Հարցազրույց «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Վլադիմիր Նազարյանի հետ։ Իսկ առաջիկա օրերին կներկայացնենք նրա տեսակետները հանրապետության սահմանադրական կարգի եւ Սահմանադրության մեջ կատարվելիք անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ։
-Պարոն Նազարյան, որոշ շրջանակներ խոսում են, որ հատկապես դուք եք կանգնած «Օրինաց երկիր» կուսակցության ստեղծման հիմքերում եւ փաստական առաջնորդն էլ եք դուք։
-Չէ, չէ, «Երկիր օրինացում» փաստական առաջնորդը մարդը չպետք է լինի։ Այնտեղ առաջնորդը պետք է լինի օրենքը։ Հեռուստատեսության մասին օրենքի վերաբերյալ էլ ինձ հաճախ են հարց տալիս. թե ո՞վ է լինելու հեռուստատեսության հանրային տիրույթի ղեկավարը՝ կառավարությո՞ւնը, ես էլ ասում եմ՝ չէ, օրենքն է լինելու։ Ամբողջ հարցն այն է, որ օրենքի պետ լինելու գաղափարին մենք սովոր չենք։ Մենք անպայման մարմնական պետ պիտի տեսնենք, հա՞. վարչապետ, կամ նախագահ։ Բայց որ օրենքը պետ լինի ու վարչապետն էլ, նախագահն էլ, ես էլ, դուք էլ ենթարկվենք այդ օրենքին, եւ գործենք օրենքով մեզ տված իրավասությունների սահմաններում՝ սովոր չենք։ Ո՞րն է օրինաց երկրի գաղափարի էությունը։ Դա հետեւյալն է. պետություններն ինքնանպատակ չեն։ Մարդիկ հենց էնպես պետություն չեն սարքում։ Պետությունը սարքում են մի նպատակով. որպեսզի բարեկեցիկ, ազատ, անվտանգ ու արժանապատիվ ապրեն։
Պետությունը միջոց է, սակայն բարեկեցիկ ու արժանապատիվ ապրելու առաջին պայմանն իրավազրկության հաղթահարումն է։ Ես Գերմանիայի հետ շատ թելերով եմ կապված. հինգ տարի է նրանց հետ համագործակցում եմ։ Իրենց ասում եմ՝ դուք էլ եք, չէ՞, ունեզուրկ եղել պատերազմից հետո, պատասխանում են՝ այո, Գերմանիայի 75 տոկոսը չկար։ Հարցնում եմ՝ բա ո՞նց հաղթահարեցիք, ասում են՝ ճիշտ է, մենք ունեզուրկ էինք, բայց իրավազուրկ չէինք։ Ես նրանց ասում եմ՝ եթե մի մոլորակի վրա նույն լանդշաֆտը ձեզ տրամադրեն ու ասեն՝ կա՛մ ձեր քաղաքները պիտի տանեք, կա՛մ էլ օրենսդրությունը, ո՞րը կընտրեք։ Ասում են՝ իհարկե՝ օրենսդրությունը։ Նրանք օրենսդրությունը դիտում են իբրեւ ազգային հարստություն։ Մեզ մոտ դեռ այդ մտածողությունը չկա։ Ավելացնեմ նաեւ, որ արժանապատիվ կարող է ապրել միայն ունեւոր մարդը։ Ինչքան էլ հպարտ մարդ լինես (կարող ես հպարտ մարդ լինել, բան չունեմ ասելու), եթե երեխեդ կոշիկ չունի ու հագին շոր չկա՝ արժանապատվությունդ տուժելու է։
Կարդացեք նաև
