Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքո՞վ, թե՞ անօրեն

Մայիս 21,1998 00:00
Aray

Հայաստանում շատ քիչ անհատ ձեռներեցներ կամ ֆիրմաներ կարող են պարծենալ, որ երբեւէ մաքսային կամ հարկային մարմինների հետ ունեցած իրենց խնդիրները փորձել են լուծել դատարանի միջոցով. բոլորի համար հասկանալի է, որ այդ մարմինների հետ առկա խնդիրները պետք է լուծել «փոխադարձ համաձայնությամբ»։ Հայաստան էլեկտրոնային ապրանքներ ներմուծող եւ վաճառող խոշորագույն ֆիրմաներից մեկը՝ «Արայը» ապրիլի 27-ին դիմել է Արաբկիրի ժողդատարան մաքսային վարչությունից պահանջելով 15 հազար դոլար՝ որպես հասցված բարոյական վնասի փոխհատուցում։ Ֆիրմայի ներկայացուցիչները վարչությանը մեղադրում են անօրինական միջոցներով իրենցից մաքսավճարներ գանձելու մեջ։

«Ես նամակով դիմել եմ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ տվել ընդամենը մեկ հարց. հնարավո՞ր է Հայաստանում օրենքով աշխատել։ Առայժմ պատասխան չկա։ Նույն հարցը ես ուղղել եմ Հայաստանի բոլոր 4 մաքսային վարչության պետերին, քանի որ մեր 7-ամյա աշխատանքի ընթացքում նույն խնդիրը անընդհատ առկա է։ Երջանիկ Աբգարյանը թեեւ արհեստավարժ չէր, սակայն փորձում էր հասկանալ պրոբլեմը, եւ մենք միշտ ճիշտ լուծումների էինք հանգում։ Կարող եմ համոզված ասել, որ նա մտածում էր մեր երկրի զարգացման մասին։ Այս համակարգում նոր փոփոխությունների ընթացքում հույս առաջացավ, որ եկել են բիզնեսի մարդիկ՝ վարչության պետը եւ նրա երկու տեղակալները, որոնք մինչ այդ զբաղվել են գործարարությամբ եւ պետք է, որ հասկանային մեր խնդիրները, բայց որեւէ դրական տեղաշարժ առայժմ չկա»,- մեր զրույցի ժամանակ ասաց «Արայ» ֆիրմայի տնօրեն Արայիկ Պետրոսյանը։

Ամենամեծ խնդիրը մաքսազերծման կամ ավելի պարզ ներմուծվող ապրանքի գնի որոշման խնդիրն է կամ դրա տեխնոլոգիան։ Գոյություն ունի միջազգային կարգ եւ ՀՀ կառավարության 615 որոշումն իր վեց կետերով, որոնք սահմանում են այդ տեխնոլոգիան։ Ըստ այդ կարգի առաջին կետի, որպես հիմք պետք է ծառայի ներմուծողի կողմից ներկայացվող ապրանքագիրը (ինվոյսը)։ Ինվոյսը միջազգային կիրառության փաստաթուղթ է, եւ դրա հիման վրա են կատարում մաքսազերծումները այլ երկրներում եւս։ Միայն լուրջ կասկածների դեպքում կարելի է չընդունել ապրանքագիրը եւ մաքսազերծումը կատարել ըստ շուկայական գնի։ «Մեր մաքսային մարմինների կողմից այդ փաստաթուղթը չի ընդունվում որպես հիմք, կասկածի տակ դնելով դրա իսկությունը։

Այսինքն՝ ամեն անգամ մեզ միջնորդավորված ասում են, որ մենք խաբեբաներ ենք. խախտելով անմեղության կանխավարկածը։ Ես ուզում եմ իմանալ, թե էլ ինչ փաստաթուղթ ես պետք է բերեմ, որը նրանց համար հիմք կհանդիսանա։ Մեր ֆիրմայի կողմից մշակվել է մարկեթինգային մի ծրագիր, որը վաճառվում եւ օգտագործվում է ամբողջ Միջին Արեւելքում։ Մենք այդ ծրագիրն անվճար առաջարկել ենք նաեւ մաքսային վարչությանը, խոստանալով տեխնիկական աջակցություն, սակայն կրկին, ոչ մի պատասխան»,- բացատրեց պարոն Պետրոսյանը։ Իսկ խնդիրը հետեւյալն է. «Արայ» ընկերությունից բացի, Միացյալ Էմիրություններում գործում է «Արայ-Թրեյդինգը», որի շնորհիվ ապրանքները ներմուծվում են ոչ թե Դուբայի շուկայից, այլ անմիջական արտադրողներից՝ Սինգապուր, Հոնկ Կոնգ, Մալայզիա։ Դրա շնորհիվ ապրանքների ներմուծման գինն այս ֆիրմայի համար 15-20 տոկոս ցածր է։

