Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԱՓԱԶԱՆՑ ԼԱՎ ԼՈՒՐԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ

Մայիս 19,1998 00:00
paxstakan

«Լրաբեր» ծրագրով փախստականների եւ բնակչության տեղաշարժի գլխավոր վարչության պետ Մեխակ Գաբրիելյանը չափազանց լավ լուր հաղորդեց. «Ամեն շաբաթ 30 մարդ է տեղափոխվում Ղարաբաղ՝ բնակվելու»։

Ովքեր են տեղափոխվում Ղարաբաղ

Լուրն իրականում «չափազանց» լավը չէր, որովհետեւ յուրաքանչյուր շաբաթ Ղարաբաղ մեկնողները, ինչպես պարզվեց, փախստականների եւ բնակչության տեղաշարժի վարչությունում, հայրենիք վերադարձող ղարաբաղցիներ չեն։ Աշխատավարձ չստացող եւ քաղցի խնդիր ունեցող հայաստանաբնակ հայերն են տեղափոխվում ԼՂՀ՝ այստեղ հատկացվող դրամի եւ հողի ակնկալիքով։ Փախստականների վարչությունում, ըստ իմ տեսած վերջին ցուցակի, Ղարաբաղ մեկնող քսանութ հայաստանաբնակ հայերից քսանվեցը բանվոր էին, մեկը՝ պատմաբան եւ մեկը՝ լրագրող։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը այստեղ բնակության տեղափոխված յուրաքանչյուր ընտանիքի տրամադրում է միանվագ երեսուն հազար դրամ եւ հինգ հազարական դրամ ընտանիքի մյուս անդամներին, հող, հնարավոր է մեկ կով կամ նման մի բան։ Դատելով իրավիճակից՝ Ղարաբաղ-Հայաստան փոխհարաբերությունը ստացել է փոխօգնության նոր որակ. Ղարաբաղը սոցիալական ապաստան է տալիս հայաստանաբնակ հայերին՝ այսպիսով ավելացնելով նաեւ սեփական բնակչության թիվը։ Սակայն, այդ մարդիկ ավելի հաճախ վերադառնում են։ Հանուն օբյեկտիվության նշենք, որ վարչության պետի վկայությամբ վերադարձողների թիվը չնչին է։ Այդպիսի թիվ վարչության 2 հաշվառման ցուցակներում չկար։ Սակայն վերադարձն առկա է, եւ վերադարձի ճամպրուկները հավաքվում են, երբ սպառվում է միանվագ հատկացված գումարը, իսկ հողն անգործության է մատնվում։ Այսպիսով փոքր-ինչ չհիմնավորված ոգեւորություն կա յուրաքանչյուր շաբաթ 30 մարդու միգրացիա կոչվող երեւույթի մեջ։

Ղարաբաղից Հայաստան՝ մշտական բնակության

Բեւեռայնորեն հակադիր խնդիր. սկսվել է բնակչության մի խավի տեղաշարժ Ղարաբաղից Հայաստան։ Այս դեպքում տեղափոխվում է սոցիալապես ապահով խավը։ Բնակչության միգրացիայի այս տեսակը չի առնչվում միգրացիայի մեզ հայտնի պատճառներին։ Այս տեղաշարժի շարժառիթը քաղաքում բնակվելու եւ այլեւայլ հեռանկարներն են։ Այսօր «տան շուկայում» ամենաակտիվ գնորդը նշված խավն է։ Սրանք հիմնականում նախընտրում են Արաբկիրի շրջանը եւ երբեմն՝ քաղաքի կենտրոնական քարե շենքերը։ Այս հոսանքով Ղարաբաղից հեռանում է սոցիալապես ապահով խավը… պատերազմից մի քանի տարի անց։

