Սահմանադրության մեջ կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ խոսակցություններն օրեցօր ավելի լուրջ բնույթ են ստանում։ Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվել է խնդրո առարկայով զբաղվող հանձնաժողով, որի նախագահն է Պարույր Հայրիկյանը։ Այդ մարմինն իր առաջին նիստը գումարելու է մայիսի 27-ին։ Խնդրո առարկայի շուրջ «Առավոտի» ճեպազրույցը Պարույր Հայրիկյանի հետ։
-Ըստ երեւույթին՝ զուտ աշխատանքային խումբը բաղկացած կլինի 7-12 հոգուց։ Բայց ինքը՝ հանձնաժողովը, հանրապետության նախագահի հայեցողությամբ, բաղկացած կլինի 27 հոգուց։ Նախագահը ես եմ. սա մեր նախնական պայմանավորվածության համաձայն, որը ձեռք ենք բերել դեռեւս նախագահական ընտրություններից առաջ։ Գործի հիմնական պատասխանատուն, որը պետք է ապահովի բոլոր հարցերի քննարկումն ու ընդգրկումը, ես եմ։ Շատ շնորհակալ եմ, որ ինձ վստահել են։ Ռոբերտ Քոչարյանը՝ հանրապետության նախագահը, հավատարիմ մնաց երկկողմ պայմանավորվածությամբ ձեռք բերված իր խոստմանը. գործը վստահված է ինձ։ Մենք Սահմանադիր ժողով չենք ստեղծել եւ չունենք նման մտադրություն։ Որեւէ քայլ չի կատարվում Սահմանադիր ժողովին այլընտրանքային կառույց ստեղծելու ուղղությամբ։ Բայց Ռոբերտ Քոչարյանի ցանկությունն է, ես էլ դա ողջունում եմ, որ հանձնաժողովը հնարավորինս ընդգրկուն լինի։ 27 մարդու շրջանակներում չէինք կարող ընդգրկել բոլոր կուսակցություններին. կուսակցությունները մասամբ են ընդգրկված հանձնաժողովում։ Խորհրդակցական ձայնի իրավունքով ես հնարավորություն ունեմ հրավիրելու նաեւ այլ՝ չներկայացված կուսակցությունների անդամների։ Ես իմ այդ իրավունքից կօգտվեմ։ Խոսքս մասնավորապես վերաբերում է Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը։ Կարծում եմ՝ թյուրիմացություն է, որ այդ կուսակցությունն ընդգրկված չէ սահմանադրական հանձնաժողովում, բայց դա նախագահի հանձնաժողովն է։ Հրավեր կարվի եւս մեկ-երկու կուսակցության։
– Իսկ հանձնաժողովում ինչպե՞ս է լուծված արհեստավարժների հարցը։
– Տվյալ դեպքում արհեստավարժության մասին խոսելը հեշտ է։ Հայաստանում շատ քիչ են սահմանադրագետ իրավաբանները։ Նրանք, ովքեր ընդգրկված չեն հանձնաժողովում, մենք նրանց հետ համաձայնություն ունենք, որպեսզի անմիջական մասնակցություն ունենան հանձնաժողովի նիստերին։ Այս հարցում, երբ խոսքը սահմանադրագետների մասին է, հստակ է՝ գործ ենք ունենալու որոշակի ուղղվածության, ոլորտի մասնագետների հետ, ուստի՝ առանց նրանց օգնության, չենք կարողանալու աշխատանքները հաջողությամբ ավարտել։ Սկզբի համար ասեմ, որ այս հանձնաժողովում կատարվելիք աշխատանքներին հրավիրված են նաեւ Գերագույն եւ Սահմանադրական դատարանների պատասխանատուներ, բայց ոչ իբրեւ պաշտոնյաներ, այլ՝ իբրեւ մասնագետներ։
Կարդացեք նաև
Ա. ԶԱՔԱՐՅԱՆ