Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

Մայիս 20,1998 00:00
Ara galoyan

Լրագրողին հաճելի է, երբ իրեն պատասխանում են։ Հատկապես, երբ պատասխանում են պաշտոնատար անձինք։ Լրագրողի իմ տեսակի համար երիցս հաճելի է ջուխտակ էներգետիկ պաշտոնյայի տեսակի պատասխանը։ Այն, որ պատասխանում են, նշանակում է, դեռ հարգում են տառերը ու դեռ արժանապատվության պես մի բան էլ է մնացել։ Նախ նշեմ, որ «Հրազդանյան աշտարակաշինություն բաբելոնյան լավագույն ավանդույթներով» հոդվածիս միայն վերնագիրն էր դուր եկել պատասխանող կողմին՝ պատասխանահամահեղինակ Ս. Կոտոլիկյանին եւ Ս. Երիցյանին։ Չեմ թաքցնում, չէի ուզենա, որ այս հոդվածի որեւէ տող դուր գար նրանց։ Հետեւաբար հոդվածս անվերնագիր եմ հրապարակում։

Պարոնայք համահեղինակներին դուր չէր եկել այն, որ գրելով Հրազդանի ՋԷԿ-ի 5-րգ էներգաբլոկի շինարարության վարկի մասին, այն մասամբ որակել էի որպես մութ պատմություն։ Հեղինակ զույգը ենթադրել էր, որ միայն ինձ համար է այն մութ ու խավար։ Մանրամասն լուսավորել էին՝ բացատրելով, որ Ռոստովն արտասահման չէ, ու նման կարեւոր լիքը այլ բաներ։ Լիքը այդ բաներից մեկն էլ այն էր, թե մամուլում շատ հիմնավոր «խոսվել է նաեւ 5-րդ էներգաբլոկի անհրաժեշտության մասին»։

Պարզվում է, որ շատ է խոսվել ու միայն «Արա Գալոյանի անտեղյակությունն» է պատճառը։ Նույնիսկ մատնանշվում էր այն մամուլը, որտեղ խոսվել է այդ մասին՝ «կոնկրետ «Հայաստանի Հանրապետութիւն», 1988 թ. փետրվարի 28-ի թիվ 39 համարում»։ Ես, իհարկե, հաշվի կառնեի համահեղինակ զույգի խորհուրդը, անմիջապես կփորձեի գտնել այդ հոդվածը։ Անպայման կփորձեի իմ անտեղյակ գլխին կարդալ այն։ Բացառված չէ, որ դրանով կզբաղվեի ամեն առավոտ, պարբերաբար ջրային շփումներով զուգորդելով այն։ Թարսի պես, հաստատ հիշում եմ, որ «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթ 88-ին չկար։ Այսօրվա պես հիշում եմ. «Սովետական Հայաստան» կար, «Ավանգարդ» կար, «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» կար, հավանական է, որ համահեղինակներն էլ կային, ա՛յ, «Անաստված» ամսագիրն արդեն չկար։ Իհարկե, ինչպես միշտ, կար քրեական օրենսգիրքը։ Տեսնո՞ւմ եք, որքան լավ եմ հիշում։

Բոլոր անտեղյակներին. «ՀՀ» օրաթերթը լույս է տեսնում 1990 թ. հոկտեմբերի 9-ից։ Ի՞նչն է մութ էներգետիկ վարկային ծրագրում: Նախ՝ ես, որպես տնտեսական լրատվության ոլորտում աշխատող լրագրող, օգտվում եմ բացառապես պաշտոնական աղբյուրներից։ Ստորեւ ներկայացվող բոլոր թվերն ու փաստերը բերվում են մի փաստաթղթից, որը ստորագրել է համահեղինակ զույգից մեկը՝ ԾԻԳ-ի տնօրեն Ս. Երիցյանը։ Համենայնդեպս, այդ ազգանունն է նշված «Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության մասին» տեղեկանքի շապիկին։ Ճշտենք մեկ հարց եւս. պատասխանող զույգն անվճար դասընթացների պես մի բան է հրամցրել, նշելով. «Լրագրողի կոչումը ոչ թե ոճաբանական կիրթ հնարքներով ու չակերտների մեջ առնված բառերով մարդկանց ուշադրության կորզումն է» եւ այլն։ Սույն տեքստը անհամեստորեն ինձ վերագրելով (նախորդ հոդվածում հնարքները չգիտեմ, բայց չակերտներ օգտագործել եմ), խոստանում եմ իմ հնարքները չբանեցնել։ Ինչպես նաեւ հնարավորին չափ քիչ օգտվել չակերտներից։

