Որոշ չափով տարբերվելով իր նախորդից, նախագահ Ռոբերտ Քոչարյանը կատարեց նախընտրական խոստումները եւ իշխանական կառույցներում տեղավորեց իրեն սատարած գրեթե բոլոր քաղաքական ուժերին: Մնում է «մաքուր ձեռքերի» խնդիրը, որը, թերեւս, կլուծվի ամենամոտ ժամանակներում: Խորհրդային ժամանակվա «երիտասարդ մասնագետ» կոչումը փոխարինվեց «արհեստավարժ նախարարով» ու կազմվեց կառավարություն, ուր տեղ գտան դաշնակները, երկրապահները եւ այլք:
Լուծվեց մշակույթի նախարարի առեղծվածը, անգամ տեղեկատվության վարչության պետի բազմաչարչար պաշտոնը «սաղացվեց» ռամկավարի վրա: Մեկ այլ ռամկավարի այժմ տեղավորում են «Ռեսպուբլիկա Արմենիայում», իսկ դեմոկրատներն ու ԻՄ-ը՝ հանրապետությունում մեկական հոգով ներկայացված լինելու պատճառով, զբաղեցրին խորհրդականների պաշտոններ, տեղ է հատկացվում անգամ ամենաաղմկոտներին՝ ԱԺՄ-ին, ու հիմա, թերեւս, Ազատության հրապարակում աղմուկը կպակասի: Դեռեւս չեն նշանակվել տեղական իշխանությունների ղեկավարները, ինչպես նաեւ՝ երկրորդ էշելոնը: Թվում է՝ բոլորի համար էլ տեղ կգտնվի: Բոլորին պաշտոններ բաշխելու այս քաղաքականության համար կարելի է գտնել մի շարք բացատրություններ: Առաջին բացատրությունն այն է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զինաթափում է ընդդիմությանը: Բոլոր հոսանքների ներկայացուցիչներին ընդգրկելով գործադիր իշխանության մեջ, պատասխանատվությունը բաշխում է բոլորի միջեւ՝ անկախ զբաղեցրած պաշտոնից: Այլեւս որեւէ կուսակցություն չի համարձակվի իշխանություններին մեղադրել անհաջողության մեջ, քանի որ դրանով իսկ նա ինքնամեղադրանքներ կառաջադրի:
Նախկին ընդդիմությունը հաճույքով կուլ է տալիս այս խայծը, քանի որ նրանք արդեն երկար ժամանակ է, որ հեռացած են իշխանական լծակներից, ինչը բերում է թե նյութական, թե բարոյական ռեսուրսների մաշվածության: Այս է կարեւոր պատճառներից մեկը, որ առանց կոնկրետ բովանդակության, զուտ համազգային խնջույքի կենացի նմանվող ու միայն բարի ցանկություններ պարունակող կառավարական ծրագիրն ընդունվում է առանց լուրջ առարկության:
Կարեւոր գործոն է նաեւ, որ պրն Քոչարյանն, ըստ էության, պատրաստի թիմ չուներ: Հենց այս հանգամանքը շատ կուսակցությունների գայթակղեց սատարել նրան, հույսով՝ որ իշխանական բլիթից իրենց էլ փայ կհասնի: Հույսերն արդարացան, թեեւ շատ դեպքերում փայը խրախճանքի սեղանից մնացած փշուրների է նման, իսկ կառավարության մեջ որոշ մարդկանց հայտնվելը կարելի է կամ պատահական համարել, կամ՝ չափազանց բարդ, անիմանալի զուգորդությունների արդյունք:
Կարդացեք նաև
Միաժամանակ, ստեղծվել է ակնհայտորեն թույլ կառավարություն: «Արհեստավարժ» հմայախոսքի տակ մատուցված նախարարները շատ դեպքերում չեն թողնում ո՛չ քաղաքական գործչի, ո՛չ գործից հասկացողի, երբեմն էլ անգամ՝ ազնիվ մարդու տպավորություն: Նման կառավարությանը կարելի է պարտադրել ցանկացած որոշում, պահանջել ցանկացած լուծում, կամ պարզապես պահել շանտաժի տակ: Նախագահը չէր էլ թաքցնում, որ շարունակելու է զբաղվել ոչ միայն ընդհանուր քաղաքականությամբ, այլեւ կոնկրետ տնտեսական խնդիրներով, իսկ նման կառավարության դեպքում կարելի է դե ֆակտո իր ձեռքում պահել վարչապետի ու մի քանի նախարարների ֆունկցիաներ:
Ի վերջո, կարեւոր գործոն է նաեւ, որ առերեւույթ կայացավ «ազգային համաձայնությունը», գոնե՝ նրա այն տարբերակը, որն ի նկատի ունեին ընտրապայքարում Քոչարյանին սատարած կուսակցությունները, եւ ոչ միայն նրանք: Նախագահին շրջապատելով առավել թվով կուսակցություններով, իշխանությանը տրվում է առավելագույն ներկայացուցչական տեսք, ինչը ենթադրում է, որ ներկայացված կլինեն հասարակական բոլոր շերտերն ու խավերը, որոնց շահերն էլ հաշվի կառնվեն որոշումներ ընդունելու ժամանակ: Սակայն այս վերջինը կմնա զուտ բարի ցանկություն, քանի որ թե իշխանությունների կազմավորման սկզբունքները, թե դրա օրենսդրական հիմքերը նախագահին կից բոլոր կառույցներին, ինչպես նաեւ՝ կառավարությանը, տալիս են որոշումներ կայացնելու նվազագույն հնարավորություն:
Ավելին, դեռեւս չի լուծվել իշխանական շերտերի եւ կուսակցությունների ու հասարակության փոխադարձ մեկուսացվածության խնդիրը, որն առաջացել էր նախորդ իշխանության ժամանակ: Իսկ ետընտրական կարճ շրջանը, կառավարության կազմումը, նրա ծրագիրն ու առաջին գործողությունները առայժմ մեծ հույս չեն ներշնչում, թե իրավիճակը բարելավման միտում ունի:
ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