Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՓՈՐՁ ԻՆՔՆԱՎՍՏԱՀՆԵՐԻ ԲԱՐԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՎԵԼՈՐԴ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԱՅԻՆ ԵՎ ՀՌՉԱԿԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒ

Մայիս 11,1998 00:00
gov

Ահա որակումների այն սեղմ ու հավաքական բնութագիրը, որ երեկ հնչեցին կառավարության գործունեության ծրագրի վերաբերյալ։ Չնայած գրեթե բոլորը ավելի կամ պակաս չափով վերապահումներ ունեին ծրագրի վերաբերյալ, սակայն ակնհայտ է, որ չեն գտնվի անհրաժեշտ 64 պատգամավորները կառավարությանը անվստահություն հայտնելու խնդիրն արծարծելու համար եւ այսօր, 11.05-ին, այս ծրագիրը կհամարվի հաստատված։

Ո՞ր ծրագիրն է հաստատելու ԱԺ-ն

Նախ նշենք, որ ԱԺ ներկայացվեցին փաստորեն կառավարության գործունեության երկու ծրագրեր՝ մեկը սահմանվածի պես 24 ժամ առաջ, իսկ երկրորդը, որը նաեւ վերնագրված էր իբրեւ վարչապետի ելույթ՝ երեկ քննարկումն անմիջապես սկսելուց առաջ եւ բավական տարբերություններ ուներ նախապես բաժանված ծրագրից։ Ի դեպ, մինչ Արմեն Դարբինյանը կկարդար ծրագրի այդ գրավոր տեքստը՝ դահլիճում ներկա էր հանրապետության նախագահը, որն անմիջապես հեռացավ, երբ սկսվեց հարցուպատասխանը։ Այս երկու ծրագրերի առկայության վերաբերյալ վարչապետ Արմեն Դարբինյանի՝ «Առավոտին» ներկայացված պարզաբանումները բառացիորեն հետեւյալն էին. «Կառավարության ծրագիրը դա ստեղծագործական գործընթաց է։ Իհարկե, մեկ օրվա ընթացքում էլ որոշակի շտկումներ, խմբագրական աշխատանքներ են կատարվել։ Իմ ելույթում փորձեցի ավելի մանրամասն ներկայացնել այն դրույթները, որոնք ծրագրում ավելի սեղմ տարբերակով էին տեղ գտել։ Կարեւորը, որ դրանք գաղափարախոսականորեն իրարից չեն տարբերվում»։

Մեր այն հարցին, թե արդյոք սա ԱԺ կանոնակարգի եւ Սահմանադրության խախտում չէ՞, պրն Դարբինյանը պատասխանեց. «Որեւէ խախտում չկա՝ Սահմանադրության համաձայն՝ ես պիտի իմ ելույթում ներկայացնեմ ծրագիրը»։ Այս խնդիրն օրվա ընթացքում բազմիցս արծարծվեց եւ ի վերջո սուր բախման առիթ դարձավ, երբ Խոսրով Հարությունյանն առաջարկեց վարչապետի ելույթն իբրեւ ծրագիր ընդունել։ Միայն Վահագն Խաչատրյանն էր, որ տեղում առարկեց եւ դահլիճից ցուցադրաբար դուրս եկավ՝ բողոքելով ԱԺ կանոնակարգի նման խախտման դեմ։ Սակայն 24 ժամ առաջ ստացած ծրագրին հավանություն տալու նրա պահանջն իբրեւ զուտ ձեւական մոտեցում հռչակվեց։

Ծրագիր ունենք

Չափազանց դժվար է այս բավական ծավալուն ծրագիրը մի հրապարակմամբ ներկայացնելը։ Անհնար է նաեւ երեկ մինչեւ 20.15 տեւած ԱԺ նիստը հանգամանալից լուսաբանելը. միայն հարցուպատասխանը շուրջ 3 ժամ տեւեց, 30-ից ավելի պատգամավորներ ելույթ ունեցան։ Ստիպված ենք անդրադառնալ միայն առավել հաճախ կրկնված հարցադրումներին եւ գնահատականներին։ Ծրագրի «Մակրոտնտեսական գերակայություններ» բաժնում նշված էր, թե կան բոլոր նախադրյալները «հեռանկարում ապահովելու մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի մինչեւ 1000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք ցուցանիշը»։

