«Կան կուսակցություններ, որոնց գաղափարախոսությունը անընդունելի է, եւ նրանց փրկելու խնդիր պետությունը չպետք է ունենա»: Այդպես պատասխանեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, կուսակցությունների գծով ՀՀ նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանը լրագրողի այն հարցին, թե ինչպես է պետությունը աջակցելու կուսակցությունների ֆինանսական պրոբլեմների լուծմանը: Բնական հարց է ծագում. ո՞վ եւ ի՞նչ չափանիշներով է որոշելու գաղափարախոսության ընդունելիությունը կամ անընդունելիությունը:
Պատասխանի տարբերակներն են. ա/ ամբողջ հայ ժողովուրդը, բ/ Հայաստանի հասարակությունը, գ/ ՀՅԴ Գերագույն մարմինը, դ/ անձամբ պրն Հովհաննիսյանը: Իրականում խոսքը, հավանաբար, այն կուսակցությունների մասին է, որոնք ազգային խնդիրների, Հայ Դատի, հարեւան երկրների հետ հարաբերությունների վերաբերյալ այլ կարծիքի են, քան դաշնակցությունը: Բայց «միակ ճիշտ գաղափարախոսության» էտապը մենք, կարծես թե, անցել ենք, կամ, համենայնդեպս, փորձում ենք հաղթահարել: 70 տարի կոմունիստական գաղափարախոսները պնդում էին, որ իրենց դոգմաներից ցանկացած շեղում հանցագործություն է:
Այնուհետեւ ՀՀՇ-ական գաղափարախոսները հայտարարում էին, որ իրենց ընդդիմախոսները ֆաշիստներ են, եւ այդ պատճառով չպիտի լեգալ գործունեության իրավունք ունենան: Այնինչ, պետության եւ պետական պաշտոնյայի համար տարբերակման միակ չափանիշը պետք է լինի օրենքը. օրինակ, եթե Հայաստանում նույնիսկ կան ֆաշիստական կազմակերպություններ, բայց այդ քարոզչությունն արգելված չէ մեր օրենսդրությամբ, ապա նրանց նկատմամբ պետության վերաբերմունքը պետք է լինի բոլորի հետ հավասար:
Պատկերացրեք, որ մի քանի տարի հետո Ռոբերտ Քոչարյանի կամ էլ հաջորդ նախագահի խորհրդական նշանակվի, ասենք, Հրանտ Բագրատյանը եւ հայտարարի, որ այն կուսակցությունները, որոնք դեմ են ազատ շուկայական հարաբերություններին, անընդունելի են գաղափարախոսական տեսակետից, ուստի պետությունը նրանց նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կունենա: Հավանական տարբերակ է, իմիջիայլոց:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