Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Մայիս 14,1998 00:00

Մայիսի 13-ին ընտրական օրենսգրքի սեփական տարբերակը ներկայացնելու հերթը վերջապես հասավ կոմունիստներին։ Այն ինչ-որ իմաստով զուտ ճանաչողական նշանակություն պիտի ունենար, որովհետեւ նախորդ շաբաթվանից իսկ նախագծերի հեղինակների միջեւ պայմանավորվածություն կար՝ համատեղ աշխատել ընտրական օրենսգրքի միասնական տարբերակի վրա։ Սակայն իրադարձություններն այլ զարգացում ունեցան։

15 օրով քննարկումները հետաձգելու պայմանավորվածության դեմ ընդվզեցին Վահագն եւ Վարդան Խաչատրյանները, այդ մոտեցումը համարելով կանոնակարգի խախտում։ Ի վերջո, ԱԺ-ի աշխատանքները մտան անցյալում գործող արարողակարգերի հուն, եւ ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները սկսվեցին։ Սակայն մինչ ընտրական օրենսգրքին անդրադառնալն արձանագրենք, որ Ֆրունզե Խառատյանի ելույթն ընդմիջելով, կառավարությունը վստահության քվե ստացավ։ Նախարարներն ԱԺ նիստերի դահլիճ սկսեցին ներկայանալ 10.50 րոպեից, իսկ 11.05 րոպեն այն ծայրակետն էր, երբ հնարավոր էր ի ցույց դնել կառավարության ծրագրին անվստահություն հայտնող ստորագրությունները։ Այդպիսի բան տեղի չունեցավ, եւ, բնական է, որ շնորհակալական խոսքի հնարավորություն տրվեց վարչապետ Արմեն Դարբինյանին։ Նա ասաց, որ երախտիքի խոսք է հայտնում շահագրգիռ քննարկումների համար, որոնք չափազանց կարեւոր էին՝ անգամ այն ելույթները, որոնք որեւէ խրախուսական տարր չունեին։ Արմեն Դարբինյանը հայտարարեց նաեւ, թե առաջին անգամ է, որ կառավարության ներկայացրած ծրագիրը ոչ միայն ներկայացվում է, այլեւ քննարկվում եւ, փառք Աստծո, որ առ խորհրդարանն ուղղված համագործակցության ձեռքը օդում չմնաց։

Մի խոսքով, վարչապետը խոստացավ ջանք ու եռանդ չխնայել ներկայացված ծրագրի իրականացման համար, ու դրանից հետո կառավարության ամբողջ կազմը Խոսրով Հարությունյանի բարեմաղթանքների ներքո հեռացավ նիստերի դահլիճից։ Հիմա վերջապես գանք ընտրական օրենսգրքին։ Անկեղծ ասած, Ֆրունզե Խառատյանի խոսքն ավելի հետաքրքիր էր հարցուպատասխանի մասում։ Ի դեպ, հարցադրումները հիմնականում հնչեցրին «Երկրապահ» պատգամավորական խմբակցության ներկայացուցիչները՝ Ֆիրդուս Զաքարյանը, Ռազմիկ Մարտիրոսյանը, Գեղամ Ղարիբջանյանը, Ալբերտ Բազեյանը։ Վերջինիս եւ Ֆրունզե Խառատյանի երկխոսությունն, ըստ էության, այդ ամբողջ քննարկման ամենագրավիչ մասն էր։ Ասենք՝ Ալբերտ Բազեյանը հարցրեց, թե քաղաքականապես ակտիվ կանանց խորհրդարան մտնելու հնարավորություն տալու համար ի՞նչ մեխանիզմներ պետք է պարտադրվեն կուսակցություններին։ Ֆրունզե Խառատյանն էլ պատասխանեց, թե՝ այդ դեպքում «Շամիրամին» էլ պետք է պարտադրենք տղամարդկանց ներգրավել իր ցուցակում։

Այնուհետեւ հնչած հարցը, թե ինչո՞ւ է կոմկուսը նախապատվություն տալիս համամասնական ընտրասկզբունքին, երբ, թեկուզեւ վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովրդյան համակրության արժանանում են անհատները եւ ոչ թե կուսակցությունները, լուրջ անուններ շոշափեց։ «Մի՞թե թաղի տղաներ էին Դեմիրճյանն ու Քոչարյանը»։ Ֆրունզե Խառատյանի պատասխանը հետեւյալն էր. «Դուք տալիս եք անուններ՝ Կարեն Դեմիրճյան ու Ռոբերտ Քոչարյան, որոնց ոչ միայն իրենց թաղերում են ճանաչում, այլեւ ամբողջ ազգը, դրան գումարած նաեւ՝ հարեւան պետությունները։ Համեմատության գիծ անցկացնել Նեմեց Ռուբոյի եւ Դեմիրճյանի միջեւ, ես էդպես ուղղակի կապ չեմ տեսնում։ Խոսքը նեմեցռուբոների մասին է, այդ թաղային հեղինակությունների, որ ասում ենք»։

Մեկ այլ դեպքում էլ, պատասխանելով ԱԺ մյուս փոխնախագահի՝ Յուրի Բախշյանի հարցին, թե, արդյո՞ք, միջազգային փորձաքննություն անցել է կոմունիստների մշակած օրենսդրական տարբերակը, Ֆրունզե Խառատյանն ասաց՝ վերագնահատում ենք միջազգային փորձագետների դերը, ու ստացվում է այնպես, որ նրանք գրագետ են, մենք՝ թերուս։ «Հաճախ ինքներս ենք առիթ տալիս, որ մեզ հետ վարվեն այնպես, ինչպես պապուասների հետ»։

Արհեստավարժ խորհրդարանի մասին հարցին պատասխանելիս կոմկուսի ներկայացուցիչն արձանագրեց, թե «ոմանք արհեստավարժ ասելով հասկանում են, որ մարդ ուրիշ բանով չի զբաղվում, բացի դրանից»։ Դա բացատրվեց հետեւյալ կերպ. «Ստացվում է, որ եթե մարդը եկել է խորհրդարան եւ ուրիշ գործ չի անում, արդեն արհեստավարժ է։ Ցավոք, այդպես էր նաեւ կառավարության կազմավորման ժամանակ»։

Այսպիսով, խորհրդարանում ընտրական օրենսգրքի քննարկումները սկսվեցին՝ հակառակ նույնիսկ «Երկրապահ» խմբի նախագահ Սմբատ Այվազյանի կոչի, որը խնդրեց շարժվել ըստ պայմանավորվածությունների եւ զերծ մնալ այլ քայլերից։ 30 հերթագրվածներից հասցրեցին ելույթ ունենալ միայն Խաչիկ Սաֆարյանն ու Պարույր Հայրիկյանը։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031