Պարոն Պետրոսյանը մեզ բերեց երկու թվային տվյալ հայկական շուկայում տիրող վիճակի մասին։ MEC ֆիրմայի հեռուստացույցները Դուբայում արժեն 144 դոլար, «Արայի» ֆիրմային խանութ-սրահում դրանք վաճառվել են 260 դոլարով, իսկ այժմ Մալաթիայի շուկայում դրանք արժեն 370 դոլար, եթե «Արայ» ֆիրման ներմուծի այդ հեռուստացույցներից, ապա մաքսային վարչությունը, որպես մաքսազերծման գին ընդունելու է 370 թիվը։

«Քլարիո» մագնիտոֆոնները Դուբայում արժեն 151 դոլար, իսկ Հայաստանում այն վաճառվում է միայն «Էլեկտրալյուքս» խանութում 420 դոլարով։ «Փաստորեն, եթե մենք կարողանում ենք մեր գործարարության շնորհիվ իջեցնել ներմուծվող ապրանքի արժեքը, ապա մեր այդ ջանքերն անիմաստ են դառնում Հայաստանի սահմանի վրա, որտեղ հայ մաքսավորը մեր եւ Դուբայի խանութում նույն ապրանքը ավելի բարձր գնով գնած անհատ գործարարի ապրանքը հարկում է նույն չափանիշներով»,- պատմում է պրն Պետրոսյանը։ Եվ քանի որ պրն Պետրոսյանը չի ցանկացել ենթարկվել մաքսային վարչությունում կատարվող կամայականություններին, որտեղ առանց բացատրության կարող են մի քանի անգամ դատարկել եւ բեռնել իրենց ապրանքները, իսկ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Սամվել Գրիգորյանը կարող է հայտարարել, որ «Ինչ ուզենամ, ինչպես ուզենամ՝ այնպես էլ կանեմ», որոշել է դիմել դատարան։

Իսկ երեկ երրորդ անգամ հետաձգվեց դատական նիստը պատասխանող կողմի չներկայանալու պատճառով։ Ըստ դատավոր Գագիկ Սարգսյանի, կողմերը պետք է գան փոխադարձ համաձայնության, քանի որ Սամվել Գրիգորյանը հեռացվել է աշխատանքից, իսկ մաքսային վարչության ներկայացուցչի չներկայանալը բացատրեց դեռեւս չկայացած համաձայնությամբ, հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 27-ին։ Մաքսային վարչության իրավական բաժնի պետ Աննա Ավետիսյանը մեզ տեղեկացրեց, որ ինքը զանգահարել է դատարան եւ հստակ ասել, որ իրենք չեն ներկայանալու։ Ըստ տիկին Ավետիսյանի, «Արայը» ներմուծել է 20 հեռուստացույց եւ 10 տեսամագնիտոֆոն, որոնք ապրանքագրերում գրված են եղել իբրեւ Մալայզիայի արտադրություն, սակայն մաքսային տեսուչը կասկածել է ապրանքագրերի իսկությանը, եւ որոշել անցկացնել լաբորատոր ստուգում, սակայն «Արայի» աշխատակիցները ինչ-ինչ միջոցներով կարողացել են ապրանքը տանել իրենց մոտ։

Հետագայում այդ ապրանքն առգրավվել է եւ ստուգումը պարզել է, որ դրանք ճապոնական են։ Իսկ Սամվել Գրիգորյանը հեռացվել է աշխատանքից՝ «Արային» այդ տեխնիկան տանելու թույլտվություն տալու համար։ Սակայն ըստ պրն Պետրոսյանի, իրենք ոչ թե դատի են տվել Սամվել Գրիգորյանին՝ իր կատարած անօրինականությունների համար, քանի որ դա մասնավոր դեպք է ընդամենը հարյուրավորների մեջ, այլ մաքսային վարչությանը՝ իր աշխատանքի համար, եւ իրենց հայցը հետ կվերցնեն միայն այն դեպքում, երբ հստակ երաշխիք կստանան, որ այդ մարմինն աշխատելու է օրենքով։ Իսկ դատը շահելու դեպքում, 15 հազարը, պրն Պետրոսյանը մտադիր է նվիրել մանկատներին։

Ի դեպ, տեղեկացանք, որ այսօր թերեւս տեղի ունենա մաքսային վարչության պետ Միքայել Մակարյանի եւ «Արայ» ֆիրմայի ղեկավար Արայիկ Պետրոսյանի հանդիպումը։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031