Լրահոս
Օրվա լրահոսը

Արտյոմ Աթալյանցը Հայաստանը Շվեյցարիա դարձնելու իր ծրագրից չի հրաժարվում

Մայիս 14,1998 00:00
Artyom Atalyanc

– «Առավոտ», ապա եւ «Հայք» թերթերում տպագրված Ձեր մասին հաղորդագրությունները աղմկալի կարելի է համարել… Համաձայն դրանց «Հայաստանում է հայազգի հայտնի բիզնեսմեն Արտյոմ Աթալյանցը (նախկին նախագահի խորհրդական), որը ըստ լուրերի վերջին տարիներին խնդիրներ է ունեցել Ռուսաստանի եւ Ֆրանսիայի իրավապահ մարմինների հետ»… Ի՞նչն է ձեզ Հայաստան բերել։

– Հայաստանում եմ նույն նպատակով՝ իրականություն դարձնել տնտեսական այն ծրագիրը, որը կազմել եմ դեռ Գորբաչովի օրոք՝ 1989 թվականին։ 1993 թ., երբ դարձա ՀՀ նախագահի խորհրդական, ես խոստացա, որ Հայաստան կարող եմ բերել ֆինանսական մեծ միջոցներ, որպեսզի Հայաստանը դառնա Շվեյցարիայի նման մի երկիր։ Ըստ իս, Հայաստանը նախ եւ առաջ պետք է զարկ տա բանկային համակարգին, ազատ տնտեսական գոտի ստեղծելուն, գյուղատնտեսությանը եւ տուրիզմին։ Սա է։ Մեր երկիրը զարգացման համար այլ ճանապարհներ չունի։ Մենք պետք է օգտագործենք մեր աշխարհագրական դիրքը՝ Արեւմուտքի եւ Արեւելքի խաչմերուկում գտնվելու հանգամանքը։

– Հայաստանում, կարծում եմ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ երկիրը դրամական միջոցների կարիք ունի։

– Ես գիտեմ։ Եվ ինչպես ասել եմ 1993 թ., կարող եմ գտնել այդ միջոցները։ Բայց որպեսզի դա իրականություն դառնա, երկրի նախագահը պետք է վստահի ինձ, հավատա, հասկանա եւ ընդունի իմ տնտեսական ծրագիրը։

– Եվ այդ դրամը, որ դուք Հայաստան կբերեք, նորանոր պարտքե՞ր կավելացնի մեր ապագա սերունդների ուսերին։

– Ո՛չ։ Երբե՛ք։ Մանրամասնել իմ ծրագիրը չեմ ուզում, քանի որ փորձը ցույց է տալիս, որ կամ իմ խոսքերը ուրիշներն օգտագործում են որպես իրենց մտահղացումներ, կամ դրանք ուղղակիորեն աղավաղվում են մամուլում։ Այնպես որ, իմ ծրագրի մասին մանրամասնորեն ես կխոսեմ միմիայն ՀՀ նախագահի հետ։

– Իսկ ինչո՞ւ ձեր ծրագիրը չիրականացրիք 1993-ից։

– Նախ՝ քանի որ Հրանտ Բագրատյանի կառավարության եւ իմ հայացքները չէին համընկնում, երկրորդ՝ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շրջապատը նրան թույլ չէր տալիս գնալ մինչեւ վերջ։ Նրանք ուղղակի սխալ տեղեկություններ էին տալիս նախագահին եւ վախեցնում։ Նրանք հավատացնում էին, թե Աթալյանցը կապված է ինչ-որ անմաքուր ֆինանսական գործերի, անմաքուր պատմությունների հետ։ Բայց ոչ մեկը չէր ասում, թե ինչպիսի։ Ես երազում եմ իմ ընդդիմախոսներից մի բաց խոսք լսել, կարդալ մամուլում նրանց հայտարարություններն իմ մասին։ Թող որեւէ մեկը ասի, թե Աթալյանցը իրավացի չէ, թե նրա պատճառով տուժել է մեկը, կամ պետությունը, կամ նախագահը։

– Իսկ այն պրոբլեմնե՞րը, որոնք, ըստ թերթերի հաղորդագրությունների, դուք ունեցել եք Ռուսաստանի եւ Ֆրանսիայի իրավապահ մարմինների հետ։

– Դրանք պարզապես սադրանքներ են եղել։ Որովհետեւ նախկին Խորհրդային Միության ամբողջ տարածքում ու նաեւ Հայաստանում կան մարդիկ, որոնք չեն ուզում, որ նորմալ տնտեսական բարեփոխումներ իրականանան։ Որ բոլորը կարողանան աշխատել եւ վաստակել։

– Սակայն Հայաստանի նախագահի խորհրդականը լինելով, դուք բանտարկվել եք Փարիզում եւ Ռուսաստանում։

– Բայց թե՛ Փարիզում՝ 1995 թ., եւ թե՛ Ռուսաստանում՝ 1991 թ., երբ դեռ նախագահի խորհրդական չէի, գործերը դատի չհասան, այլ փակվեցին, քանի որ հակաօրինական որեւէ բան բնականաբար չհայտնաբերվեց։

