Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ

Մայիս 19,1998 00:00
Vasak Darbinyan

«Բացարձակ ազատ մամուլը, ես ենթադրում եմ, պետք է հասկանալ նաեւ՝ բացարձակ անպատասխանատու։ Նման մամուլը պարզապես չարիք է։ Այդպիսի մամուլ ավելի լավ է չունենանք։ Ավելի լավ է՝ բոլորը լինեն պետական կամ կուսակցական, քան թե՝ բացարձակ անպատասխանատու»։

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱԺ նախագահ, «ՀՀ», 15 մայիսի

Պարոն Հարությունյանը, ցավոք սրտի, բացարձակապես ազատ է այս կարգի բացարձակ անպատասխանատու ենթադրություն անելու համար։ Նման ենթադրությունը պարզապես չարիք է։ Ավելի լավ է այդպիսի ենթադրություն չանի։ Ավելի լավ է նրա բոլոր ենթադրությունները լինեն պետության կամ կուսակցությունների մասին, քան թե՝ բացարձակ անպատասխանատու։ Չարգելի՞ հանկարծ ԱԺ խոսնակ Խոսրով Հարությունյանը ազատ մամուլի գոյությունը՝ բացարձակ ազատությունը բացարձակ անպատասխանատվության հետ հիմնավորապես շփոթելուց հետո։

ԹԱՏՐՈՆԸ ԵՎ ՄԵՆՔ

«Կտակի» փակ դիտումից հետո հոդվածների այնպիսի հոսք սկսվեց, որ զարմանք էր պատճառում։ Սա միայն չարակամությամբ բացատրելը ճիշտ չի լինի։ Պարզապես կային մարդիկ, հոդվածագիրներ, ովքեր ինչ-ինչ հաշիվներ ունեին թատրոնի կամ կոնկրետ որեւէ դերասանի հետ։ «Առավոտ» թերթը մեծ աղմուկ է սկսել թատրոնի դեմ, ամեն ինչ թատրոնում քննադատվում է նրանց կողմից։ Մենք թատրոնից 4-5 հոգով գնացինք խմբագրի՝ Արամ Աբրահամյանի մոտ եւ պայմանավորվեցինք, որ 3 ամիս թատրոնի մասին ոչինչ չգրեն։ Սակայն 1 շաբաթ հետո այդ բացասական հոդվածների առկայությունը շատ ավելի ինտենսիվ դարձավ»։

ԼՈՐԵՆՑ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասան, «Իրավունք», թիվ 20

Փոխանակ վաղուց հասկացած լիներ՝ Լորենց Առուշանյանը միայն վերջերս է հասկացել, որ մեր թերթի հոդվածագիրները չարակամ լինելուց բացի նաեւ ինչ-ինչ հաշիվներ ունեն Սունդուկյանի թատրոնի եւ այդ թատրոնի դերասանների հետ.: Ինչ որ է։ Իրոք, ինչ-որ մարդիկ, հոդվածագիրներ հաշիվներ ունեն։ Բայց ոչ այնքան թատրոնի դերասանների եւ Սունդուկյանի թատրոնի, որքան անձամբ Գաբրիել Սունդուկյանի հետ: Չէ՞ր կարող, ինչ է, «Կտակում» «Առավոտին» էլ հիշատակել: Ահա այս պատճառով էլ չարակամ են ու հիշաչար մեր հոդվածագիրները։

ՈՐՔԱ՞Ն Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԸՆԿԵՐ ԷԴՎԱՐԴԻՆ՝ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«Ու սկսում ես մտածել` իսկապե՞ս հարստանալու համար, բացի կաշառքից, ուրիշ ճանապարհներ չկան։ Իսկ եթե չկան, ի՞նչ պիտի մենք անենք։ Առաջ գիտեի, հիմա չգիտեմ»։

ԷԴՎԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀՀ նախագահի խորհրդականի հայր, «Երկիր», 15 մայիսի

Բայց ինչո՞ւ չկան։ Հենց թեկուզ ճանապարհ կառուցելը հարստանալու ճանապարհ է, ուր մնաց ուրիշ ճանապարհները: Օստապ Իբրահիմովիչն, օրինակ, 400-ից ավելի ազնիվ միջոց գիտեր։ Եթե դրանք չեն բավարարում ընկեր Էդվարդին, անհրաժեշտ է օգնել նրան՝ վերհիշելու իմացածը։ Հո չենք կարող անտարբեր նայել, թե մարդն ինչպես է տառապում անելանելիության ու կաշառք վերցնելու երկընտրանքի մեջ։

ՓՐԿՎԵՑԻՆՔ

«Լին Պասկոն վռազում էր»։

«ԱՌԱՎՈՏ», 16 մայիսի Հրաշալի է։ Ժողովրդական ասացվածքը վկայում է, որ վռազողի կինը տղա չի բերի (մեզ վրա)։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031