«Վերջին իրադարձություններն ապացուցեցին, որ երկու հայկական պետությունների առկայությունը վտանգավոր է»։
ԲԱԳՐԱՏ ԱՍԱՏՐՅԱՆ ՀՀ բանկերի ասոցիացիայի նախագահ, «Հայք», 22 մայիսի
Այսուհանդերձ՝ հուսանք, որ հայկական երկու պետությունները չեն սպառնա միմյանց տարածքային ամբողջականությանը եւ բոլոր տարաձայնությունները կհարթեն խաղաղ բանակցությունների միջոցով։
ԴԻՏԱՐԿՈՒՄ ՄԵԿ ԱՆՀԱՅՏՈՎ
Կարդացեք նաև
«Երբ Տեր Աստված կամ երկրաբանական գործընթացները ստեղծում էին այս մոլորակը, նրանք չգիտեին, որ նավթի հանքավայրերի վրա ապրելու են ադրբեջանցիները կամ իրաքյան արաբները»։
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀՀ նախագահի խորհրդական, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, հնագետ, «Երկիր», 23 մայիսի
Հայտնի չէ, թե Տեր Աստծու հետ Վահան Հովհաննիսյանն ինչ կերպ է հաղորդակցվում եւ թե, մասնավորապես, ով է նրան հայտնել Տեր Աստծու այդ արդարացումը: Բայց որ Վահան Հովհաննիսյանը նաեւ հնագետ է ու կարող էր պեղումների շնորհիվ տեղեկանալ երկրաբանական գործընթացների մտադրություններին՝ ակնհայտ է։
ՊԱՎԼԻԿԻ ԳԱՆԳԱՏԸ
Մամուլի մասին օրենքի պաշտպան Խոսրով Հարությունյան
«Մեծարգո Խոսրով Մելիքի. խնդրում եմ Ձեր հանձնարարությունը «Հայաստանի Հանրապետութիւն» թերթի խմբագրությանը ՀՀ մամուլի մասին օրենքին համապատասխան տպագրելու սույն նամակ-պատասխանը։ Հարգանքներով՝ ԱԺ պատգամավոր Պ. Ասատրյան»։
ՊԱՎԼԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ Տավուշի մարզպետ, «ՀՀ», 23 մայիսի
– Պապա, էս Անիին ասա, էլի, մազերս քաշում ա,- բողոքում է փոքրիկ Պետրոսիկը։
– Ինչո՞ւ է քաշում,- հետաքրքրվում է հայրը։ – Որովհետեւ ես սաղ էրեխեքին կծում եմ, իրանց խաղալիքները խլում եմ, փիս-փիս բառեր եմ ասում:
ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է
«Եթե գործազրկության նպաստի չափը բարձր լինի՝ կբերի աշխատանքի նկատմամբ հետաքրքրության նվազման»։
ԳԱԳԻԿ ԲԼԵՅԱՆ Աշխատանքի եւ զբաղվածության հանրապետական ծառայության ղեկավար, «ՀՀ», 23 մայիսի
Գործազուրկները պատրաստ են ատամներով պաշտպանել իրենց սրբության սրբոցը՝ աշխատանքի հանդեպ հետաքրքրությունը։ Դա, ի դեպ, նրանց միակ հետաքրքրությունն է այս կյանքում։ Որպեսզի այն դույզն-ինչ չվտանգվի՝ նրանք որոշել են դիմել կառավարությանը՝ իրենց տրվող նպաստներն առհասարակ վերացնելու աղերսանքով։
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