Նախագահի տնտեսական հարցերով նախկին խորհրդական Վահագն Խաչատրյանն իր ելույթում սա «ծիծաղելի թիվ» անվանեց, այլք այս ցուցանիշն էլ էին անհնարին համարում։ Ընդհանրապես, ծրագրի ֆինանսատնտեսական հատվածը շատերի կարծիքով հաջողված էր։ Ճիշտ է, առարկությունների տեղիք տվեց «կառավարությունը վճռականորեն է տրամադրված իրագործել ստվերային տնտեսության ծավալների կրճատման հստակ միջոցառումների ծրագիր» դրույթը։ Մասնավորապես Դավիթ Վարդանյանն էր, որ հայտարարեց, թե մենք ունենք ստվերային առեւտուր միայն, քանզի տնտեսություն չկա։ Բավական կոշտ ձեւակերպումներ կային ծրագրի «Սեփականաշնորհում» ենթաբաժնում, որտեղ իրենց գործարաններին հարկադիր պարապուրդի մատնած սեփականատերերին սպառնացել էին այնպիսի հարկերով, որոնք կստիպեն նրանց կամ վաճառել իրենց գործարանները կամ էլ գործարկել դրանք։ Կառավարությունը խոստանում է նաեւ «խստագույնս կիրառել բռնագանձման եւ սնանկացման ընթացակարգերը»։

Նույն բնույթի ձեւակերպումներ կան նաեւ «Սակագնային քաղաքականություն» բաժնում։ «Սպառնալի՞ք է, խրա՞տ, թե՞ երդում»,- հարցրեց Սեյրան Ավագյանը հետեւյալ դրույթի մասին. «կառավարությունը չի ընդունի սակագների հետ կապված անհիմն պոպուլիստական մեղադրանքներն ու շահարկումները»։ Ի լրումն, Արմեն Դարբինյանը հայտարարեց, թե կտրականապես դեմ է, որ այս հարցերը քննարկվեն ԱԺ-ում։ Այսինքն, Սադոյան եւ ընկերներ, շարունակեք խոսել ջրի եւ էներգիայի վարձավճարների վերանայման անհրաժեշտության մասին, երիտասարդ արհեստավարժները «կատուն էն գլխից են ճղել» եւ չեն պատրաստվում որեւէ մեկի փաստարկները լսել։ Առնվազն 4 պատգամավոր երեկ փորձեց պարզել, թե որոնք են մեր արդյունաբերության գերակայությունները։

Զուր էր

Պրն վարչապետը հայտարարեց, թե դրանք դիտմամբ չի նշել, նկատի առնելով խորհրդային տարիների փորձը, որը վկայում է, թե առաջնահերթ համարվող տնտեսական ոլորտներն այժմ քայքայված են։ Եվ սակայն ամենաշատ հարցուպատասխանի տեղիք տվեցին արտաքին քաղաքականության ենթաբաժնին հատկացված հազիվ 10 տողերը։ Որոշ պատգամավորներ դեռ նախապես բաժանված ծրագրում ամրագրված՝ «ԼՂ հիմնահարցի կարգավորման բնագավառում կառավարությունը շարունակելու է փաթեթային լուծման քաղաքականությունը՝ պատրաստ լինելով խաղաղ բանակցությունների վերսկսմանն առանց նախապայմանների» այս գլուխկոտրուկն էին փորձում լուծել։ Ասենք, Մկրտիչ Գիմիշյանին հետաքրքրում էր, թե ըստ այդմ՝ Ղարաբաղն էլ հիմա ոչ փուլ առ փուլ, այլ փաթեթո՞վ են հանձնելու։

