Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԿՐՔԵՐ

Մայիս 20,1998 00:00
Vasak Darbinyan

«Խոսրով Հարությունյանը զարմանալիորեն խոսում է չեղած բաների մասին՝ մասնավորապես նշելով. «Վիկտոր Դալլաքյանը դիմել է մեզ եւ խնդրել ծրագիրը, ես իրեն բառացիորեն ասել եմ. «Խնդրեմ, եկեք վերցրեք»։ Վիկտոր Դալլաքյանը պատասխանել է՝ «Բավարարված եմ»։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ վերջին երկու ամսում Խ. Հարությունյանի հետ հանդիպում կամ խոսակցություն չեմ ունեցել հետեւաբար, չէի կարող «բառացիորեն» ինձ վերագրվող բաներ ասել կամ «բավարարված» լինել»։

ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱԺ պատգամավոր, «ՀՀ», 14 մայիսի

Չնայած արտահայտված տեսակետները տրամագծորեն հակադիր են, սակայն երկուսն էլ գալիս են հաստատելու, որ Վիկտոր Դալլաքյանը, մասնավորապես, բավարարվում է Խոսրով Հարությունյանին հանդիպելու եւ նրա հետ զրուցելու դեպքում։ Եվ հակառակը. նրան չհանդիպելու, նրա հետ չզրուցելու դեպքում չի բավարարվում։

ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆՆ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻՆ

«Մենք պատրաստ ենք 3 տարի էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրացնել, եթե ներքին շուկայի պահանջարկը գոնե 50 տոկոսով ավելանա։ Ի վերջո, բարեփոխումներն անում է ժողովուրդը, արվում է ժողովրդի համար։ Առանց նրա ցանկության չի կարելի որեւէ հարց լուծել»։

ԳԱԳԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՀ էներգետիկայի նախարար, «ՀՀ», 15 մայիսի

Ժողովուրդը, գնահատելով կառավարության ամենօրյա հոգատարությունն իր հանդեպ, այսուհետ գիշերները լույսը վառ կքնի կամ առհասարակ չի քնի։ Այս կերպ 50 տոկոսով ավելի էլեկտրաէներգիա ծախսելով եւ բարեփոխելով իր կյանքը։ Իսկ երեք տարի հետո, երբ ամենքս վերջնականապես կկորցնենք քուն ու դադար՝ նոր բարեփոխում անելու նպատակով կառավարությանը կխնդրենք բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը։

ԿՈՐՉԻ՛ ԶԵՆՔԸ, ԿԵՑՑԵ՛ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

«Հասարակությունը, փաստորեն, հոգեպես լիովին առողջ չէ, զենքի մասին օրենքի ընդունումը խիստ վտանգավոր է։ Փոխանակ առողջ հասարակություն ստեղծելու, մենք զբաղված ենք քաղաքացիներին, ինքնապաշտպանության անվան տակ, զենք տրամադրելով»։

ԳԵՂԱՄ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ ԱԺ հանձնաժողովի նախագահ, «Հայոց աշխարհ», 16 մայիսի

Բանից պարզվում է՝ զենքի մասին օրենք չընդունելն անհամեմատ անվտանգ է։ Ելնելով այս նկատառումից՝ Ազգային ժողովը վերջնականապես կմերժի այն եւ փոխարենը կընդունի «Առողջ հասարակություն ստեղծելու մասին» օրենքը։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031