Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԱԲԻՍ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մայիս 20,1998 00:00
Agasi enoqyan

Հայոց շոու բիզնեսի հսկա Արամ Ասատրյանի մասնակցությունը իշխանական խնջույքներին պարզապես երաժշտական նախասիրության արդյունք չէ, այլ՝ ռաբիսի եւ քաղաքականության միահյուսման լավագույն խորհրդանիշը: Իսկական ռաբիսություն էր «Նաիրիտը» փակելու պահանջով 88-ի երթը դեպի ԿԳԲ: Իսկ դաշնակներին փակելու առթիվ 95-ի սկզբին Պետքարտուղարության մտահոգությանը ՀՀՇ վարչության պատասխանը՝ ԱՄՆ-ին թմրաբիզնեսի եւ ահաբեկչությանը հովանավորության մեղադրանքներով, արդեն լրիվ քոլոզով երգ էր: Եթե հպատակները համաձայն են պետական ինստիտուտների եւ քաղաքական պրոցեսների փոխարեն տեսնել ու օգտագործել դրանց նմանակները, որոնք բովանդակություն կրելու պարտադրանք չունեն, ապա կառավարիչները կառավարելու փոխարեն կարող են պարզապես իշխել եւ ցուցադրել դրանց պլակատները: Գոյատեւելու տրամաբանությունը պահանջում է ազգի նկատմամբ կիրառել նրա գաղափարախոսությանը համապատասխան քաղաքականություն, այսինքն ռաբիս ազգային գաղափարախոսությունը ենթադրում է ռաբիս քաղաքականություն:

Իրավիճակն ավելի է խորանում Հայաստանի քաղաքական մեկուսացման պատճառով: Գնալով պակասում են արտաքին քաղաքական իրավիճակի վրա մեր ազդեցության լծակները, հավաքված քաղաքական շլակն արդեն զրկում է «մանեւրելու» փառաբանված հնարավորությունից ու տարածաշրջանային գործընթացներում մեզ վերագրվում է կրավորական ֆունկցիա: Այս իրողությունը հնարավորություն չի տալիս Հայաստանի քաղաքականությանը տալ օբյեկտիվ գնահատականներ, որի պատճառով թվում է, թե «ինչ կուզենք, կանենք»: Որպես նախընտրական պարզ հնարք կարելի է հայտարարել, թե մի երկու ամսով Ղարաբաղն արդեն Հայաստանի մաս է, առանց դրա միջազգային քաղաքական հետեւանքների մասին մտածելու: Ենթադրվում է, որ կամային որոշումները, սուռոգատային գործելակերպը որեւէ կերպ չի ազդում աշխարհում ունեցած մեր դերի եւ ֆունկցիաների վրա: Նշանակալի չափով նույնը վերաբերում է նաեւ ներքին քաղաքականությանը: Տնտեսությունը եւ բնակչության գոյատեւումը հիմնականում տեղի է ունենում մնացած ռեսուրսների եւ վարկերի սպառման շնորհիվ, ինչը հնարավորություն է տալիս «տնտեսական բարեփոխումներ», «սեփականաշնորհում» կոչել անթաքույց թալանը:

Ժողովրդավարությունը, որ համարվում է ժամանակակից քաղաքակրթության քաղաքական հիմքը, մեզանում կրկին նույն ռաբիս տեսքն է ստանում: Հիմնական է համարվում ոչ թե ազատությունը, ինչին պետք է ծառայի ժողովրդավարական համակարգը, այլ քվեներում կեղծելն ու այդ կեղծիքները հայտնաբերելը: Ռաբիսի հիմքը, ինչպես արդեն նշվել է, թերի ինֆորմացիայով բավարարվելն է եւ ինքնախաբեությամբ այդ տվյալները ու դրանց վերլուծության հիման վրա ստացված արդյունքները իրականությանը համարժեք համարելն է: Սա հանգեցնում է «մենք ամեն ինչ գիտենք» վարքագծային հրամայականին՝ հետզհետե նեղացող աշխարհայացքային դաշտով: Սա հնարավոր է դարձնում «պետական» կենցաղային մտածողության այն կերպը, երբ քաղաքացին ենթադրում է, որ եթե իր մորեղբորորդին ժէկի պետ է, ապա հանուն իր եւ իր մորեղբորորդու շահերի, նա պարտավոր է քվեարկել գործող նախագահի օգտին: Նույն հիմքն ունի նաեւ երշիկային նոստալգիայի հիման վրա մյուս թեկնածուին սատարելը:

Պարտավոր ենք մտածել, որ մեր իշխանություններն իրենց հպատակներից ավելի խելոք են եւ ինֆորմացված: Այս մոտավորությամբ ակնհայտ է, որ քաղաքական իրողություններին անհամարժեք քաղաքականությունը ոչ այնքան իշխանավորների ռաբիս մտածողության արդյունք է, որքան բնակչության սուռոգատային աշխարհընկալումը չարաշահելու հիման վրա՝ իրականության պատկերների նենգափոխման արդյունք: Տնտեսության բնագավառում տնտեսական աճի փոխարեն նպատակ է դրված առավելագույն հարկեր սահմանել ու հավաքել, իսկ մեռելահարկի առասպելը ԿԳԲ-ի տարածածը չէր, այլ ապագան կանխագուշակելու ժողովրդական փորձ: Լեգիտիմ ու ադեքվատ գործող իշխանություններ ստեղծելու փոխարեն ՀՀՇ-ն իր վրա կուսակցությունների բողբոջներ էր աճեցնում ու իրեն զարդարում էր դրանցով, իսկ այժմ իշխանական վերնախավում ամեն կուսակցությունից մեկական հոգի է տեղավորվում, այլափոխելով իրողությունը, բայց վերաներկելով պլակատը: Կրկին վավաշոտ կրքերի առարկա է դարձել Սահմանադրությունը՝ ոչինչ, Բոլիվիան իր հեղափոխությունից հետո 16 սահմանադրություններ է փոխել:

Լավ է, գոնե ավելի հազվադեպ ենք լսում «փաթեթային-փուլային» հանգերգը: Ու թվում է, թե՝ մեզ ինչ, մենք մեր կենցաղն ունենք, իշխանությունն իր բարքերը, մենք ապրում ենք մեր հացը վաստակելու համար, նա՝ քաղաքականություն կերտելու: Լավ է, գոնե կա ամենապարուր ու ամենափրկիչ ռաբիսը, որը ստեղծում է գործունեության ու փոխըմբռնման ընդհանուր միջավայրը, ազգային համաձայնությունը, անկախությունը, դիվանագիտությունը, տնտեսական աճը, ու էլի շատ ու շատ լավ բաներ, որ պարտավոր ենք ունենալ:

ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031