Մաշտոցի պողոտայում երեկ շատ շքեղ եւ շատ ներկայացուցչական ձեւով բացվեց «Արմա» բժշկական կենտրոնը։ Սա «Էրեբունի» բժշկական համալիրի մասնաճյուղն է, որի նպատակն է սպասարկել նաեւ քաղաքի կենտրոնում բնակվող կանանց։ Կենտրոնն ապահովված է չափազանց արդիական, խիստ հուսալի եւ հրաշալի բուժսարքավորումներով։ Կանայք կարող են այստեղ ցանկացած հետազոտման ենթարկվել եւ բուժվել առանց փոքր-ինչ անհանգստանալու որեւէ վարակից։ Կենտրոնը գործելու է շաբաթվա բոլոր օրերին, բացի կիրակիից։ Նախատեսված են բոլոր ծառայությունները, ինչպես բազմապրոֆիլային պոլիկլինիկաներում։ Այստեղ աշխատող բժիշկների մեծ մասը հանրապետությունում հայտնի մասնագետներ են։ «Առավոտի» հարցին, թե ի՞նչ կարժենա այս կենտրոնի ծառայություններից օգտվելը, պատասխանեցին, որ առայժմ գների վերջնական հաշվարկն ավարտված չէ, սակայն ջանում են ամեն ինչ անել, որ դրանք քիչ թե շատ մատչելի լինեն։
Տղամարդիկ՝ կանանց հետազոտման կենտրոնում
Ով ինչ կուզի, թող ասի, բայց հայ տղամարդիկ հերթական անգամ ապացուցեցին, թե չափազանց կնամեծար են։ Ուրիշ ինչպե՞ս բացատրել կանանց հետազոտման բժշկական կենտրոնի (ի դեպ՝ ոչ քաղաքական կառույց) բացման արարողությանը այսքան մեծ թվով տղամարդկանց՝ քաղաքական եւ կուսակցական գործիչների, երեսփոխանների եւ այլոց ներկայությունը։ Թերեւս այն կարելի է բացատրել բազմաթիվ այլ պատճառներով, սակայն հնարավոր է, որ այս հարցում պակաս դեր չէր խաղացել «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Հարություն Քուշկյանի անձը։ Չի բացառվում նաեւ, որ տղամարդիկ պարզապես եկել էին զուտ անձնական հետաքրքրասիրությունից դրդված եւ սեփական կանանց առողջության մասին մտածելով։ Սակայն այս վարկածն այնքան համոզիչ չէր, քանի որ ներկա տղամարդկանցից քչերն էին ուշադրությամբ զննում կենտրոնի սարքավորումներն ու առանձնասենյակները։ Թերեւս, ամենաուշադիրը առողջապահության նախարար Գագիկ Ստամբոլցյանը եւ «Երկրապահ» կամավորականների միության փոխնախագահ Ալբերտ Բազեյանն էին, քանի որ միայն այս երկուսն էին ամենայն ուշադրությամբ զննում սարքավորումները եւ լսում կենտրոնի աշխատակցուհու բացատրությունները։
Վահան Հովհաննիսյանը չուզեց խոսել Բազմաթիվ հյուրերի մեջ նկատելով նաեւ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների հետ հարաբերությունների գծով ՀՀ նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանին, փորձեցի իմանալ նրա կարծիքը կանանց բժշկական կենտրոնի բացմանը այսքան մեծ թվով տղամարդկանց ներկայության մասին։ Պարոն Հովհաննիսյանն ասաց, թե ոչինչ չի ուզում ասել, եւ չի ուզում պատասխանել։ Դե ինչ, չպատասխանելը նույնպես պատասխան է, եւ մենք փորձեցինք ըմբռնումով մոտենալ դրան։
Կարդացեք նաև
Իսկ քաղաքապետը մեզ դուր եկավ
Երեւանի նոր քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը նույնպես ներկա էր կենտրոնի բացմանը եւ սիրով զրուցեց մեզ հետ։ Ներկայացնում ենք մի փոքրիկ պատառիկ մեր զրույցից։
– Պարոն Աբրահամյան, քաղաքապետ նշանակվելուց հետո սա առաջի՞ն օբյեկտն է, որի բացմանը ներկա եք։
– Առաջինն իմ աշխատասենյակի դուռն եմ բացել, երկրորդը սա էր։
– Ի՞նչ տպավորություն ստացաք կենտրոնից։
– Ուրախությունս կատարյալ կլիներ, եթե այս կարգի կառույցները ոչ միայն կենտրոնի մենաշնորհը լինեին, այլ նաեւ՝ քաղաքի մյուս համայնքների։ Եվ մեկ էլ՝ ավելի կատարյալ կլիներ, եթե այն խավը, որը պետք է օգտվի այս հրաշալի կառույցից, մի քիչ ավելի լայն լինի։ Որոշ մարդկանց համար ուղղակի երազի տպավորություն չթողնի։ Այս դեպքում ուրախությունս կատարյալ կլիներ։
Մի պահ բոլորս թարգմանիչ դարձանք
«Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Հ. Քուշկյանը շնորհակալություն հայտնեց «մեր անմիջական ղեկավարներին՝ առողջապահության նախարարությանը, նախարարին, քաղաքապետարանին, քաղաքապետարանի առողջապահության բաժնին, բոլոր մեր բժիշկներին, իմ ամերիկացի պարտնյորներին եւ էլի շատերին, որոնք աջակցեցին, որ այս փոքրիկ, բայց գեղեցիկ կենտրոնը ստեղծվի»։ Իսկ երբ սկսեցին խոսել ամերիկացիները, ստիպված էինք խմբակային թարգմանությամբ զբաղվել, որին մասնակցեց նաեւ առողջապահության նախարարը, քանի որ ջահել թարգմանչուհին մի փոքր հուզվում էր։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