Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՐԱՆՑ ԱՆՈՒՆՈՎ ԵՐԴՎԵԼ ԵՆ

Մայիս 19,1998 00:00
goxakan

«Առավոտում» նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հրապարակումներ եղան օրենքով գողերի եւ, ինչպես ասում են՝ «հեղինակությունների» մասին, որոնց ընդունված է կոչել «մարդ»։ Ստորեւ, իբրեւ շարունակություն, ներկայացնում ենք ականատեսի պատմածներից մի քանի հետաքրքիր դեպքեր ու կարծիքներ այդ աշխարհի վերաբերյալ։ Կայծակի պես տղաներ են եղել եւ այնպիսի անուն ու պատիվ են թողել այլ ազգերի մեջ, որ նրանց անունով են երդվել։ Իսկ այսօր մոռացվել են այդ անունները, որովհետեւ բոլորն իրար «միս են ուտում», որովհետեւ դարձել ենք անղեկ մեքենա եւ ում խելքը ոնց կտրում է, այդպես էլ քշում են։ Բա մենք ապրելու ազգ ե՞նք։ Բա ամոթ չի՞ մեզ, որ թույլ տվինք եւ Գոգայի մահը։ «Հավլաբար» ռեստորանից եկավ տուն՝ խփեցին։ Միայն ամենապիղծ մարդիկ կարող էին այդպիսի բան անել։ Գոգան այդպես էլ առանց ուշքի գալու մահացավ։ Ես գտնում եմ, որ մեր բոլոր լավագույն տղաների մահը մեր մեղքով է, որովհետեւ նախանձում ենք իրար, թույլ ենք տալիս «վերացնել» մարդուն ու հետո միայն ողբալ՝ հասկանալով, թե ում ենք կորցրել (գնա մեռի՝ արի սիրեմ)։ Գոնե դրանից հետո խելքի գանք։ Չէ, էլի ենք շարունակում կրծել իրար, վայրահաչել:

Մինչդեռ, որ լավ մտածենք ու հիշենք, թե ինչպիսի հենարան էին այդ մարդիկ հայության համար, թույլ չէինք տա նոր կորուստներ։ Հիշում եմ, որ Գոգայի մահից հետո Իշխանը չդիմացավ, ոմանց երեսներին ասաց. «Նրա գլուխն էլ կերաք, էլի»։ Շատ, անչափ ցավալի բաներ են կատարվում պիղծ մարդկանց ձեռքերով, որոնց համար ո՛չ գրված ու չգրված օրենքներ կան, ո՛չ սրբություն ու պատիվ։ Առաջներում այդպիսի մարդկանց վրա ձեռք բարձրացնելն անգամ համարվում էր սրբապղծություն, որը հավասարազոր էր մոր վրա ձեռք բարձրացնելուն։ Իսկ հիմա՞։ Հիմա եզդիների կամքով ենք շարժվում։ Այն նույն եզդու, որ եկել էր Մոսկվա, անգամ շալվար չուներ հագին։ Չեչեններն այնքան ծեծեցին, որ քիչ էր մնում շանսատակ լիներ։ Էլի հայերը պաշտպանեցին։ Ասել է թե՝ օձ տաքացրին, որ հետո իրենց կծի, հենց իրենց՝ հայերի միջոցով։ Հարցնում եք թե՝ ինչպե՞ս։ Շատ հասարակ։ Մի շարք աննամուս հայեր մտել են եզդիների թեւի տակ՝ դառնալով նրանց հլու կամակատարները։ Ես նրան խնդրում եմ մեկնաբանել այս վերջին արտահայտությունը եւ խոսել կոնկրետ օրինակներով։ -Խնդրեմ,- ասում է նա դառնությամբ,- օրինակները, ցավոք, շատ են։

Ի դեպ, նշեմ նաեւ, որ իրենց «իսկական գող» համարողների մեջ էլ են տականքներ պատահում, ինչպիսին «Հայ-հույ» մականունով Սաշիկն է։ Սրա մասին ասում են, որ «յոթ պետության շպիոն» է, եզդիների կատարածուն։ Նրա ձեռքով շատ բաներ են կատարվում եւ թեկուզ 100 տարի էլ անցնի, նա ու իր նմանները կգտնեն իրենց արժանի պատիժը, որովհետեւ ես հավատ ունեմ եւ գիտեմ, որ ոճրագործները միշտ էլ պատժվում են։ Թող հիմա ազատ ման գան ու կամայականություններ անեն։ Որպեսզի խոսքս չերկարի, կոնկրետ դեպք պատմեմ։

