«Առավոտի» հարցերին պատասխանում է Դավիթ Վարդանյանը
– ԱԺՄ-ի դիրքորոշումները նկատի առնելով՝ զարմանալի էր, որ համաձայնել եք ստանձնել նախագահին առընթեր վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնը։
– Հանգիստ կարող եմ բացատրել։ Ընդհանրապես այդպես է եղել. ԱԺՄ-ն եւ մենք գտնում ենք (եթե նայենք մեր 95 թ. ծրագիրը), որ շատ կարեւոր է «Պետական ծառայողի մասին» օրենքը։ Մինչեւ հիմա Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ թշնամական մթնոլորտ է ստեղծել Հայաստանում։ Այսինքն, պետական ծառայողը պիտի բարիկադի կամ այս կողմում լինի, կամ՝ այն կողմում։ Քոչարյանն ասել է, որ ինքն ուզում է այդ թշնամական մթնոլորտը վերացնել, եւ պետական ծառայությունը չպետք է դիտվի որպես հավատարմություն կամ այդ տիպի մի ինչ-որ բան։ Եվ որպես դրա ապացույց, նա այդ առաջարկն արեց։ Մենք քննարկեցինք եւ ընդունեցինք։ Սա փորձնական մի բան է։ Ժամանակի ընթացքում կերեւա՝ թշնամական մթնոլորտը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ստեղծած քաղաքականության մեջ պահպանվո՞ւմ է, թե՞ ոչ։
– Պաշտոնն ստանձնելով, Դուք մտադի՞ր եք հասնելու այն դրույթների իրականացմանը, որ ԱԺՄ-ն մասնավորապես երկար ժամանակ պնդում էր նախկին պաշտոնյաներին պատասխանատվության կանչելու անհրաժեշտության վերաբերյալ։
Կարդացեք նաև
– Քանի որ այս պաշտոնն օրենքով չի սահմանված եւ իմ իրավասությունները հստակ չեն, այդ հարցի շուրջ Քոչարյանի հետ եղել է միայն համաձայնություն։ Նայած ինչպիսին կլինեն իրավասությունները։ Համենայնդեպս, հանրապետության դատախազի դերը չեմ ստանձնել։ Սա հստակ է։
– Ճի՞շտ է, որ Դուք ուզում էիք, որպեսզի կուսակցությունը կամ ԱԺՄ-ն ձեզ այնտեղ գործուղի, որ դրան կուսակցական հանձնարարության տեսք տրվի։ Մամուլում նման տեղեկություն հրապարակվեց։
– Ոչ։ Դա շատ խիստ է ասված։ Իհարկե, ես մնում եմ ԱԺՄ անդամ եւ, բնական է, որ իմ համաձայնությունը տվել եմ մեր կուսակցությունում քննարկելուց հետո։ Դա գործուղում չէ, դա պետական ծառայություն է։ Ուղղակի Հայաստանի քաղաքական, պետական այս համակարգը թույլ չի տվել, որ մարդիկ այսպիսի հարցերին նորմալ մոտենան։ Չգիտեմ, սրանից հետո կստացվի՞ նորմալ վերաբերվել։ Սա փորձնական միջոցառում է, որի ընթացքում կերեւա։
– Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ ԱԺՄ-ի հետ կամուրջներն այրված են։
– ԱԺՄ-ի շատ անդամներ, համակիրներ այս 4-5 տարվա մեջ աշխատանքից հեռացվել են։ Նույնիսկ կառավարության երկրորդական պաշտոնյաների են հեռացրել։ Եթե Քոչարյանը ձգտում է կոտրել այդ մթնոլորտը, ուրեմն, ի՞նչ խնդիր կարող ենք ունենալ։
– Գուցե հոգնե՞լ եք ընդդիմություն լինելուց, եւ այդ պատճառով ընդունեցիք առաջարկը։
– Գայթակղիչ միտք է։ Այն էլ ասեմ, որ ընդհանրապես հոգնածություն կա բոլորի մոտ էլ. քանի գնում՝ մեր տարիքը ավելանում է։ Բայց ես մնում եմ ԱԺՄ-ում, դա կապ չունի։ Առաջին հերթին մնալու եմ իբրեւ նաեւ քաղաքական գործիչ։ Այս ծրագիրը քննարկելուց հետո մենք կորոշենք՝ մնո՞ւմ ենք ընդդիմություն, թե՞ ոչ։ Ես գտնում եմ, որ կլինենք ընդդիմություն։ Դա, ի դեպ, Հայաստանում մի քիչ իմաստազուրկ է։ Կա քաղաքական համակարգ, եւ եթե դու դրան դեմ ես՝ այդ համակարգի հակառակորդն ես, ոչ թե ընդդիմություն ես։ Ընդդիմություն լինում է, երբ բոլոր ուժերը այդ համակարգին կողմ են։ Սոցիալ-տնտեսական ծրագրի վերաբերյալ է լինում ընդդիմություն կամ ոչ ընդդիմություն։
– Դուք գտնո՞ւմ եք, որ Քոչարյանը լեգիտիմ նախագահ է։
– Գտնում եմ, որ ընտրությունները եղել են մեծ խախտումներով։ Ընտրությունները արդար ու ազատ չեն եղել։ Երեւի՝ ոչ, լեգիտիմ չէ։
– Դուք համաձայնել եք աշխատել ոչ լեգիտիմ նախագահի հե՞տ։
– Դա Հայաստանի իրողությունն է։ Քոչարյանը մեր զրույցում ասել է, որ ինքը ձգտում է Հայաստանում ստեղծել ժողովրդավարություն, հավասարակշռված ազգային բանակ, Սահմանադրությունը պետք է վերանայվի եւ այլն։ Ժամանակի ընթացքում կերեւա։ Մենք էլի պայքարելու ենք դրա համար։ Հույսով, հավատով չեմ նայում դրան, մեջս շատ մեծ կասկած կա, բայց պետք է փորձել, տեսնել՝ ստացվո՞ւմ են այդ քաղաքակիրթ հարաբերությունները։
Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