Լրահոս
Օրվա լրահոսը

Մի ծրագրով գարուն չի գա

Մայիս 14,1998 00:00
cragir

Եվ այսպես, արհեստավարժ կառավարությունը ներկայացրեց իր ծրագիրը։ Այլեւս փրկված ենք։ Հաշվի առնելով երկու հինավուրց ճշմարտություն՝ այն, որ ծրագիր ունենք, աշխարհը չունի, եւ այն, որ մի ծրագրով գարուն չի գա, նպատակահարմար ենք համարում ներկայացնել մեկ այլ՝ այլընտրանքային ծրագիր, վստահ, որ այն ավելի է համապատասխանում հայ ժողովրդի պատմական շահերին եւ ներկա խնդիրներին։ Ներկա աշխատանքը գալիս է նաեւ հերքելու բավականին տարածված այն տեսակետը, թե իբր Հայաստանում քաղաքական առումով ամենաազնիվը մետրոպոլիտենի ղեկավարությունն է, որը մետրոյի դռների վրա հենց այդպես էլ գրել է՝ «ելք չկա»։ Այժմ անդրադառնանք բուն ծրագրին, որի իրականացման դեպքում Հայաստանը կմտնի երրորդ հազարամյակ՝ ուզի, թե չուզի։

Արդյունաբերություն

Բոլոր այն արդյունաբերական ձեռնարկությունները, որոնք դեռեւս վերջնականապես չեն ավերվել, պետք է միջազգային աճուրդով վաճառել արտասահմանցիներին (թող մի քիչ էլ նրանք չարչարվեն)։ Մոբիլիզացնել ողջ ուժերը եւ տեղում կազմակերպել պաղպաղակի փայտիկի արտադրություն։ «Կիլիկիա» գարեջուրը վերանվանել «Արցախ»։

Գյուղատնտեսություն

Հանրապետության ողջ տարածքում ցանել շեմուշկա եւ բնակչության զբաղվածության ապահովման ծրագրի շրջանակներում բաժանել ազգաբնակչությանը։ Խոզաբուծությունը հանձնել «Պռոշյան» դուստր-ձեռնարկությանը, ոչխարաբուծությունը՝ ԿԸՀ172ին, որպես նախընտրական պայքարի կարեւորագույն ատրիբուտ։ Զարկ տալ էգ կովերի զարգացմանը՝ նրանց ամուսիններին նյութական խրախուսման ճանապարհով։

Տրանսպորտ

Ճանապարհների վերանորոգման նպատակով պարբերաբար կազմակերպել նախագահի այցը մարզեր։ Ազգային ավանդական արժեքների վերականգնման ծրագրի շրջանակներում կազմակերպել սայլերի արտադրություն։

Էներգետիկա

ա. սահմանել էլեկտրաէներգիայի նոր սակագներ, այն է. մինչեւ 150 կվտ՝ 15 դրամ, 150172200 կվտ՝ 100 դրամ, 200172ից ավելի՝ 1000 դրամ,

բ. 300 կվտ172ից պակաս օգտագործողների հոսանքն անջատել։

Ներքին քաղաքականություն

Վանոյի տունը խլել։

Արտաքին քաղաքականություն

Դա ներկայացնել որպես Քլինթոնին հայհոյելու հետեւանք։

Սոցիալական քաղաքականություն. Սոցիալապես անապահով ընտանիքների թիվը նվազեցնել՝ նրանց հայտնաբերելու ճանապարհով։ «Փարոս» ծրագրի շրջանակներում կազմակերպել լոբու արտադրություն։

Առողջապահություն

ա. բուժումը դարձնել անվճար,

բ. բժիշկները պարտավոր են պետությանը մուծել «բուժահարկ»՝ յուրաքանչյուր հիվանդի համար նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով,

գ. տեղում կազմակերպել միանգամյա օգտագործման ներարկիչների վերանորոգման արտադրամաս։

Գիտություն եւ կրթություն

Բլեյանի դպրոցը փակել։

Մշակույթ

Մայր թատրոնում բեմադրել «Ռոլանդի երգը»։ Օպերայի շենքը տրամադրել Լորիս Ճգնավորյանին՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի շինարարությունն ավարտին հասցնելու նպատակով։ Հարսանիքներում նվագողներից հավաքել «շաբաշահարկ» եւ գոյացած գումարներով նպաստել ազգային մշակույթի զարգացմանը։ Ազգային բանակի եւ դատաիրավական համակարգի զարգացման ծրագիրը չենք ներկայացնում՝ հասկանալի պատճառներով։

Այսպիսով, ներկայացված ծրագիրը միանգամայն իրականանալի է եւ երկիրը դուրս կբերի ճգնաժամից, եթե նույնիսկ հանկարծ պարզվի, որ կառավարությունն արհեստավարժ չէ։ Եվ եթե հանկարծ մի քանի տարի հետո պարզվի, որ կառավարության իրականացրածն ավելի մոտ է այս եւ ոչ թե իր ներկայացրած ծրագրին, ապա դա ընդամենը եւս մեկ անգամ կապացուցի, որ մենք արհեստավարժ ժողովուրդ ենք։

ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031