Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԱ ՔԵԶ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ԵՎ ԱԺ-Ի ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ

Մայիս 21,1998 00:00
Azgayin joxov

Ենթադրելի էր, որ ԱԺ-ի արտահերթ նիստում երեկ պիտի բախումներ լինեին։ Սակայն դրանք սպասվում էին այլ օրինագծերի՝ «Կառավարության կազմավորման եւ հրաժարականի» կամ «Իշխանության մարմինների ղեկավար աշխատողների եւ մասնագետների պաշտոնային դրույքաչափերի» քննարկման ժամանակ, որոնց երեկ իսկի հերթ չհասավ էլ եւ արտահերթ նիստն այսօր շարունակելու է աշխատանքները։ Փոխարենը երեկ ԱԺ-կառավարություն փոխհարաբերություններում սոսկալի լարվածության տեղիք տվեցին պատգամավոր Վարդան Խաչատրյանի օրենսդրական երկու նախաձեռնությունները։ Դրանցից առաջինն այնպիսի անվանում ուներ՝ «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», որ ենթադրելով, թե խոսքն էլի զուտ նեղ տնտեսական խնդրի մասին էր՝ շատ ոչ մասնագիտացված լրագրողներ (նաեւ ես) անգամ չէինք էլ հետեւել նախաձեռնության ներկայացմանը ու հարցուպատասխանին։ Ու միայն ելույթների ժամանակ (դրանք 15-ից ավելին էին) պարզ դարձավ, որ սա ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական եւ առավել՝ սոցիալական հնչեղություն ունեցող նախաձեռնություն է։

Հանրամատչելի բացատրությամբ, Վարդան Խաչատրյանն, ըստ էության, առաջարկում էր նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից՝ 28 հազար դրամից ցածր աշխատավարձից եկամտահարկ չգանձել։ Կառավարության ներկայացուցիչը՝ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Էդվարդ Մուրադյանը խիստ դեմ էր արտահայտվում այս նախաձեռնությանը, ապարդյուն կոչ անում այն հետ վերցնել՝ ինչ-ինչ փոխհամաձայնեցված տարբերակներ խոստանալով։

«Ժամանեցինք, տեղ հասանք»,- արձանագրեց Պարույր Հայրիկյանը բավական հեգնանքով արհեստավարժների կառավարությանն առաջարկելով այժմ ԱԺ-ում քաղաքական դաշնակիցներ գտնել, որոնք այս հարցում կանտեսեին ժողովրդի շահերը։ Բնական էր, որ պիտի (Արմեն Եղիազարյանի բնորոշմամբ) «լավ իմաստով՝ պոպուլիստական» ելույթներ հնչեին։ Պատգամավորներն անբարոյական էին անվանում ցածր աշխատավարձերից եկամտահարկ գանձելը, չափազանցված՝ կառավարության այն տվյալները, թե այսպիսով բյուջեում կորուստներ կունենանք։ Նվազագույն զամբյուղ հասկացության նախկին մենատեր Սեյրան Ավագյանն, ասենք, կառավարությանը մեղադրեց եկամտահարկի 70 տոկոսն աղքատներից հավաքելու մեջ։

Վիգեն Խաչատրյանը չարախնդաց, որ «թերսնված արհեստավարժներ ենք ունենալու», թվացյալ զարմանք արտահայտելով այն փաստի առնչությամբ, որ չնայած փոխնախարարի աշխատավարձից եկամտահարկը հանելու դեպքում նա էլ «նվազագույնից» ներքեւ կհայտնվի, բայց, չգիտես ինչու, չի բողոքում այդ փաստի առնչությամբ։ Մի խոսքով ազգիս սոցիալական վիճակը ծանրացել էր պատգամավորների սրտին։ Եվ կառավարությունն իրենը պնդելու համար ստիպված բազմաթիվ «համոզիչների» էր ԱԺ գործուղել, որոնք նաեւ Վարդան Խաչատրյանի վրա էին ճնշում բանեցնում, որպեսզի իր նախաձեռնությունը հետ վերցնի կամ գոնե քվեարկությունը 15 օրով հետաձգվի։ Հանկարծակի դահլիճում հայտնվեց նաեւ Խոսրով Հարությունյանը, որն առողջական վիճակի պատճառով նախորդ օրվանից նիստերին չէր մասնակցում։

