Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԽԵ՞Լ, ԹԵ՞ ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

Մայիս 20,1998 00:00
Armen Bagdasaryan

Փառք Երկնավորին։ Վերջապես Հայաստանը եւս մի վիթխարի քայլ կատարեց դեպի ժողովրդավարական հասարակարգ։ Մայիսի 18-ին «Արդարություն եւ միասնություն» համագործակցության հիմնադիրները հանդիպել են ՀՀ նախագահի հետ եւ ի թիվս այլ հարցերի նշել նաեւ, թե «առանձնակի կարեւորություն ունի տվյալ հիմնախնդրի («Ռեսպուբլիկա Արմենիա» թերթում ստեղծված վիճակի- Ա. Բ.) մեկ այլ կողմը՝ խոսքը պետական զանգվածային լրատվության միջոցների, այդ թվում «Ռեսպուբլիկա Արմենիա»-ի խմբագրության մի մեծ խումբ աշխատակիցների պատասխանատվության մասին է նախկին ռեժիմի գործողությունների պրոպագանդիստական պաշտպանության եւ արդարացման, բազմաթիվ ազնիվ մարդկանց հասցեին հերյուրանքների տարածման եւ հետապնդման կազմակերպման համար» («Ազգ», 19 մայիս)։

Ինչպես տեսնում եք, նոր իշխանությունները պատրաստ են թեւերը քշտած լրացնել նախորդների թերացումները։ Չէ՞ որ ակնհայտ է, եթե ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը գնդակահարեր կոմունիստների հետ համագործակցած լրագրողներին, այլեւս ոչ ոք չէր հանդգնի ստանձնել իր գործունեության պրոպագանդիստական պաշտպանությունը, եւ այսօր էլ նոր իշխանությունների առջեւ նման խնդիր չէր առաջանա։ Այս առումով «Արդարություն եւ միասնություն» համագործակցության նախաձեռնությունը պետական մտածողության հիրավի փայլուն դրսեւորում է եւ կոչված է մեր հասարակությունն ազատել նեխած-փտած լիբերալիզմի քսու վարձկաններից ու գաղջ պնակալեզներից։ Մենք նույնպես կոչ ենք անում, հանուն ժողովրդավարության եւ խոսքի ազատության, պատասխանատվության ենթարկել նախկին ռեժիմը պաշտպանած բոլոր լրագրողներին եւ առաջարկում ենք.

1. Նախկին ռեժիմի ազգադավ գործունեությունը (անկախ գործունեության ձեւից) պաշտպանած լրագրողներին գնդակահարել։

2. Նախկին ռեժիմի գործունեությունը ոչ միայն պաշտպանած, այլեւ արդարացրած լրագրողներին նստեցնել էլեկտրական աթոռին, ապա գնդակահարել։

3. Այն լրագրողներին, ովքեր պաշտպանել են նախորդ իշխանություններին, իսկ հիմա պաշտպանում են նորերին, չպատժել՝ ներկա գործունեությունը գնահատելով որպես նախկինում կատարված հանցանքի հատուցում։

4. Այն լրագրողներին, ովքեր չեն պաշտպանել նախորդ իշխանություններին, իսկ հիմա էլ պաշտպանում են նորերին, պաշտոններ տալ (եթե դեռ չեն տրվել)։

5. Այն լրագրողներին, ովքեր չեն պաշտպանել նախորդ իշխանություններին ու հիմա էլ նորերին չեն պաշտպանում, ստիպել ներկա գտնվել առաջին կետով նախատեսված գործողություններին։

6. Պետական լրատվամիջոցներում աշխատանքի ընդունել միայն մահապարտներին՝ ստուգելով նրանց օձիքներում թույնի սրվակի առկայությունը։

7. Ոչ պետական լրատվամիջոցներին, որոնք պաշտպանել են նախկին իշխանություններին, ստիպել հիմա էլ պաշտպանել նորերին՝ առնվազն նույն ծավալով եւ անվճար։

8. Խոսքի ազատության եւ անկախ մամուլի աջակցության ծրագրի շրջանակներում կազմակերպել նախորդ իշխանություններին առավել ակտիվորեն պաշտպանած լրագրողների հրապարակային քառատում՝ տոմսերի վաճառքից ստացված ողջ շահույթը տրամադրելով անկախ մամուլի կայացմանը։ Ակնհայտ է, որ այս առաջարկներն ընդունվելու դեպքում Հայաստանը կթեւակոխի ժողովրդավարական զարգացման նոր դարաշրջան, իսկ հայկական մամուլում կվերականգնվի ոչ միայն արդարությունը, այլեւ միասնությունը։ Ու միասնաբար բոլոր թերթերի բոլոր հոդվածները կսկսվեն «այսքան ուրախ կյանքը մեր» բառերով։ Սա է ազգային միասնության հասնելու ամենակարճ ճանապարհը։

ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031