Վիկտոր Դալլաքյանը տարակուսած էր, թե ինչու շեշտված չէ ԼՂՀ ինքնորոշման իրավունքը։ Իսկ Աշոտ Սարգսյանը փորձեց պարզել, թե արդյոք դա անցած տարվա սեպտեմբերին մերժված փաթե՞թն է, թե՞ Մինսկի խումբը նոր առաջարկներ է ներկայացրել: Սակայն ծրագրի երկրորդ տարբերակում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տված այս դրույթը բացակայում էր, փոխարենը նշված էր, թե մոտակա ժամանակահատվածում կմշակվի եւ հանրապետության նախագահին կներկայացվի արտաքին քաղաքականության հայեցակարգը։ Այն քննարկելու հնարավորություն ԱԺ-ն, բնականաբար, այլեւս չի ունենա։ Եվ, վերջապես, ծրագրի ուշադրության արժանացած ենթաբաժիններից էր «Ժառանգված ծանրագույն խնդիրներ» անվանումով համախումբը։ Այստեղ բավական պատասխանատու հայտարարություն էր արված, թե «նախատեսվում է աղետի գոտու վերականգնումն ավարտել 2001 թվականին»։ (Տեղում Պետրոս Մակեյանն առարկեց, թե դրա համար առնվազն 14 տարի պետք կլինի)։ Վարչապետը հավելյալ խոստացավ, թե մոտ ժամանակներս աղետի գոտու վերականգնման ծրագիր է մշակվելու եւ ներկայացվելու։ Նաեւ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ծրագրին համահունչ՝ նշված էր խնայբանկում «ավանդների փոխհատուցման խնդրի լուծման հնարավորությունների մշակման» պետական պարտականության վերաբերյալ։ Ավանդների վերաբերյալ Արմեն Դարբինյանը վերջապես մի որոշակի բան ասաց, թե մի հիմնադրամ է ձեւավորվելու, որի միջոցով են կարգավորվելու այս հարցերը. «Երկար ու ծանր է տեւելու, բայց վերադարձնելու ենք»։

Ամփոփիչ գնահատականներ

Արմեն Դարբինյանը «Առավոտի» խնդրանքով անդրադարձել էր նաեւ կառավարության ծրագրի վերաբերյալ տրված այն բնորոշումներին, թե դրույթները խիստ ընդհանրական են, որոշակիություն չկա. «Չեմ ընդունում այս մեղադրանքները, կառավարության ծրագրում պիտի հայեցակարգն արտացոլված լինի եւ սխալ կլիներ, եթե այստեղ գրեինք, որ այս ամսին սա ենք կատարելու, այն ամսին այն»։ Ժամկետների եւ թվերի բացակայություն՝ ահա այն թերությունները, որոնք մատնանշվում էին գրեթե յուրաքանչյուր ելույթում։ Եվ միայն առավել հասուն պատգամավորներն էին (ասենք՝ Արարատ Գոմցյանը), որ իրենց մյուս գործընկերներին կշտամբում էին, թե սա այն փաստաթուղթը չէ, որ նման որոշակի տվյալներ պարունակի։ Պարույր Հայրիկյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ այս ծրագրում նախնական պարզ հայտարարությունից բացի՝ գործնական քայլեր չեն նախատեսված ժողովրդավարական հաստատություններին եւ կուսակցություններին խրախուսելու համար։

«Կարծում եմ, որ անգամ ծրագրի ոգին է ժողովրդավարական,- պատասխանեց Արմեն Դարբինյանը,- իսկ կուսակցությունների ներգրավման ներկա փորձը կառավարության դիրքորոշումների ցայտուն վկայությունն է»։ Այս ծրագրից դուրս մնացած հարցերի մեջ են նաեւ երիտասարդությունը եւ սպորտը՝ վարչապետը սա բացատրեց պարտադրված սահմանափակ ծավալով եւ հայտնեց, թե համապատասխան նախարարը մի նոր տեղակալ է ունենալու, որը միայն այդ հարցերով է զբաղվելու։ Իսկ ինքն էլ իրեն կից մշակութային խորհուրդ է ձեւավորելու։ Դիտողություններ կային նաեւ ծրագրի լեզվական մակարդակի վերաբերյալ։ Ըստ Աշոտ Սարգսյանի՝ միայն շատ կոպիտ սխալները մի քանի տասնյակ են, եւ հայերենը խիստ կաղում է։ Ի դեպ, նա նաեւ նշեց, թե այս ծրագրի որոշ դրույթներ (մասնավորապես մասնավոր սեփականության գերակայության հռչակումը եւ մարզպետների լիազորությունների վերանայումը) հակասահմանադրական են։

