Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՆ ՎԱՂ ԷՐ, ՈՐ ԷՇԸ ԿԱՂ ԷՐ

Մայիս 21,1998 00:00
henrik khaxatryan

Ահա այս զուգահեռն անցկացրեց ՀՀ գերագույն դատախազ Հենրիկ Խաչատրյանն այն հարցին ի պատասխան, թե ի՞նչ հիմքեր ուներ Վանո Սիրադեղյանը, երբ «Ար» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց, որ քաղաքական սպանություններից երկուսը երբեք չեն բացահայտվի։ «Ես կաշխատեմ ձեր առաջ սեւերես չմնալ ու բացահայտել այդ գործերը»։ Ահա այսպես։ Իսկ մինչ այդ պրն Խաչատրյանը ջանք չխնայեց համոզելու, որ ինքը շատ է ուզում Հայաստանն օրինական երկիր տեսնել, անպատժելիության մթնոլորտը վերացնել, բոլոր հանցագործներին (հատկապես՝ տնտեսական) պատժել։

Որպես ասվածի վառ ապացույց, բերվեցին օրինակներ. այսպես՝ արդեն բացահայտված են 92-ին կատարված Աշտարակի գործկոմի նախագահ Հովիկ Սուքիասյանի եւ նրա վարորդի, 93-ին՝ Հայկոոպի գլխավոր հաշվապահի եւ այլ սպանություններ։ Դատախազությունը «շատ մոտ է» նաեւ Համբարձում Գալստյանի սպանության բացահայտմանը։ Արդեն 2 հոգու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Քննության շահերից ելնելով՝ պրն Խաչատրյանը անուններ որոշեց չտալ, «մանավանդ, որ մեկը Հայաստանում չէ, մյուսը մեր ձեռքի տակ է»։

Մարիուս Յուզբաշյանի սպանության բացահայտման հեռանկարներն էլ պայծառ տեսավ գլխավոր դատախազը եւ խոստացավ մեզ անպայման տեղեկացնել, թե ի՞նչ է կատարվել։ Այս տարվա փետրվարին Ջրվեժում ձերբակալված խմբից արդեն 28-ի նկատմամբ քննություն է կատարվում։ Ի դեպ, այս խմբի գործի քննությունը հանգեցրել է տարբեր ու նոր հանցագործությունների բացահայտմանը։ Էներգետիկայի բնագավառի հանցագործությունների բացահատյման, Արշակ Սադոյանի հայտարարության մասին էլ խոսեց պրն դատախազը. հարուցվել է քրեական գործ (թե ում դեմ, մոռացավ ասել)։ Այն հարցին, թե այդ ինչպես մեկ տարում քննիչները դարձան այդքան (կներեք – Լ. Ա.) արհեստավարժ, որ աղմուկ հանած բոլոր հանցագործությունները բացահայտեցին հենց այդ ժամանակաընթացքում, պրն դատախազը իրեն հատուկ ոգեւորությամբ ասաց, որ «մարդիկ (այսինքն՝ քննիչները – Լ. Ա.) պիտի ոգի ունենան, պիտի թիկունք ունենան, զգան, որ անպաշտպան չեն, գիտենան, որ իրենց աշխատանքը կգնահատվի, որ գլխավոր դատախազն իրենց թիկունքում է։ Սա է հիմնականը»։

Փաստորեն, այս մեկ տարվա ընթացքում քննիչները հասկացան այս անառարկելի ճշմարտությունն ու սկսեցին մի գործը մյուսից հետո բացահայտել։ Իսկ այն, որ այդ հանցագործությունները պատվիրված են եւ որ պատվիրատուներն իրեն հայտնի են, պրն Խաչատրյանը չթաքցրեց. «Բայց մի՛ բան է՝ իմանալ, մի՛ բան է՝ ապացուցել»։ 93-ին Սերժ Ջիլավյանի մահափորձի բացահայտման, ավելի ստույգ՝ չբացահայտման մասին խոսելիս՝ պրն Խաչատրյանը չբացառեց, որ այն չէր բացահայտվում, քանի որ մահափորձի կազմակերպիչներն ամուր թիկունք ունեին։ «Սա նաեւ պրոֆեսիոնալիզմի խնդիր է։ Իսկ ես պրոֆեսիոնալիզմի ջատագով եմ։ Սա պրոֆեսիոնալ պատվի խնդիր է»,- այս թեման եզրափակեց պրն Խաչատրյանը։ Այն հարցերին, որոնց գլխավոր դատախազը չէր կամենում կամ չէր կարողանում պատասխանել, «լղոզում էր»՝ ասելով. «Այստեղ ուրիշ խնդիրներ կան, մի՛ փորփրեք»։ Օգնում էր նաեւ հումորը։ Ասուլիսից պարզ դարձավ, որ «Չինական վարկի» գործն ավարտելուն խանգարում է ոչ թե ապացույցների պակասը, այլ այն, որ դեռ չի լուծվել վնասի փոխհատուցման հարցը. 5 մլն դոլար վարկից առայժմ փոխհատուցվել է միայն մեկ միլիոնը։ «Ես խնդիր եմ դրել՝ այս ամսվա վերջին մեղադրականը պիտի հաստատեմ, ուղարկեմ դատարան։ Վե՛րջ»։

