Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԱԶԻ ՁԱՅՆԸ

Մայիս 14,1998 00:00
sepakanashnorhum

Հիշո՞ւմ եք հին անեկդոտը. երբ գիշերով մեկը սղոցում է խանութի կողպեքը եւ անցորդի՝ ի՞նչ ես անում հարցին պատասխանում է, թե՝ սազ է նվագում։ Անցորդի զարմանքին, թե ինչո՞ւ ձայնը չի լսվում, կողպեք սղոցողը պատասխանում է, որ իր նվագի ձայնը հետո կլսվի։ Երբ սեփականաշնորհումը պետական ակտիվ քաղաքականություն հայտարարվեց, բոլորս էլ մեծ հույսեր ունեինք։ Հասկանում էինք, որ դրական արդյունքը միանգամից չի լինի։ Սպասում էինք, որ սեփականաշնորհման ձայնը հետո կլսենք, երբ կաշխուժանա տնտեսությունը։ Սակայն սպասումները չարդարացան։ Չարդարացան ո՛չ պետության, ո՛չ էլ բնակչության հույսերը։ Տնտեսության զարգացման որեւէ ծրագիր մշակելու փոխարեն պետությունը միայն տոտալ ապապետականացման կուրս վերցրեց։1995 թ. մայիսից, երբ սկսվեց սեփականաշնորհումը, պետությունը բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով սկսեց հրաժարվել պետական սեփականությունից։

Լեյտենանտ Շմիդտի որդիների խարտիան

1995 թ. մայիսից հետո մի քանի կառավարություն է փոխվել։ Սակայն սեփականաշնորհման ոլորտում նրանց գործունեությունը նույնական է։ Բոլորն էլ տենդագին փորձել են ազատվել պետական ունեցվածքից՝ ինչպես բորոտից։ Յուրաքանչյուր տարի ավելի ու ավելի շատ ձեռնարկություններ են դրվել սեփականաշնորհման։ Հայտնի է, որ սեփականաշնորհման ամենածավալուն եղանակը բաց բաժանորդագրության մեթոդն է։ 1995 թ. այս եղանակով սեփականաշնորհման է հանվել 143 ձեռնարկություն, 1996 թ.՝ 480, 1997 թ.՝ 592։ 1998 թ. առաջին եռամսյակում այդ թիվն արդեն 244 է։ Որքան էլ շատ են ասում, թե սեփականաշնորհման դրվող ձեռնարկությունները խիստ ցածր են գնահատված, միեւնույն է՝ այդ գործընթացը դժվարությամբ է առաջ շարժվում։ Տարին տարվա վրա աճում է նաեւ այն ձեռնարկությունների քանակը, որոնց բաժանորդագրությունը չի կայացել։

Գրաֆիկային պատկերը արձանագրում է, թե ինչպես է նվազում սեփականաշնորհման կազմակերպման արդյունավետությունը։ 1995 թ. չի կայացել 8 ձեռնարկության բաժանորդագրությունը, 1996 թ.՝ 48, 1997 թ.՝ 274։ Այս տարվա առաջին եռամսյակում արդեն 139 ձեռնարկություն չի հետաքրքրել սեփականատերերին։ Կատարողական արդյունավետությունը այս տարի արդեն նվազել է 50 տոկոսի ցուցանիշից։ Այս պարագայում անգամ որեւէ կերպ չի վերանայվում սեփականաշնորհման մեթոդաբանությունը։ Կառավարությունը փորձում է ամեն կերպ «սաղացնել» իր ունեցվածքը՝ խախտելով գործող օրենքներն ու իր իսկ ընդունած որոշումները։ Այս մղումն այնքան ակնհայտ է, որ սեփականատերերին ոչ մի խայծով չես հրապուրի։ Նրանք այսօր չեն գնում այն, ինչ վաղն ավելի էժան կարելի է ձեռք բերել։ Սեփականատերերը միշտ էլ քիչ են վճարում՝ վստահ լինելով, որ կառավարությունը ձեռնարկությունները կնվիրի իրենց։

Գների էժանացում

Ասածը պարզ կարելի է դիտարկել հետեւյալ օրինակի վրա։ 1997 թ. մրցույթի եղանակով սեփականաշնորհման դրվեցին 7 փոքր ՀԷԿ-եր։ «Պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման մասին» օրենքը նշում է, որ պետական ձեռնարկությունների մրցույթով սեփականաշնորհման ժամանակ բնականաբար որոշվում է պետական ձեռնարկության գինը։ Օրենքը նաեւ արձանագրում է. «այն առաջարկները, որոնցում օբյեկտի առաջարկվող գինը ցածր է մեկնարկային գնի 50 տոկոսից, մրցութային հանձնաժողովի կողմից չեն քննարկվում»։ Այսինքն մրցույթի ժամանակ ձեռնարկությունը վաճառվում է միայն այն դեպքում, երբ նրա դիմաց վճարում են գոնե գնի կեսը։

Մինչեւ սեփականաշնորհումը գնահատվել են «Արենի», «Ազատեկի», «Այրումի», «Իջեւանի», Մեղրու, Մարտունու եւ Գյումրիի ՀԷԿ-երը։ Պետական ունեցվածքի հաշվառման եւ ապապետականացման վարչությունը, յոթը միասին գնահատում է մոտ 1 մլրդ 900 մլն դրամ։ Ապագա սեփականատերերը ՀԷԿ-երը գնելու համար պարտավոր էին մուծել 950 մլն դրամից ավելի գումար։ Այս գինը ՀՀ կառավարությանը ակնհայտ դուր չէր եկել։ Կառավարության 30.09.96 թ. թիվ 321 որոշմամբ՝ մրցույթի մեկնարկային գինը նվազեցվում է, հասցվելով մոտ 144 մլն դրամի։

Անցած տարի մարտին եւ ապրիլին ՀԷԿ-երը մրցույթով սեփականաշնորհվում են։ Դրանց դիմաց վճարվել է մոտ 250 մլն դրամ։ Բյուջեի կորուստները կազմում են 700 մլն դրամից ավելի։ Օրինակ, Գյումրիի ՀԷԿ-ի նվազագույն գինը պետք է լիներ մոտ 285 մլն, բայց սեփականաշնորհվել է 106 մլն-ով։ «Այրումի» ՀԷԿ-ը գնելու համար նվազագույնը պետք է վճարվեր 430 մլն, բայց վճարվել է 66 մլն դրամ։ Մրցույթով վաճառված ամենաէժան ՀԷԿ-ը՝ «Իջեւանի» ՀԷԿ-ը արժեր 9 մլն դրամից պակաս։ Պետությունը ամեն գնով հրաժարվում է սեփական ունեցվածքից։

«Օտարելով» ՀԷԿ-երը, որոնք ամենաէժան էլեկտրաէներգիայի աղբույրն են, պետությունը չի կորցնում էլեկտրաէներգիայի արտադրության մոնոպոլիստի իր դիրքը։ Մանավանդ որ, պետությունը չի զիջի սակագներ որոշելու իր մոնոպոլ իրավունքը։ Իսկ մեզ՝ շարքային քաղաքացիներիս համար, միշտ էլ հարմար բացատրություն կգտնվի։ Եղածն ի՞նչ է, որ։ Ընդամենը էժանացված գներով ապապետականացված յոթ փոքր ՀԷԿ-եր։ Ապապետականացման իրենց հերթին սպասող բազում ձեռնարկություններ կան։ Իսկ սեփականաշնորհման բուռն ու անշահախնդիր գործընթացի հանդեպ կասկածները երեւի թե ավելորդ են։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031