Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԸ

Մայիս 10,1998 00:00
drosh

Օրեր առաջ «Առավոտի» մի հրապարակմամբ («Ում ձեռքն է խառնված մեր գործին», 22.04.98 թ.) անդրադարձել էինք այն փաստին, որ փետրվարի սկզբին տարօրինակ զուգադիպությամբ Անդրկովկասի երեք երկրներում միաժամանակ փորձեր արվեցին իշխանությունից զրկել պետությունների առաջին դեմքերին։ Հետեւելով իրադարձությունների հետագա զարգացմանը, այսօր եւս ստիպված ենք արձանագրել, որ վերստին առկա են այնպիսի ընդհանրություններ, որոնք այլեւս ստիպում են մտածել, թե պատահականությունները անցնում են սահմանը՝ սպառնալով վերածվել օրինաչափությունների։ Թե՛ ժամանակային, թե՛ բովանդակային եւ թե՛ քաղաքական հետեւանքների առումով, համընկնումների շղթան ու փուլային փոխկապակցվածությունը գուցե դեռ չեն կարող մղել լուրջ հետեւությունների, բայց եւ վերստին շրջանցել դրանք ու բացառել ձեռնարկվող քայլերի նմանությունը, նույնպես լուծում չէ։

Վերջին ամիսների կարեւորագույն իրադարձություններից մեկն, անշուշտ, Դաշնակցության ռեաբիլիտացիան էր, որի եզրափակիչ ձեռնարկը օրերս նախագահ Ռ. Քոչարյանի կողմից ստորագրված հրամանագիրն էր։ Փաստաթուղթը ոչ միայն վերականգնում էր ՀՅԴ ազատ գործունեության իրավունքը, այլեւ արձանագրում, որ դրա արգելումն իրականացվել է օրենքների կոպիտ խախտմամբ (ի դեպ, Հայաստանում տխուր ավանդույթ է դարձել ուշացմամբ սրբագրել սխալները, բայց երբեք չպատժել մեղավորներին)։ Փաստորեն, քաղաքական այն ուժը, որ նախկին իշխանությունների կողմից դուրս էր մղվել ասպարեզից, նորերի ձեռքով ոչ միայն վերադարձվեց, այլեւ խաղարկվեց իբրեւ ծանրակշիռ հաղթաթուղթ։ Այսպես կատարվեց Հայաստանում։

Ադրբեջանում իրավիճակը մի փոքր այլ է, սակայն ընդհանուր առմամբ նույն պատկերն է գծագրվում։ Նախորդ շաբաթ երկրի նախագահ Հ. Ալիեւը ամնիստիա հայտարարեց բոլոր նրանց համար, ովքեր կալանավայրերում իրենց պատիժն էին կրում պետական հեղաշրջման փորձ կատարելու համար (հիշենք, որ Հայաստանում դաշնակցական լիդերներին նույնպես այդպիսի մեղադրանքներ էին ներկայացվել)։ Ալիեւի այս քայլը չափազանց անսպասելի էր բոլոր նրանց համար, ովքեր գիտեն, թե նախագահն ինչպիսի հետեւողականությամբ էր մեղավորներին որսում թե՛ երկրում, թե՛ նրա սահմաններից դուրս։ Նույնքան միամիտ է կարծել, թե իր ծննդյան օրվա առթիվ Ալիեւը ոչ միայն նվեր է ստանում նավթային գործընկեր Շեւարդնաձեից, այլեւ նվեր է մատուցում հայրենակից քաղբանտարկյալներին։ Փոխարենը թերեւս հարկ կա վերհիշելու, որ շուտով Ադրբեջանում նախագահական ընտրություններն են, եւ այստեղ էլ ուժերի հարաբերակցության խնդիրը երկրորդական չի դիտվում։ Խռովարարներին վերադարձնելով՝ Ալիեւը մի գնդակով երկու նպատակակետի է խփում. ընդլայնում է համակիրների դաշտը եւ թուլացնում ընդդիմության մյուս թեւը։

Հայաստանում այս սցենարը մասամբ խաղարկվեց, արդյունքն ակնհայտ էր, ուրեմն ինչո՞ւ դասեր չքաղել հարեւաններից։ Գալով Վրաստանին, առաջին հերթին արձանագրենք նախորդ հինգշաբթի նախագահ Է. Շեւարդնաձեի հրամանով իրականացված նոր նշանակումը։ Երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրեց մի գեներալ, որը նախկին նախագահ Զ. Գամսախուրդիայի օրոք Վրաստանի պաշտպանության նախարարն էր։ Եւս մի անսպասելի որոշում ու դա այն դեպքում, երբ  2-3 ամիս առաջ Շեւարդնաձեի դեմ իրականացված անհաջող մահափորձի գլխավոր մեղավորները համարվում էին հենց զվիադականները։ Իսկ թե անցած տարիների ընթացքում Վրաստանի ներկայիս իշխանություններն ինչպիսի վերաբերմունք են հանդես բերել նրանց նկատմամբ, հանրահայտ է։ Նախկին հակառակորդների հետ համագործակցության եզրեր որոնելու Շեւարդնաձեի նախնական քայլերը հակասական մեկնաբանությունների տեղիք են տալիս։

Կարելի է կարծել, որ զինված ուժերում նման բարձր դիրքի զոհաբերումը նպատակ ունի «դարձի բերել» առանձին գործող մի շարք զինված խմբավորումների, առավել եւս, որ աբխազական խնդիրը կարծես թե նոր փուլ է թեւակոխում։ Իրադարձությունների հետագա զարգացումները դեռեւս հնարավորություն կստեղծեն ըմբռնելու կատարվածի ողջ էությունն ու նպատակը։ Առայժմ մենք արձանագրում ենք միայն փաստը, այն է՝ Անդրկովկասի երեք երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում գործող իշխանությունները քայլեր են ձեռնարկում հասարակական-քաղաքական կյանքում ներգրավելու առավել ազդեցիկ ընդդիմադիր ուժերին՝ դրանով իսկ չհրաժարվելով իրենց դավանած քաղաքական ծրագրերից։ Մի շարք դեպքերում օգտագործելով այդ ուժերին՝ առավել հրատապ հիմնահարցերի լուծման համար, միաժամանակ վերջիններիս միջոցով թուլացնում են ընդդիմության մյուս թեւը՝ ստեղծելով նպաստավոր մթնոլորտ եւ գործունեության դաշտ։

Շատ ավելի բարդ է միանշանակ պատասխան գտնել այն հարցին, թե ինչու են այդպիսի փոփոխությունները անդրկովկասյան երեք հանրապետություններում կատարվում միաժամանակ։ Չափազանց մերկապարանոց է ամեն անգամ վկայակոչել արտաքին ուժերի միջամտությունը կամ ինչ-որ աներեւույթ ձեռքի գոյությունը, որ տնօրինում է ներսում։ Բոլոր դեպքերում, տրամաբանությունը դրան կմղի այնքան ժամանակ, քանի դեռ չկան համոզիչ փաստարկներ հակառակը պնդելու համար։ Իսկ մինչ այդ սպասենք նոր անակնկալների։

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031