«Առավոտի» խմբագրություն այցելած Երեւանի մսի կոմբինատի մի քանի, այժմ արդեն գործազուրկ աշխատակիցները բողոքում էին, որ 1994թ. սեփականաշնորհման ժամանակ չեն ստացել 20% անհատույց սեփականաշնորհումից իրենց հասանելիք բաժնեմասը։ «Գործարանի պատի վրա գրվեց յուրաքանչյուրիս հասանելիք գումարի չափը։ Կախված աշխատանքային ստաժից, ամեն մեկիս անվան դիմաց գրված էր որոշակի գումար՝ 200 հազար, 150 հազար եւ այլն։ Սակայն մենք այդ գումարներին համարժեք բաժնետոմսեր այդպես էլ չստացանք»։
Իրավիճակը պարզելու համար որոշեցինք անցկացնել մեր սեփական հետաքննությունը։ Պարզվեց, որ 20% անհատույց սեփականաշնորհումից հետո Երեւանի մսի կոմբինատը վերածվում է «Ուրարտու» բաժնետիրական արտադրական միավորման։ Փաստորեն ընկերության 20% բաժնետերերը դառնում են գործարանի աշխատակիցները, իսկ մնացած 80%-ը մնում է պետական։ Հետագայում «Ուրարտու» միավորումը վարկեր է վերցնում Արդշինբանկից եւ Հայէկոնոմբանկից։ 1996-ի դեկտեմբերին վերցված վարկերը եւ դրանց տոկոսները չվերադարձնելու համար, հիշյալ բանկերը դիմում են դատարան՝ հետ ստանալու իրենց փողերը։ Այդ պահին Արդշինբանկին ունեցած պարտքի չափը կազմում է մոտ 160 հազար դոլար, իսկ Հայէկոնոմբանկինը՝ 127 միլիոն դրամ։
Սպանդարյանի շրջանի ժողդատարանը՝ նախագահությամբ Ստեփանյանի, սնանկ է ճանաչում «Ուրարտու» միավորումը եւ կառավարիչ նշանակում գործարանի տնօրեն Ռազմիկ Դարբինյանին։ Գործարանը սնանկության հասցրած տնօրենին վստահվում է միավորման հետագա կառավարումը։ Ստեղծվում է գործարանը գնահատելու եւ աճուրդի ներկայացնելու հանձնաժողով։ Որպես մեկնարկային գին՝ սահմանվում է 164 միլիոն դրամ (320 հազար դոլար)։ Սակայն պարզվում է, որ այդ գնով գործարանը գնորդ չունի եւ մի քանի անգամ գինը 10-ական տոկոսով իջեցնելուց հետո, այն վաճառվում է մեկնարկային գնի ճիշտ կեսով՝ 82 միլիոն դրամով (160 հազար դոլար)։ Գործարանի գնորդը, ըստ մեր աղբյուրի, Հումոյանն է։ Վաճառքից առաջացած գումարից 25 միլիոնը փոխանցվում է Արդշինբանկին, իսկ մնացյալ 57 միլիոնը՝ Հայէկոնոմբանկին։
Պարզվում է, որ սնանկ է ոչ միայն «Ուրարտու» միավորումը, այլեւ պետությունը, որը հանդիսանում է միավորման հիմնական 80%-ի բաժնետերը։ Արդյունքում՝ գոնե դե յուրե փոխվում է գործարանի սեփականատերը եւ բնականաբար, գործարանի 20%-ի բաժնետեր աշխատակիցները, որոնք դատարանի որոշմամբ սնանկ էին ճանաչվել, զրկվում են բաժնետոմս ստանալու հնարավորությունից։
Կարդացեք նաև
Վերը նշված փաստերը եւ ենթադրությունները ճշտելու համար դիմեցինք գործարանի տնօրեն Ռազմիկ Դարբինյանին։ Սկզբում պրն Դարբինյանն ասաց, որ բաժնետոմսերը չեն տպագրվել ֆինանսական դժվարությունների պատճառով։ Այնուհետեւ պահանջեց ասել բողոքող աշխատակիցների անունները, սակայն իմ մերժումից հետո առաջարկեց նրանց ուղարկել իր մոտ, խոստանալով տալ իրենց հասանելիք բաժնետոմսերը։ Իմ այն հարցին, թե ո՞վ է գործարանը աճուրդում գնած Հումոյանը, պրն Դարբինյանն ասաց, որ նման մարդ չկա։ Ապա գովելով իմ լրագրողական արհեստավարժությունը, ասաց. «Տղա ջան, ինչ որ շատ ես խորացել»։ Այնուհետեւ պրն Դարբինյանն ինձ խորհուրդ տվեց լավ մտածել, հետո գրել։ Մտածեցի մի ամբողջ 15 րոպե եւ որոշեցի գրել։
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