Վերջերս գնացել էինք աղետի գոտի, բազմաթիվ գյուղերում եղանք, գյուղացին բահով է աշխատում, բայց մարդը վերջին 7-8 տարում չի կարողացել շոր առնել։ Եղած շորն էլ մաշվել է։ Մարդիկ ասում են՝ գիտե՞ք ինչ, չենք կարողանում հարսանիք գնալ, հարսանիքի շորն էլ է մաշվել։ Սա մեր ունեզրկության դրսեւորումն է, որն իրականություն է։ Ինչքան էլ գլուխդ մտցնես ավազի մեջ, միեւնույն է, այդ վիճակը գոյություն ունի։ Բնական հարց է ծագում. ո՞նց դուրս գանք էս վիճակից։ Ոմանք ասում են ինվեստիցիաներ։ Ես բազմաթիվ հոդվածներ եմ կարդացել, նույնիսկ ամերիկյան հեղինակների, որոնք վերաբերում են ադրբեջանական նավթին։ Եթե նույնիսկ այնտեղ հայտարարվող թվերը ճիշտ են, միեւնույն է, դրանցից ադրբեջանցիների կյանքը բարեկեցիկ չի դառնալու։ Ամբողջ փողը գնալու է էլիտայի՝ շվեյցարական բանկում բացված հաշիվներին։ Ես, իհարկե, ողջունում եմ մեր կառավարության՝ ներդրումներ բերելու, ապահովելու քաղաքականությունը։ Բայց ես քեզ հավատացնում եմ, եթե մարդը մնա իրավազուրկ, եթե հնարավորություն չունենա պետական մարմնի կատարած ապօրինի գործողությունը արդյունավետորեն բողոքարկել դատարանում ու արդյունավետ պատիժ սահմանել տալ ապօրինություն գործած պետական պոշտոնյայի նկատմամբ՝ որեւէ բան չի ստացվի։ Ես ոչ թե պատժի խստության, այլ անխուսափելիության կողմնակից եմ։
Մարդը պիտի պատժվի, նրա արարքը հասարակական գնահատական պիտի ստանա։ Արժանապատվության մեկ այլ կողմն էլ կա։ Դրանից զուրկ է թեկուզեւ շատ հարուստ, բայց իրավազուրկ մարդը։ Ասենք, հրեաները, ֆաշիստական Գերմանիայի պայմաններում, մինչեւ իսկ կոտորածի սկսվելը, արդեն իրավազուրկ էին դարձել։ Ցարական Ռուսաստանում կային մարդկանց սորտեր։ Մարդը բավականին հարուստ էր, բայց զրկված բազմաթիվ իրավունքներից։ Այսինքն, իրավազրկության հաղթահարումը ոչ միայն բարեկեցության, այլեւ արժանապատվության նախապայման է։ Եվ հենց դա է պատճառը, որ ես այսօր կզինվորագրվեի այն մարդկանց խմբին, որոնք համախմբված են օրինաց երկրի շուրջ։ Օրինաց երկիրն էլ ինքնանպատակ չէ։ Այն ֆունդամենտ է բարեկեցիկ երկիր տանող ճանապարհին։ Հարցն ունի երկու կողմ։ Առաջին հերթին հարկավոր են միջազգային այսօրվա ստանդարտներին համապատասխանող, մարդու շահերն արտահայտող օրենքներ։ Չիմանաս Հիտլերն ու Ստալինը օրենքներ չունեին, էն էլ ոնց ունեին։ Չիմանաս, թե նրանց օրենքները չէին կատարում, էն էլ ոնց էին կատարվում, բայց էդ օրենսդրությունները հակաիրավական էին։
-Այդ դեպքում ինչո՞ւ է ձեր կուսակցությունը «Օրինաց երկիր» կոչվում։
-Երեխեքը երբ ուզում էին այդ կուսակցությունը ստեղծել, ես այդ հարցով նրանց հետ վիճեցի, սակայն հետո հասկացա, որ մեր նախնիներից եկող օրինաց երկիր խոսքը հատկապես իրավականություն է նշանակել։ Այդ պայմանով էլ համաձայնեցի, որովհետեւ դա բարեկեցություն տանող ճանապարհ է։ Մարդիկ իրար դրախտի տարբեր մոդելներ են առաջարկում։ Սոված մարդը դրախտը պատկերացնում է մի հատ մեծ տեղ՝ մեջը լիքը ուտելիք։ Կարծում եմ՝ հայ շինականի մտածողության դրախտի պատկերացումը օրինաց երկրի գաղափարով է ներկայացել։ Իմ կարծիքով, մեր նախնիները օրինաց երկիր երազելով, նկատի են ունեցել դրախտը։
