Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՂՋ ՆԵՐԿԱՊՆԱԿԸ

Մայիս 19,1998 00:00
cragir

Թիվ 3 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու Գեւորգ Մարգարյանի ծրագիրը ներկայացնող թերթիկի առաջին էջին նշված է. «Նա ժողովրդին ներկայանում է բաց ճակատով, մաքուր ձեռքերով եւ կոնկրետ ծրագրերով»։ Բաց ճակատի վերաբերյալ պնդումը (լուսանկարից դատելով) իրականությանը լիովին համապատասխանում է։ Կոնկրետ ծրագրերից այս թերթիկում նշված է տվյալ ընտրատարածքում 500-600 աշխատատեղեր ստեղծելու խոստումը, որը, մեղմ ասած, բավական անհավանական է թվում, սակայն շատ ուրախ կլինենք, եթե կատարվի։ Իսկ «մաքուր ձեռքերի» վերաբերյալ հավաստիացումը հաստատ կուրախացնի Հրանտ Խաչատրյանին։ Նա այլեւս մենակ չէ։

Ընդսմին, Գեւորգ Մարգարյանի վերջին աշխատանքը եղել է զինվորական դատախազի եւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը, իսկ նման դիրքում գտնված մարդու մաքուր ձեռքերը, հիրավի, ավելի հազվադեպ երեւույթ են, քան կուսակցության ղեկավարինը, որն ուղղակի դեռ ձեռքերը կեղտոտելու հնարավորություն չի ունեցել։ Բայց Հրանտ Խաչատրյանից «մաքուր ձեռքեր» փոխառելով՝ գործը չի ավարտվել։

Գեւորգ Մարգարյանի նախընտրական ծրագրի առաջին դրույթը «խնայբանկերում քաղաքացիների ունեցած ավանդների վերահաշվարկման եւ վերադարձման հստակ մեխանիզմների մշակումն» է, որն ուղղակի փոխառված է թվում Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ծրագրից։ Հաջորդ դրույթը «անչափահասների եւ ծերերի սպասարկման անվճարովիության սկզբունքի անխախտելիության ապահովումն է»։ Սա էլ կոմկուսի «օպերայից» է։ Եվ վերջապես, պրն Մարգարյանն իր ծրագրում ուղղակի կրկնել է ՀՀՇ-ի չհաջողված նախաձեռնությունը՝ «ԱԺ-ում պետք է բարձրացվի նաեւ կոռուպցիայի, կաշառակերության եւ չարաշահումների դեմ պայքարի հանձնաժողով ստեղծելու հարցը»։

Քաղաքական գրեթե ողջ ներկապնակը միայնակ ապահովել խոստացող այս թեկնածուի ծրագիրը բոլորովին պատահաբար ձեռքներս ընկավ։ Շնորհակալ կլինեինք, եթե մեր ընթերցողներն այս ընտրատարածքում առաջադրված այլ թեկնածուների ծրագրերն էլ մեզ ուղարկեին։ Խիստ հետաքրքիր է, թե ինչ այլ մեծագործություններ են խոստանում կատարել ընդամենը 1 տարում ԱԺ-ին մաս կազմել փորձողները։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031