«Մայիսի 8-ին պատերազմի վետերանների հետ հանդիպման ժամանակ ՀՀ սոցապնախարար Գագիկ Եգանյանը հայտարարեց, որ նախորդ օրվա կառավարության նիստում որոշվել է նախագիծ ներկայացնել Ազգային ժողով՝ 50 տոկոս զեղչով եւ անվճար թռիչքների իրավունքից օգտվող վետերաններին օդային տուրքից (10 հազար դրամ) ազատելու վերաբերյալ»։
ԱՐՄԵՆՊՐԵՍ «ՀՀ», 9 մայիսի
Անգնահատելի է կառավարության հոգատարությունը պատերազմի վետերանների հանդեպ։ Նրանցից ոմանք, ազատվելով օդային տուրքից եւ խոշոր գումարներ տնտեսելով՝ կբարելավեն իրենց կենսամակարդակը։ Ու այլեւս չեն զսպի երկրից երկիր թռչելու գայթակղությունը. շատ շուտով մեր ինքնաթիռներն այդպիսով կլցվեն տարբեր ուղղություններով թռչող վետերաններով։ Բացի այդ։ Վետերանների կենսամակարդակն է՛լ ավելի բարձրացնելու նպատակով ՀՀ կառավարությունը եւս մի օրինագիծ կներկայացնի ԱԺ, ըստ որի ա) ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուց, անկախ տարիքից եւ բնակության վայրից, յուրաքանչյուր ապրած օրվա դիմաց (ծննդյան օրը ներառյալ) կգանձվի տուրք նվազագույն աշխատավարձի չափով, բ) առնվազն տասը տարի միանվագ տուրք գանձելուց հետո տուրքից կազատվեն Հայրենական պատերազմի վետերան ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն հաշմանդամության առաջին կարգ եւ անկախ այն բանից, թե որտեղ են կռվել՝ Հայաստանի Հանրապետությունում 70 տարի անընդմեջ բնակվելու փաստաթուղթ։
ՃԻԳԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ՔԱՋ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Կարդացեք նաև
«ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը գոհունակությամբ նշում է, որ Հայաստանի ղեկավարությունը հանձինս նրա նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ զարգացման համար ընտրել է ժողովրդավարության, օրինականության եւ ազգային շահերը պաշտպանելու ուղին։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը պատրաստակամ է իր ամբողջ կարողությամբ հանդիսանալու իշխանության այդ ճիգերի պաշտպանը»։
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ «Երկիր», 9 մայիսի
ՀՀ նախագահի հանդեպ հարգանքի մեծագույն դրսեւորում է, անշուշտ, որ Ռոբերտ Քոչարյանից մի քանի հատ է երեւում ՀՅԴ ԳՄ-ի աչքին (ապացույցը՝ «հանձինս» հոգնակի ցուցանող բառը)։ Մեծագույն հարգանք են ներշնչում նաեւ Հայաստանի ղեկավարության «ճիգերը», առանց որոնց, բնականաբար, անհնար պիտի լիներ որեւէ ուղու ընտրություն։ Դե, իսկ ԳՄ պատրաստակամությունն ու քաջարի կեցվածքը ոչ միայն հարգանքի է արժանի, այլեւ՝ հիացմունքի ու պատկառանքի։
ՌՈԴԵՆ. «ՊԵՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂԸ»
«Կուսակցական լինելն ինձ ավելի կօգնի, որովհետեւ ես կարգապահ դաշնակցական եմ։ Այս տարիների ընթացքում գիշեր-ցերեկ աշխատել եմ ու սովորել եմ աշխատել։ Ես ավելի՝ պետական մտածող եմ։ Ես հասկանում եմ՝ ինչ է պետությունը, ինչ է քաղաքականությունը, ինչ է պետական մտածողությունը, ինչ է մշակութային քաղաքականությունը»։
ՌՈԼԱՆԴ ՇԱՌՈՅԱՆ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար, «ՀՀ», 9 մայիսի
Օգյուստ Ռոդենը, ըստ լուրերի, շուռ է եկել գերեզմանում (երկու անգամ)։ Շուտով նա կվերակենդանանա եւ կկերտի «Պետական մտածողը» քանդակը, քանզի Ռոլանդ Շառոյանի այս խոսքերից հետո Ռոդենն իր «Մտածողը» քանդակով այլեւս հազիվ թե զարմացնի որեւէ մեկին։ «Պետական մտածողի» կերպարի մեջ կմիահյուսվեն կարգապահ դաշնակցականի եւ գիշեր-ցերեկ աշխատած ու աշխատել սովորածի լավագույն գծերը։ Քանդակին նայողը միանգամից կտեսնի, թե, թվարկածից բացի, ուրիշ էլ ինչեր է հասկանում Ռոլանդ Շառոյանը։ Քանդակը կտեղադրվի Պետական մտածողի անվան (նախկին Հանրապետության) հրապարակում։
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