Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ԼՍՈՒՄՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մայիս 10,1998 00:00
Azgayin joxov

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում մայիսի 8-ին կայացած նիստի առիթ է հանդիսացել հանրապետության մաքսային համակարգում առկա խնդիրները։ Այդ մասին, մայիսի 11-ին մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց հանձնաժողովի նախագահ Արմեն Եղիազարյանը։ Պարոն Եղիազարյանը հայտնեց, որ ներկայումս հսկայական դժգոհություն կա մաքսային համակարգի աշխատանքից, դրա կազմակերպումից։ Այդ ամենն ըստ պրն Եղիազարյանի ոչ այնքան գործող մեխանիզմի պատճառով է, որքան դրա կիրառման։ Նա հավաստիացրեց, որ հանձնաժողովի ուշադրությունը հիմնականում սեւեռված կլինի մեխանիզմներին։ Համապատասխան մեխանիզմները ճշգրտելու նպատակով էլ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը վերը նշված նիստի ժամանակ որոշել է կազմակերպել հասարակական լսումներ։

Նշեմ, որ նույն նիստում որոշվել է նաեւ նմանատիպ լսումներ անցկացնել կապված էլեկտրաէներգիայի եւ ջրի սակագների, ոռոգման ջրի քաղաքականության վերաբերյալ, բայց սրանք արդեն սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Ինչ վերաբերում է լսումների անցկացման ժամկետի ընտրությանը՝ Ա. Եղիազարյանը նշեց, որ «բիզնեսմենները չեն սիրում այսպես կոչված հրապարակայնություն, բայց խնդրի աստիճանը այնքան է մեծացել ու բարդացրել այդ ամբողջ պրոցեսները, որ ինչ որ չափով նաեւ երկրի պատկերի վրա բացասական արձագանք է թողնում»։ Նա հայտնեց, որ տեղացիների դիմումներից զատ նմանատիպ դիմումներ են ստացվել նաեւ օտարերկրացիներից։ Այնուհետեւ, ասուլիսին ներկա Կարապետ Ռուբինյանը կոչ արեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին այս լսումների ընթացքում առավել ակտիվություն ցուցաբերել եւ մեկ ամսում հավաքել ինֆորմացիա, թեկուզ՝ անանուն։

«Արմենպրեսի» կողմից տրված այն հարցին, թե արդյոք, այս խնդիրներն առաջացել են մաքսային վարչության նոր պետի նշանակումից հետո՝ Ա. Եղիազարյանը պատասխանեց, որ լսումները որեւէ կապ չունեն կադրային փոփոխությունների հետ։ «Մենք մտածում ենք մեխանիզմների տեսակետից, անկախ նրանից ով է պետը։ Սիստեմը պետք է այնպիսին լինի, որ հնարավոր լինի պետերի փոխման հետ կապված որեւէ փոփոխություն. լավ, թե վատ՝ չպետք է լինի»,- նշեց Ա. Եղիազարյանը։

Ինչ վերաբերում է «Առավոտի» այն հարցին, թե պրն Եղիազարյանը ինչպիսի կարծիք ունի վարկային ծրագրերի վերաբերյալ Ա. Գալոյանի հրապարակումների մասին, Ա. Եղիազարյանը պատասխանեց. «Ես բազմիցս արտահայտվել եմ, որ զարգացումը այսօրվա վիճակով անհնար է անել առանց դրսի փողերի։ Այսինքն ես չեմ կիսում նշված պարոնի տեսակետները, որովհետեւ գործը անելուց հետո միշտ էլ մարդիկ են գտնվում, որոնք ասում են, ենթադրենք «ԱրմենԹելը» կարելի էր 2 մլրդ դոլարով ծախել՝ կարելի էր, ամեն ինչ կարելի էր անել, բայց արվեց այն, ինչ արվել է։ Եվ ես համարում եմ, որ ճիշտ է վարկեր վերցնել, ճիշտ է երկրի պրոբլեմները լուծել ուրիշի փողերով եւ միգուցե նաեւ ճիշտ է քննադատել, որովհետեւ ոչ ոք իդեալական չի եւ միշտ կարելի է սխալվել։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ երկրների ճնշող մեծամասնությունը դրսից ֆինանսական ռեսուրսներ է վերցրել։ Միշտ էլ կարելի է ասել՝ էս բանը անարդյունավետ է, եթե ինձ մեղադրում է տափակ, էսպես ասած մետաֆորներ օգտագործելու մեջ, բայց գնացքը գնալուց հետո հեշտ է քննադատել, նորից էդ նույն մետաֆորիան, «չնայած կան տրանսպորտի ուրիշ միջոցներ»,- ավելացրեց նրա տեղակալը։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031