Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱ ՃԻՉ Է, ՈՐ ՀՆՉՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՑ»

Մայիս 23,1998 00:00
xorhrdaran

Այսպես ձեւակերպեց իր վերաբերմունքը «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների եւ մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» օրինագծի նկատմամբ ՌԱ(ԼԴ)Կ անդամ պատգամավոր Ռոբերտ Մնացականյանը։

Ի՞նչ ճիչ էր սա

Այս նախաձեռնությունը «Հայրենիք» խմբի պատգամավոր Մկրտիչ Գիմիշյանն է ներկայացրել, հիմնավորելով, թե այսպիսով «կապահովեն ղեկավար աշխատողների քիչ թե շատ արժանապատիվ կենսամակարդակը, որն իր հերթին կնպաստի նրանց անկախությանը, կնվազեցնի կողմնակի ճնշումների հնարավորությունն ու կնպաստի իրենց պարտականություններն ազնվորեն կատարելուն»։ Այս օրինագծով նախատեսվում է հանրապետության նախագահի պաշտոնային դրույքաչափը կամ, պարզ ասած, աշխատավարձը սահմանել 600 դոլարին համարժեք դրամ։

ԱԺ նախագահի, վարչապետի, ՍԴ նախագահի աշխատավարձերը նախատեսվում է սահմանել 480 դոլար։ ԱԺ-ի հանձնաժողովի նախագահների եւ անդամների, նախարարների, ՍԴ անդամների, Գերագույն (վճռաբեկ) դատարանի նախագահի, գլխավոր դատախազի, մարզպետների եւ ԿԸՀ նախագահի նախատեսված դրույքաչափը 460 դոլար է։ Խորհրդարանի անդամների պատգամավորական գործունեության համար լրացուցիչ սահմանվել է 30 դոլարին համարժեք դրամ՝ հանձնաժողովների ոչ մշտական անդամների համար եւ մնացածի համար 100 դոլար։ Դատարանների նախագահների եւ գլխավոր պետական արբիտրի համար՝ 220 դոլար, իսկ դատավորների աշխատավարձը 200 դոլար է նախատեսվել։

Ի՞նչ արժե այս ճիչը

«Շատ զարմանալի կլիներ, եթե կառավարությունը դեմ լիներ որեւէ աշխատավարձի բարձրացման»,- այս օրինագծի վերաբերյալ կառավարության դիրքորոշումները ներկայացնելով ասաց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Արա Ասլիկյանը։ Այնուամենայնիվ, ցանկությունները եւ հնարավորություններն իրար կարծես երբեք չեն համապատասխանում եւ առավել եւս, մեր պետության հնարավորությունների դեպքում։ Պրն Ասլիկյանը մի շարք տվյալներ ներկայացրեց, թե այսօր բյուջետային ողջ համակարգում 268 հազար հոգի են աշխատում։

Մկրտիչ Գիմիշյանի նախաձեռնությունն, ըստ էության, բարձրաստիճան 450 պաշտոնյաների է վերաբերում, որոնց ամսական միջին աշխատավարձն այսօր 24 հազար դրամ է։ Նոր օրենքի նախագծով կկազմի 103,5 հազար դրամ։ Մնացած բյուջետայինները կշարունակեն մնալ իրենց միջինը 7,4 հազար դրամ աշխատավարձի հույսին։ Այդ բարձրաստիճանների աշխատավարձերի վրա բյուջեից կծախսվի 87 մլրդ դրամ, այսօրվա 24,5 մլրդ-ի դիմաց։

Պրն Ասլիկյանն այս բոլոր տվյալները ներկայացնելով շատ ավելի փափուկ, քան նախորդ օրը կառավարության իր նախորդ գործընկերները, փորձում էր ԱԺ-ին համոզել, թե հարկավոր է հայեցակարգային ու համակարգված մոտեցում ցուցաբերել, թե հաջորդ տարի կառավարությունը թերեւս 45-50 տոկոսով կբարձրացնի աշխատավարձերը։ Նաեւ ակնհայտ դարձավ, որ այս տարվա հուլիսից կամ հաջորդ տարվա սկզբից դատավորների աշխատավարձերն առանց այդ էլ 500 դոլարի են հասցնելու։

Բարոյակա՞ն է արդյոք այս ճիչը

Կոմունիստ պատգամավոր Գագիկ Թադեւոսյանն այս հարցն արծարծեց, թե «այնքան էլ բարոյական չէ ժողովրդի նման ցածր կենսամակարդակի պայմաններում չինովնիկների աշխատավարձը բարձրացնել»։ Եվ մեկ էլ Գեղամ Ղարիբջանյանն էր պնդում, թե չի կարելի նման օրենքի «կողմ» քվեարկել, երբ ոչ պաշտոնական տվյալներով՝ 800 հազար գործազուրկ կա եւ բնակչության մի ստվար հատված «աղբարկղներում եւ քրջի շուկայում է իր ապրուստը հայթայթում»։ Նրանց Կարապետ Ռուբինյանն առարկեց, թե «ներքեւից» աշխատավարձը բարձրացնելն իրականանալի չէ։ Իսկ Մկրտիչ Գիմիշյանն էլ համոզված էր, որ «Եթե չլուծենք պետական պաշտոնյայի խնդիրը՝ նա էլ քաղաքացու խնդիրները չի լուծի»։

