Լրահոս
Օրվա լրահոսը

Ռաբիսի ալգորիթմը

Մայիս 10,1998 00:00
rabiz

70-ականներին մեր մտաեզրերում հայտնված «ռաբիս» բառի ստուգաբանությունը, որպես «արվեստի աշխատող», քիչ բան է ասում այս ընդգրկուն գաղափարի մասին, որն այսօր մտել ու անգամ գերակշիռ է դարձել մեր կենսագործունեության բազմաթիվ բնագավառներում: Երբ ներկա ինֆորմացիոն հեղափոխության հիմքերը նոր-նոր գցվում էին վաճառքում հայտնվող ու համարյա բոլորին հասանելի ձայնամագնիտոֆոնների միջոցով, ռաբիսը ծնվեց երաժշտության ասպարեզում: Հետագայում այն թափանցեց արվեստի մյուս բնագավառներ, դարձավ այն զանգվածային մշակույթը, որ ձեւային տեսք ու բառային ֆորմատ տվեց ինքնության որոնումներում տարտամող ազգային կենցաղին: Իր շռնդալի մուտքի օրվանից մինչ այժմ ռաբիսը մնում է խորհրդավոր երեւույթ, որի ընկալումը չափազանց պարզ է, իսկ ուսումնասիրությունը՝ մշտապես տաբուի տակ:

Ընդհանրապես, չնայած երեւույթի լայն տարածմանը եւ ժողովրդի կողմից պատրաստակամ ընդունմանը, ռաբիսը համարվում է բացասականի արտահայտություն, վատ ճաշակ, ապազգային, էժան, սենտիմենտալ եւ այլն: Ալիկը, Բոկան, Տոտիկը, ռաբիսի մյուս ռահվիրաները լեգենդար հմայք էին ձեռք բերել նաեւ իրենց «չբացահայտվածության» պատճառով: Անկախության շրջանում, չնայած ռաբիս մտածողության լերդացող, խեղդող հեղեղին, տեսաբանների ուշադրությունից դուրս մնալու նրա պատճառն այն էր, որ գտնվում էին միեւնույն չափման մեջ, իսկ նման դեպքերում, ինչպես հայտնի է աստղագիտությունից, մոտիկ լինելը խանգարում է մանրամասների դիտարկմանը:

Սահմանում. Ռաբիսը մտածողության եւ գործունեության այն ձեւն է, որտեղ իրականության օբյեկտների փոխարեն օգտագործվում են փոխմիջոցները (սուռոգատ): Գիտակները ռաբիս երաժշտության կառույցը մեկնաբանում են որպես արեւելյան երաժշտական մեկ ֆրազի արեւմտականացված կամ ռուսականացված մեկնաբանություն եւ դրա վրա ստեղծված երկ: Սրանով իսկ այս երաժշտությունը դառնում է ո՛չ արեւելյան, ո՛չ արեւմտյան, այլ՝ ռաբիս: Նույնպեսեւ ստեղծագործողը, կատարողը եւ ունկնդիրը կարիք չունեն լինելու արեւմտյան կամ արեւելյան, նրանք հարմարվում են կիսամիջոցին: Տրվում է երաժշտություն, որն արեւելյան ֆրազներ ունի, ինչը հարազատ է, բայց՝ արեւմտյան ձեւավորում, որը մոտեցնում է «քաղաքակրթությանը», հնարավորություն է տալիս որպես սեփական՝ զգալ, «յուրացնել» այդ «արեւմտյան» անհասկանալի ու անհասանելի անծանոթին:Նույն կերպ ընկալվում է պարզ, ցանկալի, բայցեւ՝ անծանոթ կրքերով լիքը հնդկական ֆիլմը կամ մեքսիկական սերիալը, «թարաքյամիի» «պա»-երով ռեփը, կլասիցիզմի միտումներով-արտաքինով ու գոթական ինտերյերով քյաբաբանոցը, պուանտիլիզմով նկարած «Ավերակների վրա լացող Մայր Հայաստանը»:

Ընդհանրապես ասած, արվեստի տեսության մեջ ոճերի նմանօրինակ խառնուրդը դիտարկվում է որպես աբսուրդ ստեղծելու կամ հումորային իրավիճակների հասնելու կատարյալ մեթոդ: Սակայն մեզանում այնքան խորն է նստած ավանդականության մեջ մնալու, բայց՝ «քաղաքակիրթ» դառնալու ցանկությունից կառչելու միտումը, որ ոչ միայն չենք նկատում իրավիճակի անհեթեթությունն ու հումորը, այլեւ այն համարում ենք մեր ինքնության մասը, ինքնարտահայտման ձեւը: Հայաստանը գտնվում է Արեւելք-Արեւմուտք խաչմերուկում: Այս արտահայտությունն այնքան է օգտագործվել, որ արդեն տափակաբանության տեսք է ստանում, սակայն ազգային մտածողության մեջ այս խաչմերուկի իրական ներդրումը դեռեւս ամբողջովին չի գիտակցվում: Արեւմտյան (բողոքական) բարոյական արժեքների հիմքում դրված է երկրային ազատության գաղափարը:

Անհատների համեմատության եւ աստիճանակարգման համար, որպես միջոց, ազատ-հավասարների հասարակությունը ենթադրում է փողը, որի նվաճման համար պայքարն էլ՝ այս քաղաքակրթության շարժիչ բանականությունն է: Արեւելյան քաղաքակրթության մեջ ազատության գաղափարը հիմնականում գործում է երկնային ոլորտում. այստեղ կարեւորագույն է համարվում գործող, ինչ-որ ձեւով հաստատված հասարակական աստիճանակարգմանը ենթարկումը, որպես ռացիոնալ ընդունելով բարոյական պատվիրանների կատարման համար՝ երկնային փոխհատուցումը: Արեւելք-Արեւմուտք խաչմերուկում գտնվելն ամենալայն հնարավորություն է տալիս դիտել երկու կողմից եկող երթեւեկությունն էլ, մանավանդ որ մենք հիմնականում կարմիր լույսի տակ գտնվող հետիոտնի դերում ենք: Այս սպասումներում ձեւավորվում է ռաբիսը՝ որպես ուրիշների մեքենաներում տեսած կյանքը սեփակա՛նը պատկերացնելու ու ներկայացնելու կենսակերպ: Իսկ թե ինչպես է «ռաբիսը» ներթափանցել «գաղափարախոսության» եւ քաղաքականության մեջ, կարդացեք առաջիկա համարներում:

ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031