Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուս-հայկական հարաբերությունները կարող են զարգանալ միայն դրական ուղղվածությամբ»

Մայիս 19,1998 00:00
Gagik

Գ. Շահբազյան.

Ռուսաստանում ՀՀ դեսպանը առանձնապես ուշադրություն չի դարձնում իր պաշտոնանկության մասին պտտվող լուրերին:

-Պարոն դեսպան, ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլը։ Ինչպե՞ս կանդրադառնան Հայաստանում առկա փոփոխությունները այդ հարաբերությունների զարգացման ընթացքի վրա։

– Վստահ եմ, եթե լինեն փոփոխություններ, կլինեն միայն դրական ուղղությամբ։ Ինչպես բազմիցս նշվել է, այդ հարաբերությունների հիմքում ընկած է մեր ժողովուրդների ավանդական բարեկամությունը, իսկ արդի պայմաններում այն ֆիքսվում է երկու երկրների նախագահների մակարդակով ստորագրված մեծ պայմանագրով, որտեղ ամրագրված են մի շարք կարեւորագույն կետեր։ Այսինքն, մեր հարաբերությունների հետագա զարգացման թե՛ բարոյական, թե՛ իրավական հիմքերը կան։ Ինչ վերաբերում է մեր լավատեսության հիմնավորվածությանը, ապա դրա վառ ապացույցը ԱՊՀ վերջին գագաթնաժողովի օրերին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումներն էին ՌԴ նախագահի, վարչապետի եւ Ռուսաստանի հզորագույն կոնցեռններից մեկի՝ «Գազպրոմի» ղեկավարի հետ։ ՌԴ նախագահ Բորիս Ելցինի հետ բավական երկարատեւ զրույցից, ըստ իմ տեղեկությունների, կողմերը բավարարված են մնացել։ Վարչապետ Սերգեյ Կիրիենկոյի հետ հանդիպումը, որին ես ներկա էի, բավական բովանդակալից էր եւ հետաքրքիր, ինչպես նաեւ՝ «Գազպրոմի» նախագահ Ռեմ Վյախիրեւի հետ հանդիպումը, որոնց ժամանակ եւս մեկ անգամ շեշտվեց, որ մեր հարաբերությունները գնալով սերտանում են։

– Պրն դեսպան, դուք ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվեցինք գրեթե մեկ տարի առաջ։ Ակնհայտ է, որ այդ ընթացքում դեսպանությունը սկսեց աշխատել ավելի պրակտիկ, ավելի արդյունավետ։ Առաջիկայում ի՞նչ անելիքներ կան դեսպանատան առջեւ։

– Այդ ժամանակահատվածը բավական ակտիվ դիվանագիտական գործունեության շրջան էր։ 1997 թ. օգոստոսից, այսինքն ՀՀ նախագահի Ռուսաստան կատարած առաջին պետական այցից հետո, բարձրաստիճան պատվիրակությունների այցելությունների մի ամբողջ շղթա կայացավ։ Բազմաթիվ բանակցություններից հետո ստորագրվեցին մի շարք կարեւորության փաստաթղթեր, ձեռք բերվեցին պայմանավորվածություններ։ Կազմակերպվեց նաեւ Ռուսաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների, լրագրողների մեծ խմբի այցելություն Հայաստան։ Անցյալ տարի երկու անգամ կազմակերպվեց «Գազպրոմի» նախագահի այցելությունը, բանկային համակարգի մի շարք ղեկավարների այցելությունները, որոնց արդյունքում ստորագրվեցին ծանրակշիռ եւ խոստումնալից պայմանագրեր։ Հույս ունենք շարունակել այս գործընթացը առաջիկայում եւս, եւ մեր աշխատանքների գաղափարախոսության հիմքում դնել ավելի սերտ տնտեսական հարաբերություններ։ Կարծում եմ, որ մի շարք այցելություններից հետո այստեղի ֆինանսատնտեսական խմբերի ղեկավարները կփորձեն ավելի ինտենսիվ աշխատել հայկական շուկայում։ Իհարկե, չեմ կարող ասել, որ դեսպանությունում բոլորն աշխատում են արդյունավետ եւ ծանրաբեռնված։

– Անցյալ տարվա օգոստոսին, ՀՀ պաշտոնական պատվիրակության այցելության օրերին, Ռուսաստանի նախագահը այն ժամանակվա ֆինանսների նախարար Անատոլի Չուբայսի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ տնտեսական հարաբերությունները մեր երկրների միջեւ կաղում են։

– Ընդհանրապես ԱՊՀ երկրներ-Ռուսաստան տնտեսական հարաբերությունները կաղում են։ Այս երեւույթն ունի ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ պատճառներ։ Վերջերս ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՌԴ վարչապետ Սերգեյ Կիրիենկոյի հետ հանդիպման ժամանակ բարձրացրեց այս հարցը, նշելով այն ուղիները, որոնք թույլ կտան ավելացնել ապրանքաշրջանառությունը։ Բանն այն է, որ ԱՊՀ երկրների շրջանակներում ապրանքների արտահանման եւ ներմուծման ժամանակ ԱՊՀ գանձման մեկ մեխանիզմ է աշխատում, իսկ երրորդ երկրների հետ՝ մեկ այլ։ Այս մեխանիզմը խոչընդոտում է մեր երկրների տնտեսական հարաբերությունների առաջընթացին, ապրանքաշրջանառության ավելացմանը։ Որոշվեց քննարկել եւ շուտափույթ գտնել այս հարցի լուծումը։ Սա ԱՊՀ շրջանակներում գործող մեխանիզմ է, որը վաղուց հնացել է։ Բայց միեւնույն ժամանակ դա չի նշանակում, որ մինչեւ հարցի լուծումը գործարարները ձեռքները ծալած կնստեն։

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում ձեր հնարավոր պաշտոնանկության մասին խոսակցություններին։

– Ճիշտն ասած՝ այդպիսի «լուրեր» կարդում եմ միայն մամուլում։ Բայց դե, հիմա այնպիսի շրջան է, որ բոլորի մասին էլ նման լուրեր պտտվում են։ Աշխատում եմ պարզապես ուշադրություն չդարձնել եւ բնականաբար թույլ չտալ, որ այդ լուրերը ինչ-որ ձեւով անդրադառնան մեր գործունեության վրա։

ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Մոսկվա, հատուկ «Առավոտի» համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031