«Ես նրանց (լրագրողներին- Վ. Դ.) խորհուրդ կտայի՝ տիկնայք եւ պարոնայք, գրեք եւ ասեք այն, ինչ մտածում եք, միաժամանակ մտածելով, թե ինչ եք գրում եւ ասում»։
ՕԼԵԳ ԵՍԱՅԱՆ ԼՂՀ խորհրդարանի նախագահ, «ՀՀ», 20 մայիսի
Մինչեւ Օլեգ Եսայանի այս խորհուրդը լրագրողներից ոմանք գրում եւ ասում էին այն, ինչ չէին մտածում, միաժամանակ մտածելով, թե ինչ են գրում եւ ասում։ Ոմանք էլ գրում եւ ասում էին այն, ինչ մտածում էին, միաժամանակ չմտածելով, թե ինչ են գրում եւ ասում։
ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ
Կարդացեք նաև
«Ամենավտանգավորը Հայաստանում այն է, որ ինչ-որ մարդիկ իրավունք ունեն օրենքը խախտելու, ինչ-որ մարդիկ՝ չունեն»։
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԺՄ վարչության նախագահ, «Այժմ», թիվ 18
Այս դիտարկումից ցնցված՝ մարդու իրավունքի ջատագովները բողոքել են մարդու իրավունքների այսօրինակ ոտնահարման դեմ։ Նրանք պահանջում են բոլորի համար հավասար պայմաններ ապահովել օրենքները խախտելու համար եւ վերացնել Հայաստանի գլխին կախված վտանգը։
ՈՒՐԻՇԻ ՀԱՄԱՐ ՓՈՍ ՓՈՐՈՂԸ
«Մեր ճանապարհն այս է՝ թատրոնը բարձրացնել միջազգային մակարդակի… մյուս թատրոնների հետ գործ չունեմ, ասածս վերաբերում է «Փոսի» թատրոնին»։
ՍԱՄՍՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ Երիտասարդական («Փոսի») թատրոնի գեղարվեստական ղեկավար, «Հայոց աշխարհ», 20 մայիսի
Նշված նպատակին հասնելու ամենակարճ ուղին այն կլինի, եթե «Փոսի» թատրոնը ոչ թե մնա տեղական մակարդակի իր փոսում, այլ միջազգային մակարդակի փոս փորի ուրիշ թատրոնի համար ու ընկնի մեջը։
Ո՞ՐՆ Է ՄԱՅՐԸ
«Նա (Լեւոն Տեր-Պետրոսյանը- Վ. Դ.) պետք է փորձեր փոքր-ինչ հայրաբար վերաբերվել բոլորին, այդ թվում եւ ընդդիմությանը»։
ԷԴՎԱՐԴ ԵԳՈՐՅԱՆ «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Այժմ», թիվ 18
Ընդդիմության հավաստի աղբյուրները վկայում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ճշմարիտն ասած, նման փորձեր արել է։ Ընդդիմության մայրը, սակայն, բարոյական մաքրությունը գերադասելով մնացած ամեն ինչից, ընդդիմացել է։
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