Հայաստանում ապրող Ադրբեջանի փախստականների մասին

Տարիներ առաջ փախստականների վարչությունում իրարանցումը վկայում էր փախստականների հետ կատարվող աշխատանքի մասին։ Նոր շենքում («Ազգ» թերթի նախկին խմբագրություն) անհամեմատ անվրդով է։ Մայիսի 13-ին «ԱՐ» հեռուստաընկերությամբ ցուցադրված «Փախստականներ» ֆիլմի առնչությամբ դիմեցի վարչության պետ Մեխակ Գաբրիելյանին, որը պաշտոնավարում է 1997 թ. հունիսից։ Պրն Գաբրիելյանը չթաքցրեց իր ձանձրույթն ու հոգնածությունը փախստականների բողոքներից։ Այս վարչության նախկին պետը՝ ներկայիս Գյուղատնտեսության նախարար Վ. Մովսիսյանը, բողոք ներկայացնելու դեպքում վկայակոչում էր փախստականների հերթապահ մի խումբ՝ սումգայիթցի փախստականներին, որոնք դժգոհ չէին, քանի որ բնակարաններ ունեին Բյուրեղավանում։ Վարչության ներկայիս պետը բողոքների մասին անվերապահորեն ասում է՝ «սուտ» է կամ «իսկ որտե՞ղ տխուր պատկեր չէ»։

Վարչության պետ Մեխակ Գաբրիելյանը նախորդ օրը ցուցադրված «Փախստականներ» ֆիլմը չէր նայել, սակայն դժգոհ էր ֆիլմից։ Ֆիլմում հնչած ճնշող հարցերի պատասխանը ստանալու համար խոստացա բերել տեսաժապավենը եւ վարչության պետի զբաղվածության պատճառով առիթ ունեցա մի քանի անգամ գալ վարչություն եւ միայն երրորդ՝ նախապես պայմանավորված այցի ժամանակ պարզվեց, որ շենքում տեսամագնիտոֆոն չկա։ Վարչությունը ներկայացնում է Հայաստանում ապրող Ադրբեջանից եկած փախստականների 311 հազար թիվը։ Ակնհայտորեն թիվն իրական չէ, որովհետեւ փախստականների մահացության եւ արտագաղթածների թիվը շատ բարձր է։ Այլ կազմակերպություններ հայտնում են, որ Հայաստանում այսօր ապրում է 70 հազար փախստական։

Անշուշտ, 70 հազարին հասանելիք օգնությունն ավելի հեշտ է նպատակին հասցնել, սակայն վարչությունը շարունակում է պնդել 311 հազարը։ Այսօր, միջազգային զանազան կազմակերպությունների հետ շփվող քաղաքակիրթ Հայաստանը հորինում է խնդիրներ՝ քաղաքացիության, ադապտացիայի, լեզվի վերաբերյալ։ Այնինչ մնացել է գոյության խնդիր՝ բնակարան, աշխատավարձ, հաշմանդամների խնամք։ Հայաստանի կազմակերպություններն ու պետական օղակները, նաեւ մամուլը՝ սիրելով շռայլություն, զարգացնում են «քաղաքակիրթ» թեմաներ։ Մի տաք վերմակ, մի ափսե տաք ճաշ կարելի՞ է ստանալ մի պետության մեջ, որի բանակ են զորակոչվում փախստականների զորակոչային տարիքի տղաները։

Սովորական կոպտություն փախստականների հանդեպ

Նորքում, ճոպանուղու հարեւանությամբ գտնվող «Անահիտ» հանգստյան տանը տեղավորված փախստականներից «Պրոմեթեւս» բաժնետիրական ընկերությունը, որի սեփականությունն է նշված հանգստյան տունը, պահանջում է ազատել շենքը։ Փախստականների վարչության պետը վստահորեն պատասխանեց՝ «ստում են»։ Ճշտեցինք, որ «Պրոմեթեւսի» եւ վարչության միջեւ կա պայմանավորվածություն, որի համաձայն, ընկերությունն իրավունք չունի այդպիսի պահանջ ներկայացնել, քանի դեռ վարչությունը հանգստյան տան փախստականներին բնակարան չի հատկացրել։ Սակայն, փախստականների վկայությամբ, «Պրոմեթեւսը» շարունակում է ճնշել, իսկ հանգստյան տան շրջակայքի սեփական տների բնակիչները «Պրոմեթեւսի» հետ համաձայնությամբ տանում են շենքից հնարավոր ամեն բան՝ անգամ անձրեւատար խողովակները։

ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031