Պետք է նշել, որ սույն խոստումը մեծ զոհողություն է։ Թե չէ կարելի էր չակերտներ բացել ու տեղեկանքից մեջբերումներ հրամցնել։ Օրինակ. «Ջերմաէլեկտրանախագիծ» ինստիտուտի Ռոստովի մասնաճյուղի կողմից որոշվել է 5-րդ էներգաբլոկի թողարկման նախագիծը, որը հաստատվել է «Հայէներգոարդ» պետական ձեռնարկության հրամանով»։ Ընդունեք, որ նման մեջբերումը ծաղրելը բարդ բան չէ։ Բարդ բան չէ բոլոր նրանց համար, ովքեր մի պուճուր հայերեն գիտեն։ Պատկերացնո՞ւմ եք, նախագիծը հաստատվել է ոչ թե ՊՁ ղեկավարի հրամանով, այլ ամբողջ ձեռնարկության։ Այդ ամբողջ ձեռնարկությունը 1993 թ. մարտի 11-ին վերցրել ու հաստատող հրաման է տվել. ղեկավարով, տեղակալով, հավաքարարով, հարեւան-բարեկամով։ Սակայն խոստանում եմ, որ նման բան չեմ անի եւ կշարադրեմ միայն այն, ինչ մութ է։

1. Էներգաբլոկի նախահաշվային արժեքը, ըստ Տեղեկանքի մի տվյալի՝ 320 մլն ռուբլի է (1984 թ. գներով), իսկ Տեղեկանքին կից թիվ 1 հավելվածի տվյալներով՝ մոտ 275 մլն ռ.։Ընդ որում՝ մինչեւ 1993 թ. հունվարի 1-ը ծախսվել էր մոտ 108 մլն ռուբլի։ Փաստորեն, եթե խորհրդային ռուբլին չարժեզրկվեր, մնացորդային մոտ 167 մլն ռուբլի էր պետք շինարարությունն ավարտելու համար (այս թիվը կարելի է հիշել)։ Սակայն էներգետիկ ճգնաժամի տարիներին գերմանական Բրեխտել ընկերությունը հաշվարկել է, թե շինարարության ավարտի համար անհրաժեշտ է մոտ 90 մլն դոլար։ Նշենք, որ Բրեխտելին հրավիրել էր Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը։ Հետո, 1993-ի մարտին նույն բանկը, նույն մնացորդային աշխատանքները գնահատել էր մոտ 83 մլն ռուբլի։ Մեր մասնագետները համաձայնվել էին ու 1993 թ. մայիսին վավերացվել է 57,4 մլն դոլարի վարկ։ Հիշեցնենք. 1984-ի գներով անհրաժեշտ էր առնվազն 167 մլն ռուբլի, իսկ 1993-ին՝ մոտ 83 մլն ռուբլի։ Չեմ կարծում, թե որեւէ ոլորտում մասնագետ է պետք լինել, հիշելու համար շինանյութերի ու սարքավորումների խորհրդային էժան գները։Նշենք նաեւ, որ խորհրդային նախահաշվային փաստաթղթերում դժվար թե ենթադրվեր ծախսեր խորհրդատուների համար։ Իսկ նոր նախագծում այն գնահատված է շատ համեստ՝ 3,8 մլն դոլար (նկատեցի՞ք, համեստ բառը չակերտված չէ)։

2. Գոնե ինձ անհասկանալի է, թե ինչու 45,796 մլն դոլար ծախսելուց հետո պարզ դարձավ, որ վարկային 57,4 մլն դոլարը բավարար չէ շինարարության ավարտի համար։

3. Ավելին, ինձ հասկանալի չէ, թե ինչպե՞ս է ծախսվել 45,7 մլն դոլարը։ 1994 թվականից ծախսերի արդյունավետությունը ստուգվել է 9 անգամ։ Ինձ հետաքրքիր է նաեւ, թե ինչու հստակ չեն նշվում նաեւ ստուգման արդյունքները։ Ուշադրություն դարձրեք հատկապես 3-րդ կետի խորիմաստ բացատրության վրա։ Ինչպե՞ս է հնարավոր, որ հանձնաժողով կազմում է ֆինանսների նախարարությունը, բայց ստուգման արդյունքը նույն նախարարությանը ներկայացնում է այլ՝ էներգետիկայի նախարարությունը։ Կարելի՞ է ենթադրել, որ ֆիննախարարության հանձնաժողովը չի աշխատել, ասենք, գործից բան չհասկանալու կամ տրամադրություն չունենալու պատճառով։ Եթե ես չեմ կարող ասել, որ փաստաթղթի սույն հատվածը անգրագետ է կազմված, ապա ընթերցողները կարո՞ղ են եզրակացնել, որ այն գրագետ չի կազմված։ Նշենք, որ տեղեկանքին կից հավելվածներում ՀՀ էներգետիկայի նախարարության կարծիքը չկա։

4. Ինձ հետաքրքրում է, թե ինչո՞ւ 1996 թ. դատախազության գլխավորած հանձնաժողովը արդեն ուղիղ երկու տարի է վերջնական եզրակացություն չի ներկայացրել։ Գոնե այս փաստը ես կարո՞ղ եմ մութ անվանել։ Ինձ հետաքրքրում է նաեւ, կարո՞ղ եմ նման որակում տալ 1997 թ. սեպտեմբերից սկսված ստուգումներին։

