«Ես աչք, ու դու լույս, հոգի» Նահապետ Քուչակ «Մեկին հազար ձի ու ջորի» Ֆրիկ Չինաստանի կառավարության ծրագրից «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը թեեւ հայերեն տառերով է, սակայն լեզուն այլ է։ Այն ավելի շատ հակում ունի դեպի միջին չինարենը, որի ընտրությունը, իմ կարծիքով, պատահական է եւ ոչ այնքան հիմնավորված»։
ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ ԱԺ գիտության, կրթության եւ մշակույթի հարցերի հանձնաժողովի անդամ, «ՀՀ», 13 մայիսի
Պարզվում է՝ միջին չինարենի խոշոր մասնագետներ ունենք ոչ միայն կառավարությունում, այլեւ ԱԺ-ում՝ ի դեմս Այդին Մորիկյանի, որը գոնե գլուխ է հանել այդ ծրագրից եւ կարողացել է հասկանալ լեզուն։ Ի նշան երկու ժողովուրդների դարավոր բարեկամության եւ փոխըմբռնման՝ Չինաստանի կառավարությունում էլ պատրաստվում է հիերոգլիֆերով մի ծրագիր, որի լեզուն խիստ նման է միջին հայերենին եւ տեղ-տեղ հիշեցնում է Քուչակի հայրենները, տեղ-տեղ էլ՝ Ֆրիկի «Գանգատը»։
ԲԱՐԱԿ ԱԿՆԱՐԿ ՀԱՍՏ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ
Կարդացեք նաև
«Վերջիվերջո, ոչ Բագրատյանի, ոչ էլ մյուսների ծրագրերում թալանի մասին ոչ մի բառ չկար, բայց հենց այդ ծրագիրն իրականցվեց։ Այս ծրագրում էլ չկա, բայց դե թալանելու բան էլ չի մնացել»։
ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱԺՄ վարչության անդամ, «Առավոտ», 13 մայիսի
Դավիթ Վարդանյանը սխալվում է. մեր համեստ հաշվարկներով՝ դեռ ահագին բան կա թալանելու։ Ասա վերահսկող լինի։
ՎԵՐՋՆԱԳԻՐ
«Իշխանամետ մամուլին ես հարցազրույցներ չեմ տալիս։ Եվ քանի դեռ ժողովուրդը ազգ չի դարձել՝ ոչ մի «ինտերվյու» չեմ տալու»։
ՇՈՂԵՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱԺ պատգամավոր, «ՀՀ», 12 մայիսի
«Հայաստանի Հանրապետութիւն» թերթը եւ հայ ժողովուրդը հայտնվել են շատ անհարմար վիճակում։ «ՀՀ»-ն, չկարողանալով զսպել Շողեր Մաթեւոսյանի հետ հարցազրույց անելու ցանկությունը, ստիպված է ընդունել վերջնագրի պայմանը եւ դառնալ ընդդիմադիր։ Առավել բարդ է ժողովրդի վիճակը. մի կողմից նա չի ուզում զրկվել Շողեր Մաթեւոսյանի հետ որեւէ «ինտերվյու» կարդալու հաճույքից եւ հուսահատ ճիգեր է գործադրում ազգ դառնալու, մյուս կողմից էլ հասկանում է, որ մինչեւ նման մի «ինտերվյու» չկարդա՝ ազգ չի դառնա։
ԱՆԵԿԴՈՏ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Դա (կառավարության ծրագիրը- Վ. Դ.) ծրագիր չէ, այլ բարի ցանկություն, իսկ բարի ցանկությանն ո՞վ դեմ կարտահայտվի»։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻԳԻԹՅԱՆ ԱԺ պատգամավոր, «ՀՀ», 13 մայիսի
«Փողերս տարա՜ն, փողերս տարա՜ն»,- գոռում է մի կին։ «Ո՞նց եղավ»,- հարցնում են օգնության եկած մարդիկ։ «Նստած էի, մեկ էլ մեկը եկավ, ձեռքը դանդա՜ղ մտցրեց ծոցս։ Չեմ հիշում ինչքան ժամանակ անցավ, մեկ էլ հասկացա, որ ոչ ինքը կա, ոչ էլ փողերս»։ «Բա ինչո՞ւ շուտ ձեն չէիր հանում»։ «Դե կարծում էի, բարի նպատակով էր ձեռքը ծոցս տանում»։ Հիմա կառավարության ծրագիրն է։
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