Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՍՍ… ԹԱՏՐՈՆՈՒՄ «ՓՈՐՁ» Է

Մայիս 22,1998 00:00
sundukyan

Ընդամենը մեկ ամիս առաջ «սունդուկյանցիները» կարծես հանգիստ էին, թվում էր, թե բուռն ստեղծագործական կյանքով են ապրում։ Այնինչ այդ ընթացքում սպասում էին իրենց ծրագրերի իրականացմանը։ Արագ-արագ սկսեցին հեռուստատեսությամբ եւ մամուլի հրապարակումներով հանդես գալ՝ աղաղակելով, թե թատրոնն աշխատում է, էս-էս ներկայացումներն ենք պատրաստում։ Թատրոնի որոշ «ակտիվիստներ» անհամբեր սպասում էին Ալվարդ Պետրոսյանի՝ Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար նշանակվելուն։ Եթե նշանակվեր, ապա իրենց գործերը, բնականաբար, հրաշալի ընթացք կունենային, Վահե Շահվերդյանը դարձյալ կզբաղեցներ Սունդուկյանի անվան Ազգային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, Լորենց Առուշանյանն էլ գուցե դառնար թատրոնի տնօրեն։

Լարված իրավիճակ էր ստեղծվել թատրոնում հատկապես նախարարի նշանակման օրը, մասնավորապես՝ բուֆետում, ուր ոմանք մտքերի ու սպասողական ծանրությանը դիմադրել չկարողանալով՝ նույնիսկ որոշեցին այդ օրն օղի խմել։ Նույն ժամանակամիջոցում «Հայաստանի Հանրապետութիւն» թերթում լույս տեսավ թատրոնի գեղարվեստական խորհրդի նամակն ընդդեմ Խորեն Աբրահամյանի («Բաց նամակ Խորեն Աբրահամյանին՝ ի պատասխան նրա բազմաթիվ հրապարակումների եւ հեռուստատեսային ելույթների»)։ Ինչու Խորեն Աբրահամյանին. որովհետեւ այդ ժամանակ «սունդուկյանցիների» միակ «թշնամին» Խ. Աբրահամյանն էր։ Շատերը մտածեցին, որ եթե նամակագիրները արվեստագետներ լինեին, երեւի թե չէին գրի։ Թատրոնի մարդիկ շատ հաճախ չեն պատկերացնում ինչ է հասարակական կարծիքը եւ ինչ է հոդվածը։ Իրենց պատկերացմամբ ցանկացած հոդված անձնական նամակ է։ Եվ, բնականաբար, շատերը ծանոթ լինելով այդ թատրոնում հավաքված մարդկանց գործելակերպին, ճիշտ գնահատեցին «վախով գրված» այդ նամակի նպատակը, շատերն էլ ծիծաղեցին հատկապես «Քո հարգած արտասահմանյան երկրներում հարյուրից ավելի հոդված է գրվել նրա բարձր արվեստի մասին (նկատի ունեն Վ. Շահվերդյանին -Ս. Ս.), քո ստացած ոսկե թռչունից նա էլ է ստացել, եւ մենք տեսել ենք (Բա՞… -Ս. Ս.)» տողերի վրա։

Արագ տեմպերով ներկայացումներ սկսեցին, որ եթե որեւէ մեկը փորձեր թատրոնում որեւէ փոփոխություն կատարել, Հայաստանի Հանրապետությունով մեկ կարողանային աղաղակել, որ մենք էս-էս-էս ենք անում, իսկ իրենք խանգարում են։ Եվ, անկեղծ ասած, մեծ գնահատանքի կարելի է արժանացնել Վ. Շահվերդյանին, որի «կարգադրումով» նման բաներ են տեղի ունենում թատրոնում եւ թատրոնից դուրս՝ առանց իր անունն ավելորդ անգամ նշելու։ Ինչ խոսք, նա միմիայն ստեղծագործական հարցերի շուրջ է ելույթ ունենում։ Ինչեւէ, ամենացավալին այն էր «սունդուկյանցիների» համար, որ նախարար նշանակվեց Ռոլանդ Շառոյանը։ Հանկարծ հասկացան. քանի որ շոշափվում է Սոս Սարգսյանի՝ գեղարվեստական ղեկավար նշանակվելու հարցը, ուրեմն իրենց «թշնամին» Սոս Սարգսյանն է։ Բայց հիմա՞ ինչ գրեն։

