Լրահոս
Օրվա լրահոսը

Հին հայկական սպասարկում

Մայիս 11,1998 00:00
hashiv

Պայծառ, արեւոտ օր է, արեւոտ տրամադրություն: Քաղաքը մարդաշատ է եւ լավատես: Թատերական հրապարակի մի ծայրից մյուսն է հոսում չմուշկավոր երեխաների արհեստավարժ /լավ իմաստով/ վտառը՝ խուճապի մատնելով տարեց ու ոչ այնքան տարեց զանգվածին: Մի խոսքով, կյանքը հիասքանչ է, ուրախացի՛ր, որքան կարող ես: Պայծառ օրվա գույներն ավելի են խտանում, երբ պարզվում է, որ մեծ համերգասրահում համերգային ծրագրով ելույթ են ունենում Ռուբեն Հախվերդյանն ու Միքայել Պողոսյանը: Բարձր արվեստի հետ շփումը վստահելով կանանց ու երեխաներին՝ ընկերոջս հետ որոշում ենք մի փոքր զբոսնել, այսպես ասած, կիրակնօրյա կուլտուրական ծրագրի շրջանակներում պաշտոնական այցով, լինել որեւէ բացօթյա պաղպաղականոցում: Լինելով ամեն նորի եւ թարմի կողմնակից առաջարկում եմ որպես այդպիսին ընտրել հրապարակի պուրակում բացված ամենանոր օբյեկտը, այն, որը պաշարել է Ալեքսանդր Սպենդիարյանի շիրմաքարը:

Մտահղացումն իրականացնում ենք գրեթե անմիջապես: Մատուցողուհուն գտնելու մեր տեւական պրպտումները ցանկալի արդյունք չեն տալիս, եւ դիմում ենք խորամանկության: Ծխախոտը վառելուց քիչ անց մի կին մոխրամանը ձեռքին մոտենում է: Կռահում ենք, որ ինքն է, չնայած հագուկապի ոչ մի դետալ չի հուշում, թե մենք ենք ճիշտը: Բայց պատվերն ընդունում է, ուրեմն չենք սխալվել: Եւ սկսվում է բարձրակարգ սպասարկումը: Պատվիրում եմ առանց շաքարի սեւ սուրճ եւ պլոմբիր տեսակի սպիտակ պաղպաղակ: Մատուցող կինը սկսում է համոզել, որ շոկոլադովն ավելի համեղ է, սպիտակը հաճախ թթված է լինում: Խնդրում եմ հարգել իմ հետամնացությունը եւ կատարել իմ պատվերը: Կինը չի հանձնվում, նշելով, որ վաղուց ժամանակն է զարգանալու: Ինքզինքս խնայելով համաձայնում եմ նրա տարբերակին: Ի վերջո, շոկոլադով պաղպաղակից, ոնց որ, դեռ մարդ չի մեռել:

Նպատակին հասնելով կինը սկսում է ձեւակերպել հաջորդ պատվերը՝ լուծվող սառը սուրճ եւ հաղարջով պաղպաղակ: Պարապ չնստելու համար փորձում ենք մյուս մատուցողներին գտնել: Չորս անգամ հաջողվում է, մերն էլ հետը՝ հինգ: Վերջապես պատվերը կատարված է, սակայն զարմանքով հայտնաբերում ենք, որ սուրճը շաքարով է, պլոմբիրը շոկոլադով չէ, հաղարջով պաղպաղակի փոխարեն բերել է ելակի, բայց հաղարջի գդալը վրան սրբել է, ակնհայտ հետքեր կան: Լուծվող սուրճը ոչնչի հետ չէր շփոթել բարեբախտաբար: Մեր զարմացած, բայց լուռ հայացքին նույնքան արտահայտիչ լռությամբ պատասխանեց: Դեմքի արտահայտությունը կարելի էր վերծանել այսպես.«շուշուտ կերե՛ք, ռ-ռա՛դ եղեք, կլիենտ եք հուշտ անում»: Վերջին շտրիխը հաշիվը ներկայացնելն էր, ինչն արվեց «կլիենտի» հանդեպ անթաքույց ներողամտությամբ: Երկու սուրճն ու երկու պաղպաղակը նրա թվաբանությամբ արժեր 1800 դրամ:

Օրվա գույները մի տեսակ խամրեցին: Չէ՛, սրճարանի հետ կապ չունի, ուղղակի մթնում էր: Իսկ սրճարանում ցանկության դեպքում կարելի է նույնիսկ յուրօրինակ հաճույք ստանալ: Բա ոնց:

Կարդացեք նաև

ՈՍԿԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031