– Իսկ 1993 թ. անօրինական զենք կրելու խնդիրը:

-Մեղադրանքը ձեւակերպված էր որպես անօրինական զենքի ներկրում Հայաստանից Ռուսաստան։ Իմ թիկնապահներին էլ մեղադրեցին այն զենքի համար, որը Հայաստանի ՆԳՆ-ն օրենքով տվել էր նրանց՝ նախագահի խորհրդականի անվտանգությունը ապահովելու համար։ Ինչպե՞ս էին նրանք ինձ պաշտպանելու, եթե իրավունք չունեին զենք ունենալ հայ-ռուսական սահմանն անցնելիս, երբ ես Ռուսաստանի քաղաքացի էի եւ ապրում էի Սոչիում։ Ի դեպ, առաջին անգամ չէր, որ մենք զենքով Ռուսաստան էինք մտնում։ Վեց ամիս այդպես էր եղել եւ ռուսական համապատասխան մարմինները շատ լավ գիտեին այդ մասին։

– Իսկ ի՞նչն էր, այնուամենայնիվ, դրա պատճառը։

– Եթե հիշում եք… Դմիտրի Յակուբովսկու պատմությունը։ Նրան պետք էր Ռուսաստանից հասցնել Հայաստան, որպեսզի հետո մեկնի Շվեյցարիա։ Այն ժամանակ Մոսկվայից Սոչի ինձ զանգահարեցին Կարժակովը, Բարսուկովը, որպեսզի ես կատարեմ Ելցինի խնդրանքը։ Դա վտանգավոր օպերացիա էր, քանի որ Ռուսաստանի անվտանգության նախարար Բարաննիկովը հետապնդում էր Յակուբովսկուն եւ, կարծեմ, նրան սպանելու հրաման էր տվել։ Ես իմ անձնական ինքնաթիռով, Հայաստանի թույլտվությամբ, մեծ դժվարությամբ գիշերով Յակուբովսկուն Սոչիից հասցրի Երեւան։ Դա 1993 թ. հուլիսին էր։ Երկու շաբաթ անց իմ դեմ գործ հարուցվեց եւ խուզարկություն սկսվեց, քանի որ ես օգնել էի Ելցինին՝ ստանալու շատ կարեւոր փաստաթղթեր։

– Իսկ Ֆրանսիայում բանտարկվելու մասին ի՞նչ կասեք։

– Ֆրանսիայում էի Հայաստանի համար մեծ գումարներ գտնելու նպատակով։ Ես Փարիզում կարողացա ձեռք բերել շատ արժեքավոր մի փաստաթուղթ, որը ինձ հնարավորություն էր տալիս Հայաստանի համար գտնել այդ ֆինանսական միջոցները։ Իմ կարծիքով, որոշ հատուկ ծառայություններ եւ կարեւոր դեմքեր, այդ թվում եւ՝ Ռուսաստանից, իմացել էին այդ մասին եւ հասկացել, որ իմ ծրագիրը իրագործելի է դառնում, եւ դա կօգնի ոչ միայն Հայաստանին, այլեւ ԱՊՀ հանրապետություններին։ Մինչդեռ դա իրենց սրտով չէր։ Ի դեպ, այդ ծրագիրը 1989 թ. ես ներկայացրել եմ Գորբաչովին։ Դրան դեմ եղան Կրյուչկովը եւ Պավլովը, կողմ էին Արկադի Վոլսկին եւ Բորիս Լադիգինը։ Գորբաչովը ենթարկվեց առաջիններին։ Բայց վերադառնանք Փարիզ, իմ ձեռք բերած արժեքավոր փաստաթղթին։ Այդ օրերին Բրյուսել՝ Ինտերպոլին, հասավ մի սադրիչ լուր, համաձայն որի՝ փաստաթուղթը կեղծ է եւ խարդախության փորձ է արվում։ Ինձ բանտարկեցին։ Ինը ամիս հետո գործը փակվեց։ 180 քննիչների աշխատանքի արդյունքում ապացուցվեց, որ փաստաթուղթը կեղծ չէ, եւ ես ազատություն ստացա։

– Ձեր ծրագիրը որեւէ ձեւով կարո՞ղ է վնասել մեր երկրին կամ որեւէ մեկին։

– Ո՛չ։ Երբե՛ք։

– Իսկ եթե այն չընդունվի՞ Հայաստանում։

– Ես էլի կսպասեմ։ Սպասում եմ արդեն ինը տարի։

ՀՐԱՉՈՒՀԻ ՏԱՏՈՒՐՅԱՆ

Հ.Գ. Այժմ Արտյոմ Աթալյանցը 40 տարեկան է։ Կինը հայուհի է։ Ունի երկու տղա, երրորդ երեխան՝ Մարիամը, ուր որ է լույս աշխարհ կգա Հայաստանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031