Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐՏՔ ԷԻ՞ՆՔ, ԹԵ՞ ՄԵՆՔ ԷԻՆՔ ԱՌԵՎԱՆԳԵԼ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ

Մայիս 15,1998 00:00
drosh

Գերմանիան շուքով ընդունեց ոչ թե մեր պատվիրակությանը, այլ 50 տարի փնտրած իր ձեռագրերը ՀՀ նախագահի մայիսի 1-ի՝ Ակադեմիայի ֆունդամենտալ գրադարանի 1948 թվականից պահպանած գերմանական 575 ձեռագրերը

Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը վերադարձնելու հրամանագրին եւ առհասարակ այդ երեւույթին անդրադարձան միայն որոշ լրատվական միջոցներ, չհաշված ՀՀ նախագահի մամլո գրասենյակի, Հայաստանում Գերմանիայի Հանրապետության դեսպանատան եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հաղորդագրությունները։ Անգամ ԱԺ-ում այս հարցը քննարկման նյութ դառնալուն չարժանացավ: Ռուսաստանի նախագահը Պետդումայի եւ Սահմանադրական դատարանի պնդմամբ հրաժարվեց վերադարձնել Գերմանիային՝ դրանք համարելով Ռուսաստանի սեփականություն (կարեւոր չէ, թե Ռուսաստանի նախագահը ինչպես սկզբում համաձայնեց, ապա հրաժարվեց, բայց փաստ էր, որ դա եւս մեկ քաղաքական խաղ էր՝ ի ցույց Գերմանիայի նախագահի, որ ինքը կողմ է, բայց Դուման մերժում է)։

Մինչ նախկին Սովետական Միության մի շարք հանրապետություններում տոնվում էր աշխատավորների եւ գարնանային օրը, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր ստորագրեց «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Գերմանիայից Հայաստան ապօրինի ներմուծված մշակութային արժեքները Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը վերադարձնելու մասին»։ Ըստ հրամանագրի՝ ձեռագրերի Հայաստանում գտնվելը նախագահը մեկնաբանում էր որպես «ապօրինի ներմուծված մշակությաին արժեք»։ Հաշվի չառնվեց, որ այդ եւ այլ մեծաքանակ գրականությունը Պետերբուրգից իբրեւ նվիրատվություն է տրվել ֆունդամենտալ գրադարանին։ Նույն պաշտոնական հաղորդագրությունն ասում է նաեւ, որ այդ քայլով Հայաստանը հավաստում է իր հավատարմությունն ապօրինի ներմուծված մշակութային արժեքների վերադարձման սկզբունքին, որն ամրագրված է «Մշակութային արժեքներին իրենց ծագման երկրներ վերադարձնելու վերաբերյալ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1981 թ. նոյեմբերի 27-ի բանաձեւում, ինչպես եւ միջազգային մի շարք այլ փաստաթղթերում։

Նախագահի համար հիմք են հանդիսացել նաեւ 1995 թ. դեկտեմբերի 21-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության միջեւ մշակութային համագործակցության մասին» համաձայնագիրը եւ «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» ՀՀ օրենքը։ Ի դեպ, վերը նշված 1995 թ. համագործակցության մասին համաձայնագրում չի խոսվում ձեռագրեր վերադարձնելու մասին, իսկ ՀՀ «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» մեր ունեցած՝ Ռուսաստանի նույն օրենքից վատ թարգմանված, Հայաստանին հարմարեցված եւ սողանցքներով լի օրենքի մասին խոսելն անիմաստ է, ուր մնաց՝ հիմք ընդունելը։ «Մենք ոչինչ պարտք չենք Գերմանիային»,-այսպես են մտածում Ռուսաստանի ղեկավար մարմինները եւ չորրորդ իշխանությունը։

Այսօր Ռուսաստանում բուռն քննարկումներ են տեղի ունենում այդ հարցի շուրջ. մամուլը, քաղաքագետները, իրավաբանները, կառավարությունը եւ Պետդուման 1945 թվականից մինչեւ օրս ընդունված եւ գոյություն ունեցող տարբեր փաստաթղթեր են մատնացույց անում, պնդելով, որ այդ արժեքներն առգրավվել են արդարացի պատերազմի ժամանակ եւ համարվում են գրաված երկրի սեփականությունը, եւ դեպի ապագա շարժվել կարողանալու համար անցյալը պետք է թողնել այնպես, ինչպես որ կա։ Թեեւ ժամանակին ԽՍՀՄ-ը Գերմանիային է վերադարձրել առգրավված արժեքների 80 տոկոսը (նաեւ հռչակավոր Դրեզդենի պատկերասրահի նկարները), այսօրվա Գերմանիան Ռուսաստանից պաշտոնապես ու համառորեն պահանջում է վերադարձնել 100 միլիարդ մարկ ընդհանուր արժեքով 200 հազար արվեստի ստեղծագործություն եւ արխիվային նյութեր։ Պետդուման եւ նախագահը հրաժարվում են այդ քայլից, բայց եւ մտածում՝ եթե չվերադարձնեն, Գերմանիան էլ իրենցը չի վերադարձնի։