Իսկ դեռ ծրագրի քննարկումներից հայտնի էր, որ այս կառավարությանը խորհրդարանում բարձրաձայն պաշտպանելու համարձակություն ունեն միայն ԱԺ նախագահը, Երեւանի փոխքաղաքապետը եւ Գյումրիի մարզպետը։ Վերջինս երեկ էլ նման մի փորձ արեց՝ կրկնելով այս նախաձեռնությունը հետաձգելու մասին առաջարկը, բայց ստիպված էր «մի րոպե, հոպ» գոռալ, քանզի բոլորը սկսեցին ծիծաղել։ Ի դեպ, հետո էլ պրն Գոմցյանը (իր փոխարեն) չմասնակցեց քվեարկությանը, սակայն իր երկու բացակայող ընկերների փոխարեն չգիտես ինչու ձեռնպահ քվեարկեց։ Խոսրով Հարությունյանը պաշտպանությունն այլ մարտավարությամբ էր իրականացնում։ Խոսելով հնարավորից ելնելու անհրաժեշտության մասին, որպեսզի բյուջետային անհավասարակշռություն չառաջանա՝ նա առաջարկում էր այս հարցին 2-րդ ընթերցմամբ անդրադառնալ կառավարության երեկ ներկայացված հարկային օրինագծերի փաթեթի քննարկումից հետո (իր ելույթում Ավետ Գրիգորյանը հիշեցրեց, որ համանման նախկին փաթեթն անցած տարվա դեկտեմբերին են ընդունել՝ եւ «դրա վրա դեռ թանաքը չի չորացել»)։ Հենց Խոսրով Հարությունյանն էլ մեջտեղ բերեց կառավարության այն գրավոր եզրակացությունը, թե այս նախաձեռնությունը բյուջեի փոփոխության կբերի։

Մինչդեռ Վարդան Խաչատրյանը նախապես պնդում էր. «Եկամտահարկի գծով բյուջեն կատարված է եւ այս օրենքն ընդունելով որեւէ փոփոխություն չի լինելու»։ Վերոհիշյալ փաստաթղթի մեջտեղ գալուց հետո ստիպված եղավ վերանայել այս փոփոխություններն ուժի մեջ մտնելու նախնական ժամկետները եւ, ըստ այդմ, օրենքը կգործի ոչ թե 1998-ի հուլիսի 1-ից, այլ 1999-ի հունվարի 1-ից։ Ի դեպ, Խոսրով Հարությունյանն «Առավոտին» տրված հարցազրույցում հերքեց, թե այդ փաստաթուղթը նոր էր հայտնվել. «Այն դեռ ապրիլին էր գլխադասային հանձնաժողովին ուղարկվել։ Ինձ համար անհասկանալի է, թե օրենսդրական նախաձեռնության հեղինակն ինչպես այն չէր տեսել ու ծանոթացել։ Համենայնդեպս, ես համոզված եմ, որ նա գիտեր այդ մասին»։

Առանձնահատուկ է «Երկրապահի» դիրքորոշման հարցը, քանզի խորհրդարանական այս ոչ որակյալ մեծամասնության ներկայացուցիչներն, այնուամենայնիվ (որոշակի վերապահումներով), հավանություն են տվել կառավարության ծրագրին։ Այս դեպքում «Երկրապահը» հրաժարվեց նախապես հայտարարված ելույթից, սակայն խմբի անդամները բացառապես «կողմ» քվեարկեցին այս նախաձեռնությանը։ Ընդհանրապես, ոչ ոք դեմ չքվեարկեց։ 101 կողմ, 3 ձեռնպահ եւ 31 չքվեարկածներ՝ ահա թե ինչպես այս օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։

Կանխատեսենք, որ այս օրենքի համար արդեն իսկ ապահովված է նախագահի վետոն, եթե երկրորդ ընթերցման ժամանակ լուրջ փոփոխություններ չլինեն։ Ըստ ամենայնի, ոչ պակաս բուռն է անցնելու Վարդան Խաչատրյանի երկրորդ նախաձեռնության երեկ սկսված քննարկումը։ Սրա էությունն էլ ավելացված արժեքի հարկը 20-ից 15 տոկոսի իջեցնելն է։ Եվ նորից պրն Խաչատրյանը վստահեցնում էր, թե այս փոփոխությունները պետական եկամուտների վրա չեն ազդի։ Բայց արդեն իսկ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդուարդ Սանդոյանը հակառակ տվյալները ներկայացրեց՝ որ բյուջեի եկամուտների 19 մլրդ-ով նվազեցման կբերի այս առաջարկի ընդունումը։

Վիկտոր Դալլաքյանի այն հարցին, թե արդյոք սա դանդաղ գործողության ռո՞ւմբ է, պրն Սանդոյանը պատասխանեց, թե «բավական էլ բացահայտ, պարզ, լավ երեւացող եւ արագ գործողության ռումբի» հետ գործ ունենք։ Նաեւ խիստ հանդարտ ձայնով մի շարք ծանր մեղադրանքներ ուղղեց խորհրդարանին, թե այս օրինագծերն ուղղակի հակասում են իրենց կողմից վստահության արժանացած ծրագրին եւ դրա մերժումն են նշանակում։ Եվ ամենակարեւորը, որ ԱԺ-ն այսպիսով փորձում է խանգարել կառավարությանը, ձախողել նրա աշխատանքները՝ նախընտրական եւ պոպուլիստական նպատակներով։ Ի դեպ, Ռոբերտ Մնացականյանը հիշեցրեց, որ ԱԱՀ-ի իջեցման նախաձեռնությունը ներկայացվել է 1997-ի հոկտեմբերի 3-ին։ Այն ժամանակ այս արհեստավարժ կառավարության «հոտն անգամ չկար»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031