Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ TV ԱԼԻՔ ԷՐ ԿԱՐԾԵՍ ԱՆՑԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՎՐԱՅՈՎ

Մայիս 14,1998 00:00

«Լավ փորձ եմ ձեռք բերել։ Իմ 3 հարցերից 2-ը միջանցքում արդեն լուծել եմ։ Ոչ մեկին չգտա, որ այս մի հարցը տամ, ուստի հնչեցնում եմ»,- անկեղծացավ կոմունիստ Խորեն Թռչունի Սարգսյանը։ Եթե նրա օրինակին այլ պատգամավորներ էլ հետեւեին եւ մի հիմնարկի, գյուղի եւ այլ զուտ տեղական նշանակության հարցերը նախարարների հետ միջանցքներում լուծեին՝ կառավարության հետ հարցուպատասխանը, որի միջոցով ԱԺ-ն իբր իր վերահսկողական գործառույթն է իրականացնում՝ ԱԺ երեկվա նիստն այդչափ տաղտկալի չէր լինի։ Խորհրդարանի նոր-նոր վստահությանն արժանացած կառավարությանը երեկ տրված տասնյակից ավելի հարցերից առավել հետաքրքրական էին հետեւյալները։

«Նորք» հեռուստաընկերության աշխատակիցներն իրենց ղեկավար Սեյրան Շահսուվարյանի գործողությունների վերաբերյալ դիմումը փոխանցել էին նաեւ պատգամավոր Արմեն Կիրակոսյանին, որը հետաքրքրվեց, թե կառավարությունն ինչ ելք է տեսնում «Նորքին» ճգնաժամից հանելու, «Արտ-13»-ն ինչ պայմաններով է պետական եթերաժամից օգտվում եւ այլն։ Օպերատիվ հարցերի նախարար Շահեն Կարամանուկյանի պատասխանում էականն, ըստ ամենայնի, հետեւյալն էր, թե «տեղեկատվության վարչությունը զբաղվում է հեռուստաընկերության կոլեկտիվում ծագած այդ խնդրով»։ Նաեւ նշեց, թե Սեյրան Շահսուվարյանի մասնավոր՝ «Արտ- 13» հեռուստաընկերության ժապավենները գնվել ու վարձակալվել են անգամ մինչեւ նրա կողմից «Նորքի» տնօրենի պաշտոնակատարի պարտականությունների ստանձնումը՝ նաեւ այլ ծրագրերով։ «Այս պահի տեղեկատվությամբ, այստեղ պաշտոնական դիրքի որեւէ չարաշահման մասին չի կարելի խոսել»,- հայտարարեց պրն Կարամանուկյանը։

Այս հարցուպատասխանի ընթացքում հեռուստատեսության եւ ռադիոյի խնդիրներին վերաբերող էլի մեկ հարց հնչեց՝ Գրիշա Հովեյանն էր, որին նաեւ հետաքրքրում էր, թե արդյոք մասնավոր հեռուստաընկերությունները որեւէ կազմակերպության կողմից վերահսկվո՞ւմ են։ Այս հարցը նրա առջեւ ծառացել էր ապրիլի 24-ին, երբ «Քյավառ» հեռուստաընկերությունը ուրախ ծրագրեր էր ցուցադրել, ծննդյան տոների շնորհավորանքներ հեռարձակել՝ «առաջ բերելով քաղաքացիների արդարացի դժգոհություններ»։ Այս առիթով առաջին անգամ խորհրդարանում ելույթ ունեցավ կառավարության ամենաերիտասարդ անդամը՝ փոստի եւ հեռահաղորդակցության նախարար Արտակ Վարդանյանը։ Նա ասաց, թե մասնավոր հեռուստաընկերությունների գործունեությունը վերահսկելու, «ինչ-որ կառավարելի դաշտի մեջ մտցնելու խնդիրը երեւի վաղուց է ծառացած։ Այսօրվա վիճակում Հայաստանում գոյություն ունի 150 ռադիո եւ հեռուստաընկերություն։ Սա երեւի ռեկորդային թիվ է ողջ աշխարհում՝ եթե հաշվենք մեր երկրի բնակչությունը»։

Սույն տագնապեցնող հայտարարությունից զատ, պրն Վարդանյանը նաեւ զարմացրեց, երբ նշեց, որ «Գավառ քաղաքի հեռուստաընկերության հարցին մենք հիմա ծանոթանում ենք։ Հանձնաժողով ունենք, որն այդ հարցով զբաղվում է»։ Ահա թե ինչքան օպերատիվ են աշխատում երիտասարդ բարեփոխիչները։ Եվ վերջապես, դարձյալ հեռուստատեսությանն առնչվող էր Ամալյա Պետրոսյանի հարցը։ Նա էլ մի խումբ սփյուռքահայերի հարցադրումը փոխանցեց, թե արդյոք լեզվի օրենքի խախտում չէ՞, որ անգլերեն ֆիլմերը հեռուստատեսությամբ թարգմանաբար են հնչում, իսկ ռուսերեն ֆիլմերն՝ առանց հայերեն թարգմանության. «Նրանց (սփյուռքահայերին- Ա. Ի.) դա հուզում է, չեն հասկանում»։

Հեռուստատեսությանն առնչվող հարցերին ամեն անգամ տարբեր նախարարներ էին պատասխանում։ Այս մեկին էլ մեկ այլ երիտասարդ բարեփոխիչ՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց։ «Միանշանակ չի կարելի այո կամ ոչ ասել»,- այսպես մեկնաբանեց արդարադատության նախարարը «Լեզվի մասին» օրենքի պարտադիր պահանջը հայերեն թարգմանության վերաբերյալ։ Դեռ մի բան էլ ավելի, գործող օրենքը «հակասություններով լի» անվանեց. «Եվ ընդհանրապես, ժամանակն է «Լեզվի մասին» նոր օրենք ընդունել։ Եվ մոտ ժամանակներս կունենանք շատ ավելի ժամանակակից եւ իրավական տեսանկյունից ավելի անխոցելի օրենք, ոչ թե այդ, կներեք, կիսաօրենքը»։ Երեւի թե կառավարության որոշ նոր անդամների համար ժամանակակից է այն ռուսահայերենը, որով իրենք խոսում են։ Եվ երեւի թե իրենց ամենակարեւոր անելիքը համարում են երկլեզվությանը դարձյալ պետական կարգավիճակ հաղորդելը։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, նույն Ամալյա Պետրոսյանը խիստ վրդովվել էր, որ նախորդ օրը «Շամիրամ» խմբակցության անունից ունեցած իր ելույթն արտառոց էինք անվանել եւ «անազնվորեն» չէինք նշել, որ կառավարական հեռախոսները քարտուղարուհիների կողմից սպասարկվելու մասին խոսելուց առաջ ինքն ասել էր, թե առիթն օգտագործելով է այդ մասին ասում։ Ելույթի համար առիթ հայթայթելն, անշուշտ, պատգամավորական խնդիր է, բայց եթե ԱԺ պատգամավորներն արտառոց չեն համարում կառավարության գործունեության ծրագիրը քննարկելու եւ գնահատելու փոխարեն նման առավել հուզիչ ու կենսական հարցեր արծարծելը՝ իրենց պատկերացումների շրջանակն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031