կարող դատել նրանց՝ քաղաքական գործիչներին, ճիշտ այնպես, ինչպես 19-րդ դարի եվրոպացի ճանապարհորդը չէր դատում Պոլինեզիայում ապրող վայրի ցեղերին՝ իրենց բարքերի համար, այլ պարզապես նկարագրում-արձանագրում էր։

Ուրեմն արձանագրենք. 1. Նեոլիթի շրջանի դավադրություն. «Լսիր, Նգոգո,- ասում է իշխանության ձգտող Մբուբուն,- էս մեր առաջնորդ Չկիկիի շամանությունից վերջերս բան դուրս չի գալիս։ Երեք ամիս է՝ անձրեւ չկա, էս անտեր դինոզավրերն էլ հոգիներս կերան, իսկ մամոնտների որսը նորմալ չի կազմակերպվում։ Ժամանակն է Չկիկիին փոխել, մանավանդ որ, ասում են, նրա միսը շատ համեղ է»։ Նգոգոն համաձայնում է, նրանք գավազանով սպանում են Չկիկիին, գցում են չանի մեջ, եփում են եւ ուտում։

2. Ֆեոդալական շրջանի դավադրություն. այստեղ իմ նկարագրություններն ավելորդ են, որովհետեւ դրանք զիջելու են Ալեքսանդր Դյումայի կամ Մորիս Դրյուոնի վեպերին։

3. Դեմոկրատական դավադրություն. «Լսի՛ր, Ջո՛ն,- ասում է իշխանության ձգտող Բիլ Քլինթոնը միլիոնատեր Ջոնին,- էս ծերուկ Բուշը վերջը երկիրը քանդելու է՝ «Խզբոլահի» հախից ոչ մի կերպ չի կարողանում գա, արաբներին ու հրեաներին չի բարիշացնում, իսկ Իրանի հարցում ընդհանրապես պարտվողական քաղաքականություն է որդեգրել։ Տուր ինձ ընտրությունների համար 100 միլիոն։ Եթե պրեզիդենտ դառնամ՝ քեզ լավ կնայեմ»։

4. Կոմունիստական դավադրություն. «Լսի՛ր, Անաստաս Իվանիչ,- ասում է իշխանության ձգտող Խրուշչովը,- էս Լավրենտի Պավլովիչը սրիկա է ու մարդասպան։ Մենք պարտավոր ենք նրան ոչնչացնել, դրանով իսկ վերականգնելով կուսակցական ղեկավարման լենինյան նորմերը։ Բանակն ու ԿԳԲ-ն մեր կողմից են»։ «Լսիր, Միխայիլ Անդրեւիչ,- ասում է իշխանության ձգտող Բրեժնեւը, էս Խրուշչովն անտանելի է դարձել իր վոլյունտարիզմով, պետք է Կենտկոմի պլենում հավաքել եւ նրան հանել։ Բանակն ու ԿԳԲ-ն մեր կողմից են»։ Եվ այլն, եւ այլն։

Հեղինակի մնացած պնդումները չեն մեկնաբանվում։ Դրանք ընդամենը ենթադրություններ են, որոնք ապացուցելու համար ծանրակշիռ փաստեր բերված չեն։

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031