Վերադառնանք Հայաստան

Եթե Ռուսաստանը, որը հենց առգրավողն է, հրաժարվում է վերադարձնել, ապա Հայաստանն ինչու պետք է վերադարձներ կամ, արդյոք, ճի՞շտ էր այդ ձեւով եւ այդ քանակությամբ տալը։ Ենթադրվում է, որ պետերբուրգցիները կարող են «նեղանալ» կամ «զայրանալ» իրենց նվիրած գրականությունը Գերմանիային հանձնելու համար եւ այլեւս ֆունդամենտալ գրադարանին գրքեր չնվիրաբերեն, անգամ խզեն հարաբերությունները։ Այս հարցի մասին Ակադեմիայի ֆունդամենտալ գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հասմիկ Մանասերյանն ասաց. «Հնարավոր է կարող են, թեեւ նեղանալու իրավունք չունեն, մենք էլ ենք շատ նեղացած, բայց ժամանակին մի որոշում է եղել, ըստ որի, երբ նախկին ԽՍՀՄ հանրապետություններն առանձնացան, ինքնուրույն դարձան, համաձայն որոշման, այդ հանրապետություններում մնացած ողջ ունեցվածքը պատկանում է տվյալ հանրապետությանը, այսինքն՝ դա մեր սեփականությունն էր եւ մենք ենք տնօրինողը»։

Հայաստանի պաշտոնական լրատվական միջոցների եւ Գերմանիայի արտաքին գերատեսչության մամլո հաղորդագրություններում արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի 1998 թվականի մայիսի 3-6-ը Գերմանիա կատարած այցի կապակցությամբ հետաքրքիր պարզաբանումներ կարող ենք տեսնել երկու կողմերի շահագրգռվածությունների տարբերությունների մասին։ Գերմանիայի արտաքին գերատեսչության մամլո հաղորդագրությամբ «հանդիպման գագաթնակետ» է համարվում գերմանական գրադարաններից արտահանված 575 անուն գրքերի, ձեռագրերի հանձնումը (հանձնմանը վերաբերող հատվածը զբաղեցնում է հաղորդագրության ծավալի մեծ մասը, ինչն ասում է, որ գերմանական կողմն այս այցելությունից կարեւորում է հատկապես կամ միայն ձեռագրերի վերադարձը)։ Իսկ Արմենպրեսի հաղորդագրությունների համաձայն, հայկական կողմը հետաքրքրված է գերմանացիների համար ձեռագրերից քիչ ավելի կարեւոր նշանակություն ունեցող խնդիրներով։

Այսինքն՝ Գերմանիայի միակ նպատակն իրենց ունեցվածքը հետ բերելն է, թեկուզ եւ Երեւանում առաջիկայում բացվելիք BMW-ի ներկայացուցչության (կզբաղվի սպասարկման եւ հետագայում այդ ընկերության ավտոմեքենաների վաճառքի հարցերով), Եվրախորհրդին եւ միջազգային առեւտրական կազմակերպությանն անդամակցելու օժանդակության կամ էլ Գերմանիայի՝ ԼՂՀ-ի բանակցային գործընթացում դիրքորոշման փոփոխության կամ գոնե ԵԱՀԿ-ում Գերմանիայի ներկայացուցչի՝ դեսպան Լամբախի դիրքորոշման փոփոխության գնով։