5. Ինձ հետաքրքրում է նաեւ, թե ինչո՞ւ Ազգային ժողովի Վերստուգիչ պալատը չորս ուրիշ վարկ ստուգելով, չորսում էլ խախտումներ է արձանագրել, իսկ միջազգային համարվող աուդիտների մի մասը ստուգումներից հետո դիտողություններ չի անում։

6. Ինձ համար շատ մութ է նաեւ, որ համաձայն Տեղեկանքի, էներգաբլոկի վարկային պայմանագիրը անցած 56 ամսվա ընթացքում «գործել է ընդամենը 27 ամիս, այլ խոսքով՝ վարկը դադարեցված է եղել 29 ամիս»։ Ես կարո՞ղ եմ ասել, որ աշխատանքային նման արդյունավետությունը մեր՝ իգիթի պես արհեստավարժներին վայել չէ։

7. Էներգետիկայի նախարարի կարծիքով, Հրազդանի 5-րդ էներգաբլոկի շինարարության արժեքը մոտ 140 մլն դոլար է։ Մինչդեռ նույն Բրեխտելն այսօր արդեն 108 մլն դոլար է գնահատում։ Ես կարո՞ղ եմ ՀՀ նախարարին արհեստավարժի տեղ դնելով՝ հավատալ նրա թվերին։ Կամ կարո՞ղ եմ պնդել, որ շինարարության արժեքը ընթացքում մի փոքր մեծանալու է եւ հավասարվելու խորհրդային 160 մլն ռուբլի մնացորդային արժեքին։

8. Որեւէ մեկն իրավունք ունի՞, արդյոք, հարցնելու՝ պետությունը կգնա՞ր 100-120 մլն դոլար պարտք վերցնելու գնով շինարարության ավարտին։ Եթե, իհարկե, մեր մասնագետները ժամանակին կարողանային այդ հաշվարկն անել։

9. Որեւէ մեկը իրավունք ունի՞ հրապարակելու այն գումարի չափը, որ այսօր հանրապետությունը ծախսում է 5-րդ էներգաբլոկի սարքավորումների ու կոնստրուկցիաների պահպանման նպատակով։ Արդեն մոտ 2 մլն դոլար է ծախսված։ Դժվար թե որեւէ մեկը այս թիվը համեստ որակի։ Իսկ Դուք կհրապարակե՞ք, թե որքան է տրանսֆորմատորը եւ մյուս սարքերը արտասահմանում պահպանելու ծախսը։ Մանավանդ որ դրանք Հայաստան տեղափոխելու հնարավորությունը կարծես լուծված չէ։ Արդյունքում հնարավոր է, որ մեր փողերով ամրացվեն ե՛ւ մեր, ե՛ւ վրացական երկաթուղային կամուրջներն ու պլատֆորմները։ Կամ տրանսֆորմատորն այդպես էլ չի տեղափոխվի Հայաստան։

10. Լրագրողական հնարքներ չբանեցնող ցանկացած մեկը 14 տարվա պատմություն եւ զուտ շինարարական 11-ամյա շարունակություն ունեցող շինարարությունը կարո՞ղ է բաբելոնյան աշտարակաշինություն որակել։ Եթե ոչ, կարելի՞ է այն համեմատել չինական մեծ պարսպի հետ, որին փիլիսոփաներից մեկը չինական մեծ հիմարություն է անվանել։ Ախր, պարիսպն այդպես էլ չկատարեց իր «նախագծային» ֆունկցիան՝ երկիրը չպահպանեց թշնամիներից։ Եվ որ ամենակարեւորն է՝ պարսպի շինարարությունն էլ սկսելիս ոչ ոք չգիտեր նախագծային մոտավոր արժեքը։

11. Ի՞նչ է նշանակում «Վարկի գումարի մարումը պետք է սկսվեր 1997 թ. եւ ավարտվեր 2007 թ.»։ Կարելի՞ է ենթադրել, որ չի սկսվել մարումը, եւ համապատասխան դատողություն անել մեր վարկունակ երկրի չինովնիկի աշխատանքի արդյունավետության մասին։ Թե՞ սկսվել ու մարվել է։

12. Եվ վերջապես, Տեղեկանք ներկայացնելիս ինչո՞ւ չեք համապատասխանեցնում թվերը։ Ձեր Տեղեկանքի 9-րդ մասում գրում եք, թե պահպանման ծախսերը կազմել են 1 մլն 424 հազար։ Տակը նշում՝ Տե՛ս հավելված 6։ Բացում ես հավելված 6, ու տեսնում, որ պահպանման ծախսերը կազմել են 1 մլն 915 հազար։ Հնարավո՞ր է ենթադրել, թե Ձեր համար Տեղեկանք կազմելը խիստ բարդ, մոտավորապես անհնար աշխատանք է։ Թե՞ հարկավոր է ենթադրել, որ Տեղեկանք կազմողների համար 491 հազար դոլարը փող չէ։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Հ.Գ. Լրագրողի հայ տեսակը կարո՞ղ է հայ չինովնիկից պարզ պատասխան ակնկալել։ Թե՞ այդ պատասխանում միայն վիրավորանք է լինելու եւ ժուռնալիստիկայի մասին չինովնիկի կարծիքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031