-Պարոն Նազարյան, ըստ էության, որոշակիորեն ներկայացրիք «Օրինաց երկրի» գաղափարախոսությունը։ Սակայն մերժում եք, որ կուսակցության ֆորմալ կամ գաղափարական առաջնորդն եք, ինչո՞ւ։
-Ես հիշում եմ, որ ժամանակին մի անգամ ինձ հարցրիր՝ Դաշնակցություն ես մտե՞լ, ես էլ ասացի՝ գիտես ինչ, եթե ժամանակին կոմկուս չընդունվեի, միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ չէի կարող դառնալ։ Այդ կուսակցությունն իր ժամանակն ավարտեց, ես էլ ազատվեցի։ Ես ինձ անընդհատ զինվորագրված կզգամ «Օրինաց երկրին», բայց որ կուսակցական ֆունկցիոներ դառնամ, ինչ-որ կազմակերպչական գործունեությամբ զբաղվեմ, իմ դեպքում, կարծում եմ՝ ճիշտ չի լինի։ Մանավանդ իմ դեպքում, քանի որ որոշակի մասնագիտություն ունեմ։ Իհարկե, այնքան լուրջ մասնագետ չեմ, որպեսզի արհեստավարժ կոչվեմ, բայց իմ ունեցած համեստ գիտելիքներով օրենսդրական տեքստերի վրա եմ աշխատում ու կարող եմ իմ աշխատասիրությամբ ավելի պետք լինել այստեղ, քան կուսակցական-կազմակերպական գործերում։ Դա ավելի շատ երիտասարդների գործն է։ Առաջնորդ, բան, ես էդ տերմինները չեմ ընդունում։ Առաջնորդի տեղում ես էլի իրավական օրենքն եմ դնում։
Իրավաբանական վարչությունը փաստորեն սպասարկում է ամբողջ օրենսդրությունը։ Ցավոք, որոշ ղեկավար այրերի մոտ այն համոզմունքը կա, որ օրենսգրքի ծավալը ուղիղ համեմատական է երկրի բնակչության թվին։ Հետեւաբար, եթե ՌԴ-ն կարող է ունենալ 400 հոդվածից բաղկացած քր. օրենսգիրք, Հայաստանի քր. օրենսգիրքը պետք է լինի 4 հոդվածից։ Այստեղից էլ բխում է, որ եթե Պետդումայի իրավաբանական վարչությունում աշխատում է 150 մարդ, մեր վարչությունում բավական է 1,5 մարդը։ Ես մեր համատեղ աշխատանքի ընթացքում որեւէ խոչընդոտ չեմ նկատել։ Խոսրով Հարությունյանն իմ դեմ որեւէ խոչընդոտ չի հարուցել։
Նախ ասեմ, որ մենք տարբեր տարածքներում, տարբեր կատեգորիաներում ենք գտնվում։ Նա քաղաքական գործիչ է, հանրապետության երկրորդ կամ երրորդ դեմքը, իսկ ես պետական ծառայության մեջ գտնվող մարդ եմ։ Ասեմ նաեւ, որ մեր վեճը Խոսրով Հարությունյանի հետ ոչ թե պաշտոնական բնույթ է կրել, այլ՝ զուտ մասնագիտական։ Խոսքը վերաբերում է տնտեսական դատարանի ստեղծմանը։ Նա ինձ համար մի քիչ անընդունելի տոնով վարվեց։ Երեւի տարիքային հարաբերություններն էին դեր խաղում, որովհետեւ ես ինձ այդպես արհեստավարժ չեմ համարում, իսկ իմ հաստատ համոզմամբ՝ ճիշտը ես էի։ Կյանք էր, դեպք էր, անցավ-գնաց։ Ես շատ մեծ հույս ունեմ, որ Խոսրով Հարությունյանն այնպիսի մեկը չէ, որ հիմա սկսի այդ հարցերով զբաղվել։ Եղել է, անցել է, դե կյանք է, էլի, էտապ է։ Ինչ է, ես «Ղարաբաղ» կոմիտեի տղերքին չէի նստացրել, որ հետո կանչեցին՝ գործ տվեցին։
Զրույցը վարեց ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