Ի՞նչ ենք մենք վերադարձրել գերմանացիներին

Քանի որ չենք կարող թվել վերադարձված գրականության ողջ ցանկը, նշենք մի քանիսի անունները. Համբուրգի Դոմի հոգեւոր երգչախմբի խմբավար Մաթեսոնի, երաժիշտների գերդաստան Շվենկերների եւ կոմպոզիտոր Ռոմբերգի ինքնագիր ձեռագրերը, Յո. Բախի հոգեւոր ստեղծագործությունները (1738 թ.), Հայդնի «Ողջույն, թագուհի», Դիրանտե Ֆրանչեսկոյի «Մագնիֆիկատը», Թեո Ֆրանչեսկոյի «Քառաձայն պատարագը», Վագների «Մայստերզինգերը» (1867 թ.), «Մեղեդիները», «Տրիստան եւ Իզոլդա», Հենդելի թավջութակի սոնատները, Ա. Հեսսեի պարտիտուրները, «Ալիլուան», «Երկնային թագուհին», Պերգոլեզիի «Stabat mather», Շվենկերի «Կվինտետը» (1851-1852 թթ., 7 տետր) եւ պարտիտուրներ, Մոցարտի թավջութակային համերգը, մի շարք սերենադներ, Մենդելսոնի «Կոնցերտ թավջութակի համար»։ Կան նաեւ բազմաթիվ մեծ երաժիշտների արխիվներ, նոտաներ. ե՛ւ բնօրինակներ, ե՛ւ արտատպություններ, ե՛ւ ֆաքսիմիլային հրատարակության նյութեր։

Ամենահին ստեղծագործությունները 11-12 դարերին վերագրվող արժեքներն են։ Ստեղծագործությունների մեծ մասը պատկանել է Համբուրգի, Բրեմանի եւ Լյուբեկի քաղաքային գրադարաններին։ Դրանք միջնադարի լատինագիր աստվածաբանական, 15-16 դդ. գերմանական պատմական տարածաշրջանի պատմությանն առնչվող եւ իրավաբանական ձեռագրեր են, եւ մագաղաթե փաստաթղթեր։ Կային նաեւ 14-16 դարերի մի քանի Աստվածաշնչեր, եկեղեցական արարողությունների գրքեր, պատարագամատույցներ, ոսկեզօծ նկարազարդված 1580 թ. մագաղաթներ, նոտաներ եւ այլն։ Գրականությունը տեղափոխվեց Գերմանիա, առանց ուսումնասիրման, պատճենահանման եւ իրական արժեքի գնահատման։ Այսինքն՝ 50 տարի պահեցինք- պահպանեցինք եւ նվիրեցինք գոնե մեզ համար չճշտելով, չգնահատելով դրանք, ի տարբերություն Գերմանիայի, որը պահանջ ներկայացնելիս նաեւ նշում է դրանց գինն իրենց դրամով։

Արտգործնախարարությունից ասում են, թե գերմանացիները ոչինչ չեն խոստացել, բայց հասկացրել են, որ օժանդակություն կլինի։ Ոմանց կողմից արդարացիորեն ոչ-դիվանագիտական եւ ոչ-քաղաքակիրթ դիտվեց 575 ձեռագրի «հայավարի» հանձնումը Գերմանիային։ Որպես բարի կամքի արտահայտություն, կարող էին հանձնել ոչ բոլոր ձեռագրերը, այլ ընտրեին կարեւորագույն գրքերը եւ դարձյալ «որպես գեղեցիկ ակտ»՝ նվիրեին նրանց։ Անհասկանալի է մեր ղեկավար մարմինների վերաբերմունքն այս հարցին, թե դրանք մեզ համար արժեք չեն ներկայացնում, քանզի դրանցում Հայաստանին վերաբերվող նյութեր չկային։ Կոպիտ ասած, եթե Հայաստանի մասին նյութեր չկան, ուրեմն մեզ պետք չե՞ն, կարող ենք տալ՝ չգնահատելով եւ չիմանալով, թե ինչ ենք նվիրում։

Դեպքերի այս ընթացքից, որոնք դեռ շարունակություն կունենան, հարցեր են ծագում. դեռ որքան անհայտ ցուցակներ չեն բացահայտվի, որքան գրքեր եւ արժեքներ գաղտնի կպահվեն ֆոնդերում, պահոցներում, թաքուն դարակներում, նկուղներում, վախենալով, թե հարեւան երկրները հանկարծ հետ կպահանջեն։ Որքան ստեղծագործություններ կարտահանվեն արտերկրներ ցուցադրության եւ չեն վերադառնա ու ոչ ոք չի իմանա ո՛չ դրանց գոյության, ո՛չ կորստի մասին։ Որքան արժեքավոր նյութեր կքայքայվեն, կփտեն մեր նկուղներում, որքան բնօրինակներ պատկերասրահում կփոխարինվեն արտատպություններով ու ոչ ոք չի իմանա անգամ, թե ո՞ր նախագահը ո՞ւմ, ո՞ր թանգարանից կամ եկեղեցուց ինչ հուշանվեր է պատրաստել արտասահմանցի կոլեգայի համար եւ մինչեւ երբ մշակութային արժեքները կդիտվեն զուտ հարաբերություններ կարգավորելու լավագույն միջոց։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031