Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՒՇ-3 ՍՊՁ-Ն ԲՈՂՈՔՈՒՄ Է

Մայիս 22,1998 00:00
dat

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Ռ. Քոչարյանին

Երեւանի Շենգավիթի շրջանի նախկին հանրախանութի աշխատավորական կոլեկտիվի 180 անդամներս, չունենալով հոգեկան եւ ֆիզիկական հանգստություն, շուրջ երկու տարի է անհավասար պայքարի մեջ ենք մտել հիշյալ հանրախանութի ապապետականացման եւ սեփականաշնորհման գործում կոպտորեն խախտված եւ ոտնահարված մեր իրավունքները վերականգնելու եւ օրինական շահերը պաշտպանելու համար։

Մեր հետեւողական պայքարի դառը փորձը, սակայն, ապացուցում է, որ դատական այս խարդախ ու փողի զոռբայությամբ շաղախված համակարգում մարդու իրավունքների ու արժանապատվության ոտնահարումը սովորական բան է։ Այնպես, ինչպես սովորական են որոշ պետական պաշտոնյաների ու բարձրաստիճան անձանց կամայականություններն ու պաշտոնական դիրքի չարաշահումը։ Դատական չորս ատյան անցած, պետության ու հասարակության շահերին բացահայտ հակասող կեղծիքներով լի եւ խաբեության վրա հիմնված այս քաղաքացիական գործը Գերագույն դատարանի նախագահ Տարիել Բարսեղյանի եւ նրա համախոհ-կամակատարներ Ա. Հովսեփյանի, Ս. Գյուրջյանի, Կ. Հակոբյանի, Վ. Աբելյանի եւ մյուսների շնորհիվ երեք ատյաններում լսվեց միակողմանի՝ առանց գործը ըստ էության քննության առնելու։ Նրանք դարձան խարդախ ու կեղծարար Ս. Մարիկյանի, նրա համախոհների, ինչպես նաեւ գաղտնի «թիկնապահ» Վ. Հովհաննիսյանի բացահայտ պաշտպանը։

Ի վերջո, ՀՀ Գերագույն դատարանի պլենումը բեկանեց այդ վճիռն ու որոշումները։ Թվում էր, թե արդարությունը կհաղթի։ Այո, թվում էր, քանզի պարտությունից վրդովված պարոն Բարսեղյանը գործի քննությունը հանձնարարեց իր հաջորդ համախոհին՝ Ք. Պետրոսյանին։ Վերջինս որոշեց ոչնչով հետ չմնալ իր նախորդներից։ Վարույթն իր էությամբ ծաղրուծանակ էր մի կոլեկտիվի, որի անդամներից շատերը 30-40 տարվա աշխատանքի վաստակ ունեն այդ հանրախանութում։ Եվ դա արվեց այնքան բացահայտ ու հրապարակայնորեն, որ մենք ստիպված եղանք լքել դատական նիստերի դահլիճը։ Մեր բազմաթիվ խնդրանքներից ու պահանջից հետո վերջապես ՀՀ դատախազությունն ինքը նշանակեց դատաձեռագրաբանական փորձաքննություն։ Հարցի վերջնական լուծումը կախված է փորձաքննության արդյունքներից։

Պարոն նախագահ, եթե Դուք ուշադիր լինեք մեր քաղաքացիական գործի նկատմամբ, ապա նման վեճի պայմաններում, երբ ՀՀ գլխավոր դատախազն այդ գործով հսկողական բողոք պետք է ներկայացներ ՀՀ Գերագույն դատարանի պլենումին, թույլ չէիք տա, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգնությամբ Ս. Մարիկյանը հանրախանութը վաճառեր Սիրիայի Հանրապետության քաղաքացի Բյուզանդ Քեհվանյանին։ Վերջինս էլ, օգտվելով Հայաստանի Հանրապետության անիշխանությունից, արհամարհելով ամեն ինչ, հանրախանութում իր կողմից լիազորված անձանց միջոցով շինարարական եւ մաքրման աշխատանքներ է կատարում, ոչնչացնում առեւտրական սարքավորումները, դրանով իսկ մեծ վնաս հասցնելով աշխատավորական կոլեկտիվին։ Այդ մասին մեր բոլոր ահազանգերն անհետեւանք են մնում։ Անհետեւանք են մնում նաեւ ե՛ւ Ձեր աշխատակազմի, ե՛ւ ՀՀ գլխավոր դատախազի, ե՛ւ ՆԳ եւ ԱԱ նախարարի կարգադրությունները։

Չէ՞ որ խնդիրը վերջնական լուծում չի ստացել, օբյեկտը մնում է վիճելի։ Գուցե սա մի հերթական խաղ է մեր գլխին, այլապես ինչ համոզվածությամբ են Բ. Քեհվանյանի վստահված անձինք այնտեղ շինարարական աշխատանքներ, լրացուցիչ ծախսեր կատարում։ Երեւի թե հովանավոր պաշտոնյաները վստահեցրել են նրանց։ Զարմանալի է նաեւ այն, որ Քեհվանյանը, ի տարբերություն մյուս գործարար մարդկանց, որոնք հումանիտար օգնություն են ցույց տալիս հայրենիքին, որոշել է ինչ գնով էլ լինի՝ հանրախանութը դարձնել իրենը, օգտագործելով բարձրաստիճան անձանց հետ ունեցած իր ծանոթություններն ու դրամական ողջ միջոցները։

Պարո՛ն նախագահ, դիմելով Ձեզ, մենք պահանջում ենք, որ Դուք կատարեք ձեր Սահմանադրական պարտականությունը։ Այն է՝ ապահովեք մեր իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը Սահմանադրության եւ օրենքների հիման վրա՝ Միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան (ՀՀ Սահմանադրության 41 հոդված)։ Ըստ «Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման հիմունքների» 5-րդ կետի, սեփականաշնորհման գործում երաշխավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավասար իրավունքները։ Նույն հիմունքների 4-րդ կետի համաձայն, սեփականաշնորհումն իրականացնելիս նախապատվությունը տրվում է ՀՀ քաղաքացիներին։ ՀՀ Սահմանադրության 49 հոդվածը, որպես ՀՀ նախագահի պարտականություն, սահմանված է՝ «Հայաստանի Հանրապետության նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»։

Ելնելով վերը նշվածից, պահանջում ենք վերականգնել ու պաշտպանել մեր օրինական իրավունքները Երեւանի Շենգավիթի շրջանի հանրախանութի նկատմամբ՝ կեղծարար ու խաբեբա Ստեփան Մարիկյանից եւ նրա համախոհներից, ինչպես նաեւ Սիրիայի Հանրապետության քաղաքացի Բյուզանդ Քեհվանյանից։ Պահանջում ենք նաեւ, մինչեւ հարցի վերջնական լուծումը, դադարեցնել բոլոր տեսակի աշխատանքների կատարումը հանրախանութի ներսում։

Կոլեկտիվի անունից՝ Ռ. ՄԿՈՅԱՆ, Ս. ՍԱՐԳՍՅԱՆ, Ս. ԳԶՈՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031