Մի քանի տարի առաջ մի ջահել տղայի էին փախցրել, կարծեմ՝ Սպիտակից։ Նրա մորաքրոջ տղան ինձ լավ էր ճանաչում եւ, գիտենալով, որ ես մոտիկից գիտեմ գողական աշխարհի լավագույն մարդկանցից շատերին, խնդրեց, որ հանձն առնեմ բանակցություններ վարելը փախցնողների հետ։ Իմանալով, որ հայերի հետ եմ հանդիպելու, մտածեցի՝ իրար կհասկանանք եւ խնդրեցի վրացի «Մարդկանցից» մեկին՝ ուղեկցելու ինձ պայմանավորված ժամադրավայրը։ Բացի այդ, մտածեցի նաեւ, որ եթե դա էլ չօգնի, ապա ես այնպիսի մարդկանց անուններ կտամ, որ չեն կարող չճանաչել։ Մի խոսքով՝ հանդիպեցինք։

Պատկերացնո՞ւմ եք, եկել էին մի ողջ բանդայով՝ 40 հոգով։ Իսկ մենք երկուսով էինք. ես ու Քութաիսցի Կվիժոն, որ որքան հայտնի, նույնքան էլ երեւելի անձնավորություն էր։ Հիմա նա էլ չկա։ Ողորմի իրեն։ Տեսնելով, թե ինչ թափթփուկների հետ պետք է գործ ունենանք, ես որոշեցի հենց սկզբից ասել, որ հետս «Մարդ» կա։ Նրանք չթողեցին էլ բերանս բացեմ եւ միանգամից վրա տվին, թե իրենց էլ է մարդ ուղարկել եւ փող են պահանջում, այսինքն՝ տղայի փրկագինը։ Ես զգացի, որ խայտառակ եմ լինում Կվիժոյի մոտ եւ շտապեցի պատասխանել, որ եթե «Մարդու» հետ եմ եկել, ուրեմն՝ հարցը կլուծվի։ Ի ամոթ մեր ազգի, Կվիժոն անմիջապես հասկացավ իրադրությունը եւ մի լավ խայտառակ արեց դրանց, որ փող աշխատելու համար զբաղվում են այդպիսի կեղտոտ ու անպատվաբեր արհեստով եւ պահանջեց խոսել մեկի հետ։ Այդ ընթացքում «Հայ-հույի» եղբայրը, որ այդ խմբի մեջ էր, հասցնում է նրան հեռախոսով հայտնել մեր մասին։ Քիչ հետո հայտնվեց նա եւ տեսնելով ինձ ու հատկապես Կվիժոյին, խոսք չգտավ ասելու, կարմրեց, կապտեց։ Չէ՞ որ այդ նույն մարդն էր, որ վազվզում էր Սվոյի առաջ՝ նրա վստահությանն արժանանալու համար։

Կվիժոն գիտեր նրան եւ տեսնելով, թե ոնց է ձեռ ու ոտ ընկել, ոնց է արդարանում, որ ինքն այդ գործից բոլորովին տեղյակ չէ (նույնիսկ մորով ու երեխով երդվեց այդ ստորը), պահանջեց, որ երկու ժամ հետո գողացված անձը լինի իր տեղում։ Կվիժոն որքան մարդկային, նույնքան էլ չոր ու խիստ էր դաժանությունների ու անարդարությունների հանդեպ։ Իսկ «Հայ-հույի» շքախումբը սսկվել էր։ Ճիշտ 2 ժամ հետո բերեցին այդ տղային։ Ամենադաժան մարդու գութն անգամ կշարժվեր՝ տեսնելով, թե ինչ ահավոր տանջանքների էին ենթարկել տղային։ Նույնիսկ գեստապոյում այդպես չէին վարվի։

Դե, հիմա պատկերացրեք, թե ինչպիսի տականքներ կան հենց մեր հայերի մեջ եւ որոնք, բացի իրենց ազգից, չեն համարձակվի ուրիշի մազին անգամ կպնել։ Հենց մի խեղճ հայի սեղանիկ կամ «պալատկա» են տեսնում, անմիջապես վրան «նալոգ» են դնում։ Դրանք, հանուն փողի, իրենց հարազատ հորն էլ կսպանեն, որովհետեւ «սպեկուլյանտի» հոգի ունեն եւ շատ են ուրախանում, որ շարքից հանում են որեւէ իսկական Մարդու, որը մեծ հեղինակություն է, որի առջեւ պատասխանատու են զգում իրենց յուրաքանչյուր անպատկառ արարքի համար։ Դրա համար իրենք էլ են աջակցում ու մասնակցում լավագույն այդ մարդկանց վերացմանը։ Նրանք նույնիսկ իրենց մարդկանց են խցկել ոստիկանություն աշխատելու։ Թե չէ ինչով բացատրել այն փաստերը, որ շատ հեշտությամբ են մարդ սպանում եւ չեն բռնվում։

Պատմածս դեպքից որոշ ժամանակ անց մտել էին առավոտ շուտ Կվիժոյի տուն եւ սպանել իրեն էլ, կնոջն էլ, երեխայի վրա էլ էին հարձակվել, բայց լավ է, որ նա փրկվեց։ Ո՞ւմ ձեռքի գործն է։ Իհարկե՝ նրանց։

Ականատեսի պատմածները գրի առավ ԹԵՐԵԶ ԱՍԱՏՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031