Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական ավիաուղիները»՝ սնա՞նկ

Մայիս 19,1998 00:00
airbus

Մայիսի 8-ին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Հայաստանի եռագույնի պատկերով ամերիկյան «Lockheed» ֆիրմայի արտադրության ինքնաթիռ։ Որոշ լուրերի համաձայն, այդ հսկա օդանավը պատկանում է մի մասնավոր կազմակերպության, որը պատրաստվում է կատարել թռիչքներ դեպի Լոս Անջելես։ Հայտնի է, որ «Հայկական ավիաուղիները» առաջիկայում վարձակալությամբ ստանալու են եվրոպական «Էյրբաս» կոնցեռնի A-310 մակնիշի ինքնաթիռ։ Նախատեսվում է այն շահագործել հիմնականում Արեւմտյան Եվրոպայի ուղղություններով։

Սակայն, եթե հաշվի առնենք, որ Հայաստանից Եվրոպա մեկնողների մեծամասնությունը այնուհետեւ ճանապարհը շարունակում է այլ ընկերությունների օդանավերով մինչեւ Լոս Անջելես, ապա այդ թանկարժեք «Էյրբասի» վարձակալության նպատակահարմարությունը լուրջ կասկածներ է հարուցում։ Թեեւ վարձակալության պայմանները հասարակությունից թաքցվում են, այնուամենայնիվ, մեզ հաջողվեց պարզել, որ ինքնաթիռը արտադրվել է 1983 թվականին, իսկ վարձակալության գումարը կկազմի ամսական 550-700 հազար ամերիկյան դոլար։ Մեր կողմից պայմանագրի կատարման երաշխիք է հանդիսանում ավելի քան 1 միլիոն ամերիկյան դոլարի գրավը։

Ի դեպ, մի քանի տարի առաջ մեր ավիացիայի համար վարձակալությամբ բերվեց Հայաստանի տարբերանշանով ամերիկյան մեկ այլ հին օդանավ, որը շաբաթներ օդանավակայանում կանգնելուց եւ այդպես էլ որեւէ չվերթ չկատարելուց հետո վերադարձվեց տիրոջը։ «Հայկական ավիաուղիների» ֆինանսական վիճակը այժմ շատ մտահոգիչ է եւ կապված է ոչ միայն «Էյրբասի» վարձակալության հետ։ Ընկերությունը խրված է պարտքերի մեջ, Լոնդոն մեկնող եւ ժամանող ինքնաթիռները թռչում են գրեթե դատարկ, իսկ բոլորովին վերջերս ավիաընկերությունից առանձնացվել են մի քանի ստորաբաժանումներ, որոնց գործունեության հետեւանքով առաջիկայում զգալի կավելանան «Հայկական ավիաուղիների» կողմից կատարվող ծախսերը։ Հնարավոր է, որ այդ ամենը ուղեկցվի տոմսերի թանկացումով, ինչը, սակայն, դժվար թե առողջացնի ընկերության ֆինանսական վիճակը։ Այս ամենի վերջնական արդյունքը՝ կանխամտածված սնանկացման նպատակը, պարզ կլինի շուտով, եթե հաշվի առնենք «Հայկական ավիաուղիների» վերահաս սեփականաշնորհումը։

ՎԱՂԱՐՇԱԿ ԱՐՄԵՆԻ ՏԵՐ-ԱՉՈՅԱՆ

Հ․Գ․ Թերթի թղթակիցը նշված հարցով խորհրդակցեց մի շարք մասնագետների հետ, որոնք նույնպես կասկած հայտնեցին A-310 ինքնաթիռի վարձակալման նպատակահարմարության վերաբերյալ։ Մասնավորապես նշվեց, որ այդ ինքնաթիռով, օրինակ, Մոսկվա մեկ ուղեւոր տեղափոխելը 40 դոլարով ավելի թանկ է նստում, քան Լխ-86-ով։ «Առավոտը», սակայն, պատրաստ է տպագրել նաեւ հակառակ տեսակետը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031