Ժամանակով մի մարզ ա լինում, անունը՝ Լոռի։ Ինքը բարի մարզ ա լինում, անող-դնող, ուրիշի հավին քշա չասող, բայց արի ու տես, որ էս Լոռու մարզին մարզպետ չի վրա գալի։ Ում դնըմ են, հարուր օրը բոլորում ա, թղթակիցները մեղվաճանճի պես վրա են տալի, հարցուզրից են անըմ ու երկրորդ 100 օրին հասնըմ չի: Րեւանին ով դուր ա գալի՝ բռնըմ Լոռու մարզպես են դնըմ, ով դուր չի գալի՝ էլի բռնըմ՝ Լոռուն են մարզպետ դընըմ։ Ասելիք ա դառնըմ.
– Էն ի՞նչն ա, ինչը. Ծառը՝ շլորի, թուփը՝ սեւ մորի, գետը՝ գիժ Դեբեդ, պաշտոնը՝ մարզպետ. Էսօր կա, էգուց՝ չկա:
Անց ա կենըմ մի առժամանակ, էս Լոռին վերջապես մի մարզպետ ա ունեում, որին ժողովուրդը շատ հարգըմ ա՝ գործունյա, գիտակ, համեստ։ Էս մարզպետս մի ձեռով ծրագրեր ա մշակըմ, մյուսով՝ ծրագրեր ա իրականացնըմ, կառավարության անունից խոստումներ ա տալի, խոստումներ ա կատարըմ, մի խոսքով՝ մարզպետ մի ասա, մի ռանչպար ասա՝ օր ու գիշեր քրտինքի մեջ։ Բայց արի ու տես, որ քաղցր աչքն էլ ա բռնըմ՝ մարզպետին աչքով են տալի։ Ու մի օր էլ, թե՝
– Մարզպետին փոխում են։
Կարդացեք նաև
– Այտա, խի՞։
– Րեւանը հավանըմ չի։
– Վուե՜…
– Ասըմ են տրանսպորտի ու ճամփեքի նախկին նախարարին են բերըմ, նա էլ ա լոռեցի։
– Այտա, նոր հիշե՞ց, որ լոռեցի ա։ Էս քանդած ճամփեքով, էս քանդվող կամուրջներով նա ո՞նց ա Լոռի գալու։ Հրեն՝ Զամարլվի ու Ստեփանավանի կամուրջներն էսօր-էգուց կփլվեն։
– Էլ շաշ-շաշ խոսալ մի։ Էն տղեն մեղավոր ա՞, որ իրա հերն ու մերը լոռեցի են, բա ո՞ւր գնա։
– Հրե՛տ հա՜,- զարմանում են լոռեցիք։
Դու մի ասիլ, սրանց միջի կյանք տեսած խելոքը էլ ետ Փանոսն ա լինում։ Ասում է.
– Ժողովուրդ, բանակում էլ էր ըթենց՝ շտրաֆնոյ բատալյոն էինք ասըմ։ Մեկ ա, Րեւանը մեր ձենը լսողը չի։ Ավելի լավ ա՝ եկեք նստենք, հաշվենք, թե Րեւաններումը էլի քանի՞ լոռեցի ունենք ու քանի 100 օրը մեկ են նրանց գործից հանելու, քանի մարզպետ կունենանք։ Ու մինչեւ որ լոռեցիք հաշվում են՝ մի՜ն, երկո՜ւ, իրե՜ք, չո՜րս, Րեւանումը վրա են տալի՝ մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ։
ՍԵՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