«Մեզ էլ են նայում, իրենց էլ են նայում» (հատված՝ հայտնի նամակից հետո Խորեն Աբրահամյանի հետ ունեցած զրույցից)

– Հոդվածը գրված էր բամբասանքների, լուտանքների եւ մի շարք կեղտերի հիման վրա, որը, եթե ընթերցողը ճիշտ տրամադրված կարդա, կարող է միայն ծիծաղ առաջացնել։ Անհեթեթություններ են, բայց սկզբունքը եւ նպատակը մեկն էր՝ որքան հնարավոր է կեղտոտել հոդվածում նշված անձնավորությանը։ Եվ իրենց համար ճիշտը, թե սխալը բոլորովին էլ կարեւոր չէր, միայն թե կարողանային իրենց նպատակին հասնել՝ կեղտոտել։ Ճիշտ էր միայն այն, որ ես իսկապես այդ ժամանակ հիվանդանոցում էի, ինչը խոսում է նրանց լավատեղյակության մասին։ Մեկնաբանելու հնարավորություն ստացան, առիթը օգտագործեցին, թե՝ «Խորեն Աբրահամյանը հենց նեղն է ընկնում, հերթական անգամ երբ գլխին ինչ-որ ամպեր են կուտակվում, գնում է հիվանդանոց»։ Նոր բան չկատարվեց. հիշում եմ, երբ Հրաչյա Աճառյանին, այդ հանճարեղ մարդուն մեղադրում էին թուրքական լրտես լինելու մեջ։ Ասում են՝ խեղճ մարդը լաց եղավ, ասաց՝ ինչ ուզում եք, միայն ոչ դա, ոչ այդ երկրի, իմ ծնողներին դրանք են կոտորել։ Ճիշտն ասած՝ սպասում էի, թե ավելի ծանր մեղադրանքներ կգտնեն, քան, ասենք՝ որտեղ են թատրոնի վարագույրները, ռոյալը։ Ինչպես են իրենք պատկերացնում, որ ես թատրոնի պահա՞կն եմ։ Մի անգամ, թատրոնը լուծարելիս հայտարարություն արեցի՝ քանի դեռ շնչում եմ, ես այդ թատրոնի դռանը կապած, կատաղած շուն եմ, թույլ չեմ տա։ Բոլորովին ուրիշ բան նկատի ունեի։

Հո չասացի՞, որ այդ թատրոնի պահակն եմ։ Երբ ասում են գեղարվեստական խորհուրդն է ստորագրել այդ նամակը, միեւնույն է, չեմ կարող ինձ թույլ տալ մտածել, որ այդ գեղարվեստական խորհրդի մեջ են մտնում, ասենք՝ Վարդուհի Վարդերեսյանը, Արմեն Խոստիկյանը, Վոլոդյա Աբաջյանը եւ էլի շատերն իմ ընկերներից, որոնց հետ՝ լավ թե վատ, 30-50 տարի աշխատել ենք այդ թատրոնում։ Այնպես որ, դա ինչ-որ մի խումբ է, հայտնի խումբ։ Մի նոր ալիք է սկսել գործել իմ դեմ հասկանալի պատճառներով. երեւի վախեցած են խեղճերը։ Եկել եմ, չեմ եկել՝ աղաղակում են, հարայ եմ տալիս կառավարությանը, ժողովրդին, թե՝ եկեք, հասեք, թատրոնում մի գռեհիկ, անշնորհք, գորշ մարդկանց խումբ կա, որոնք գրավել, ղեկը վերցրել են, բայց նավ վարել չգիտեն։ Ես իրենց երեւակայության մասին միշտ ավելի լավ կարծիք եմ ունեցել։ Թող ներեն ինձ, որ որոշ անհեթեթություններ հիշում եմ, եւ ինձ հետ միասին երեւի մեր մտավորականներից շատերն են հիշում, որ Հրաչյա Ներսիսյանին մեղադրել էին Մկրտիչ Ջանանին Խթը մատնելու համար։ Պետք էր ճանաչել Հրաչյա Ներսիսյանին կամ անգամ չճանաչել, բայց նրա դերերից որեւէ մեկը տեսնել, հասկանալու համար, որ դրանից ավելի անհեթեթ բան դժվար էր հորինել։