«Նախարարների առջեւ հստակ պարտավորվածություններ չկան, որ որոշ ժամանակ անց պարզ լիներ, թե ինչպես է աշխատել տվյալ անձնավորությունը,- այս քննադատության հեղինակն էլ Վիգեն Խաչատրյանն էր, որը նաեւ տեղեկացրեց, թե այս ծրագիրը բոլորովին չի համապատասխանում ժողովրդի ակնկալիքներին,- եւ որպես իմ մասով քաղաքական գործիչ՝ ես այս կառավարությանը չեմ վստահում»։ Իհարկե, առավել կարեւոր էր, թե արդյոք վերջին պնդումը խոշոր խմբերն ու խմբակցություններն է՞լ կկիսեն։ Սակայն այս խորհրդարանում 3 անգամ է ծրագիր քննարկվում, եւ մի պատգամավորի արտահայտությամբ՝ «կառավարությանը կից այս ԱԺ-ն այդքան պլոճիկ չունի, որ անվստահություն հայտնի կամ թեկուզ ստիպի իր ասածները հաշվի առնել, որեւէ բան փոխել»։

Այս անգամն էլ բացառություն չէր

Մի կուշտ քննադատելով այս ծրագիրը, ըստ էության, բոլորն էլ վերջում «կառավարությանն աշխատելու հնարավորություն տալու» մասին էին խոսում։ Իսկ Դավիթ Վարդանյանը ԱԺՄ-ի անունից ելույթ ունենալով, արդարացիորեն նշեց, թե թղթի վրա գրվածն անպայման տարբերվելու է իրականում կենսագործվելիքից. «Վերջիվերջո, ոչ Բագրատյանի, ոչ էլ մյուսների ծրագրերում թալանի մասին ոչ մի բառ չկար, բայց հենց այդ ծրագիրն իրականացվեց։ Այս ծրագրում էլ չկա, բայց դե թալանելու բան էլ չի մնացել»։

Ի դեպ, պրն Վարդանյանը նաեւ նշեց, թե այս ծրագիրը գրեթե չի տարբերվում 1994-95-ին ներկայացված ծրագրերից. միայն թե այժմյան քննադատության փոխարեն, «ՀՀՇ-ականներն այն ժամանակ Մատրոսովի պես պաշտպանում էին այդ ծրագրերը»։ Ի վերջո, այս քննարկման կազմակերպչի՝ «Հանրապետություն» խմբակցության դիրքորոշման մասին. Բաբկեն Արարքցյանը նախ ամենակարեւորն ասաց, թե այսօր չկա այնպիսի մեծամասնություն, որ կառավարությանն անվստահություն հայտնի։ Պրն Արարքցյանն անբնական դիտարկեց այս ծրագրի հռչակագրային բնույթը հիմնական օղակներում «նախկին» մնացած կառավարության համար։ Ասվեց, թե այս ծրագրում արտացոլված տնտեսական քաղաքականությունը էական փոփոխություններ չի կրել եւ հիմնականում համընկնում է ՀՀՇ-ի ծրագրային ազատական մոտեցումներին, իսկ այլ ոլորտներում հարցականները բազմաթիվ էին։

Դրանք շարադրելուց հետո՝ հետեւյալ եզրակացությունը հնչեց. «Ներկայացված ծրագիրը թեեւ հավակնում է մոտակա տարիների համար հիմնարար ծրագիր լինել, սակայն չի արտացոլում մեր հանրապետության առջեւ ծառացած մի շարք կարեւորագույն հարցերի պատասխանները։ «Հանրապետություն» խմբակցությունը համարելով, որ ծրագիրը կրում է հռչակագրային եւ ամորֆ բնույթ՝ վստահություն չունի, թե կառավարությունը կկարողանա իրականացնել ծրագրում ներկայացված կարգախոսները։ Դրանք ապահովելու համար պետք է հստակ գործելակերպ եւ մեխանիզմներ մշակվեն, եւ միայն այդ դեպքում կարող ենք ասել, թե կառավարության ծրագիրը հիմնավորված է»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031