Անհայտ է, թե ինչ հիմք ունի այս համոզվածությունը. խիստ բազմաթիվ են պաշտոնյաները, որոնք բավական հաջող լուծում են սեփական խնդիրները եւ խիստ սակավաթիվ նրանք, ովքեր դրանից հետո քաղաքացիների խնդիրների մասին էլ են ստեպ-ստեպ հիշում։ Ուստիեւ, միանշանակ է թվում այս օրինագծի վերաբերյալ ԱԺ սոցիալ-տնտեսական օրենսդրության ապահովման բաժնի եզրակացության այն դրույթը, թե սա «կարող է էլ ավելի խորացնել սոցիալական շերտավորումը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»։ Թույլ տվեք կասկածել նաեւ խորհրդարանում բազմիցս հնչած այն պնդումներին, թե այս օրենքի ընդունմամբ կաշառակերությունը եւ այլ ստվերային երեւույթները կնվազեն։ Իհարկե, ներկա աշխատավարձերը դրանց համար առավել բարեբեր հող են։

Անկասկած, ինչպես Արմեն Եղիազարյանն էր ասում, «Եթե չենք ուզում պատգամավորին կերակրել՝ առանձին անձինք կգտնվեն, որ նրան կկերակրեն՝ դրա դիմաց բարիքներ պահանջելով։ Եվ ով որ դա չի ուզում տեսնել՝ ջայլամություն է անում»։ Սակայն ի՞նչ հիմք ունի այն համոզվածությունը, թե սեփական 460+100 դոլարով «կերակրվելով» պատգամավորը «կուշտ» կզգա իրեն։ Երաշխիքներ կա՞ն, որ 200 կամ 500 դոլար ստանալիք դատավորը եւ դատախազը կհրաժարվեն 1000 կամ 5000 դոլար կաշառքներից։ Խոսրով Հարությունյանն ասում էր, թե այս օրենքը «գոնե բարոյական հիմք կստեղծի կաշառակերության դեմ պայքարելու համար»։ Վստա՞հ է, որ բարձրաստիճան պաշտոնյաների կաշառակերության դեմ լուրջ պայքար մղելու նախանշաններ կան։

Ինչպես ընդունվեց այս «ճիչը»

Այս օրինագծի վերաբերյալ ավելի տեղին էին այն պնդումները, թե քանի որ պետական եկամուտներում ու ծախսերում փոփոխություններ կարող է բերել, ուստի պիտի 96 ձայնով հաստատվեր։ Սակայն Բաբկեն Արարքցյանը նախորդ օրվա պես փութով դահլիճ չեկավ ու չասաց, թե «խաղի կանոնները մի փոխեք»։ Պատգամավորներն այս անգամ հեշտուհանգիստ անտեսեցին կառավարության ներկայացուցչի այն պահանջը, որ Սահմանադրության 75-րդ հոդվածի պահանջներին (նույն 96 ձայնն է) համապատասխան քվեարկություն պիտի լինի։ Դահլիճում այդքան պատգամավոր չկար էլ, ու միայն Սլավիկ Հայրապետյանը 3 հոգու տեղ քվեարկեց։ Արդյունքում՝ 94 «կողմ» եւ 2 «դեմ»։ Սովորական քվեարկության դրվեց, քանզի այս դեպքում կիրառելի համարվեց նախորդ օրը Գրիգոր Ոսկերչյանի կողմից ներկայացված եւ անտեսված այն պատճառաբանությունը, թե սա դեռ օրենքի քվեարկություն չէ, այլ միայն դրա առաջին ընթերցման։ Իր հերթին, չնայած կառավարությունը նախորդ օրն ապացուցեց, որ թույլ չի տա նվազեցնել բյուջեի եկամուտների աղբյուրները, բայց հաջորդ օրն արդեն թույլ տվեց, որ նույն եկամուտների դեպքում լրացուցիչ ծախսեր հավելվեն, մանավանդ որ խոսքը բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման «ազգաշահ» նախաձեռնության մասին էր։ Ուստիեւ ե՛ւ կառավարության, ե՛ւ խորհրդարանի գործելակերպի համար բնութագրական են մնում սեփական նպատակահարմարությամբ եւ կրկնակի չափանիշներով առաջնորդվելը։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031