Միտումը նույնն էր. որքան կարելի է՝ կեղտոտել։ Հրաչյան մի աստվածային համբերության եւ մեղմության տեր մարդ էր, եւ գործիչ չէր, այլ մաքուր դերասան էր։ Վահրամ Փափազյանի մասին լուրեր էին պտտվում, որ նա չգիտեմ որ տիկնոջ մատանին վերցրել է եւ այլն։ Վարդան Աճեմյանի մասին հենց նույն լորենցները գրում էին, թե որ կնոջ հետ, ինչ մտերմություն ուներ նա։ Որեւէ քաղաքակիրթ երկրում դա պարզապես ծիծաղ կհարուցեր, թե ձեր ի՞նչ գործն է՝ ում հետ ինչ փոխհարաբերության մեջ էր նա։

Գուլակյանի մասին ասվում էր, չզարմանաք, որ նա Բերիայի հետ կապեր ուներ։ Անհեթեթ, բայց այն ժամանակների համար բավականին վտանգավոր բամբասանք էր։ Ես ինձ այդ մարդկանց շարքում չեմ ուզում դնել, որովհետեւ նրանք շատ մեծ մարդիկ էին, բայց կեղտոտելու այդ հանգամանքը միշտ էլ եղել է։ Ասում են՝ թատրոնից ռոյալը տարել են. ասե՞ղ էր, ի՞նչ է: Հիմա էլ երեւի ամեն առավոտ տնից դուրս գալուց առաջ պարտադիր, մի մատով չիժիկ-պիժիկ եմ նվագում։ Թող ապավինեն իրենց լավ հոտառությանը, մեկ էլ՝ կհասնեն Վրեժ Հակոբյանին։ Ամեն մեկն այդ թատրոնում ինչ-որ բանի համար պատասխանատու էր, գնացեք նրանց հարցրեք։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարը բոլորովին էլ թատրոնի պահակ կամ հսկիչ չէ։

Խե՜ղճ խումբ, խե՜ղճ գեղարվեստական խորհուրդ, այդքան վախեցա՞ծ եք, որ ես գալու եմ։ Այդքան սարսափահա՞ր եք։ Եվ սա հո նոր չի։ Մի ժամանակ, էլի այսպես թատրոնի ինչ-որ ակտիվիստներ, մարությաններ հավաքվել, ժողով էին արել 10-15 հոգով։ Քննարկում էին դարձյալ իմ հարցը, կարգախոսը նույնն էր՝ «Գալիս ա»։ Ես այն ժամանակ Լենինականում էի։ Վերջերս կարդացի ելույթների արձանագրությունները. բոլորի ելույթներում (10-15 տղամարդ) անխտիր ասվում էր՝ նա մեզ ծեծում է։ Լավ, ընդունենք, դաշնամուրը ասեղ էր, ես թռցրի-տարա, բայց ես Կասիուս Քլեյը չեմ, ինչպե՞ս կարող էի այդքան տղամարդու ծեծել։

Նաեւ չեմ հասկանում, ինչպե՞ս կարող էր տղամարդն այդքան հեշտությամբ նման բան խոստովանել։ Իրենք կարծում են, թե գիշերները ես հանգիստ չունեմ, մտածում եմ, թե ոնց նորից գնամ իրենց ղեկավարեմ։ Կամ շատ մեծամիտ են, կամ ինչ-որ հիմարության հոտ է փչում. նկատի ունեմ այդ մշուշապատ գեղարվեստական խորհուրդը։ Իրենց ղեկավարելը բոլորովին էլ ինձ համար երջանկություն չէ, ոչ էլ մեծ բախտավորություն։ Շատ հանգիստ ինձ համար նստած եմ, միայն սիրտս մի բանի համար է ցավում, թե այդ թատրոնի հարցն ինչպե՞ս է լուծվելու, որովհետեւ անհնար է որեւէ լուրջ հաջողություն լինի թատերական աշխարհում, եթե Սունդուկյանում գործերը լավ չեն։ Համենայնդեպս, ես մարդկանց հետ եմ շփվում, փողոց եմ դուրս գալիս, ապրում-շնչում եմ, եւ երբեմն մտածում եմ իմ մասին, որ հենց իմ կոլեգաներից շատ տաղանդավոր մարդիկ հույս են կապում ինձ հետ, շատերի վերջին հույսն եմ։ Եվ թույլ չեմ տա, որ եկող սերունդն ընդհանրապես չիմանա ինչ բան է իսկական թատրոնը, ոչ թե դրա իմիտացիան։

Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031