Ռոմեն Ղազարյանի հարցին անդրադառնալիս պրն Խաչատրյանը նկատեց. «Քիչ էր մնում ամենամեծ էշին ախոռում թողնեինք»։ Ռ. Ղազարյանը փախուստի մեջ է, նրա կալանքի սանկցիան ստորագրված է։ Հայտնի է, որ Մոսկվայում է։ Ինչ վերաբերում է այն չորս պատգամավորների անունները տալուն, որոնց մասին ասում էր Սերժ Սարգսյանը, պրն դատախազը կարճ կապեց. «Ա՛յ մարդ, ի՞նչ եք պատգամավորներին վախեցնում։ Էդ որ չորս են ասում, կարող ա երկու դառնա կամ ավելանա»։ «Իսկ ի՞նչ վիճակում է Աղվան Վարդանյանի գործը» հարցին որոշակի ճշտում մտցվեց. «Ուզում ես ասել՝ Զուրաբյանի՞ գործը։ Մարդու նկատմամբ (նորից ճշտեմ, խոսքը Աղվան Վարդանյանի մասին է – Լ. Ա.) խուլիգանություն են կատարել, մարմնական վնասվածք են պատճառել։ Պիտի դատի տրվի խուլիգանության հեղինակը։ Վերջացավ»։

«Ախր, նկատի ունեցեք,- թախծոտ նկատեց պրն Խաչատրյանը,- երբ դեպքը կատարվում է, ականատեսներն ասում են, որ ոչ մի բան չեն նկատել։ Ո՞նց չես տեսել։ Թե՝ գլուխս թեքել էի, սիրուն աղջիկ էր անցնում, նրան էի նայում։ Բարդությունը սա է»։ Կառավարության կողմից դատական պրոցեսներին ուղղություն պարտադրելու, ճնշումներ անելու մասին հարցին Հենրիկ Խաչատրյանը պատասխանեց, որ «ոչ ճնշող կա, ոչ էլ ճնշվող»։ «Մամուլում հայտնվում են լուրեր, որ ես անսահմանափակ թվով բարեկամներ ունեմ։ Թե որտեղի՞ց են ծլում էդ բարեկամները, չեմ հասկանում»։ Հետաքրքիր մի թիվ ասաց գլխավոր դատախազը. «Կալիֆոռնիայում այսօր միայն 5000 հայ կալանավոր կա։ Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանում կալանավորների թիվը 6500 է»։

Ինչ վերաբերում է Նկարիչների միության նախագահ Պողոս Հայթայանի դեմ հարուցված քրեական գործին, ապա նա կալանավորված չէ, ընդունել է իրեն ուղղված մեղադրանքները, արդեն վերադարձրել է գումարի մի մասը՝ 20.000 դոլար կաշառքը։ «Եկեք էլ էս թեմայով չխոսենք։ Գործը դեռ քննության մեջ է»,- այս հարցը փակեց պրն Խաչատրյանը։ Նախագահական ընտրություինների ժամանակ գրանցված խախտումների հետեւանքով հարուցվել է 9 քրեական գործ, որոշ դեպքեր էլ դեռ բացահայտված չեն։ «Ձեզ հաջողություն։ Դուք էլ մեզ հաջողություն մաղթեք»,- արդեն ավանդական խոսքերով ասուլիսը եզրափակեց ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը՝ հաստատ իմանալով, որ մեր հաջողություն մաղթելուց չէ կախված իր հաջող կամ անհաջող լինելը։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031