Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ. ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԳԻԾ

Մայիս 10,1998 00:00
orensgirq

«Առավոտը» տեղեկացրել էր, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը, երկարատեւ քննարկումներից հետո ընտրական օրենսգրքի միասնական տարբերակի ստեղծման համար ձեւավորել է աշխատանքային խումբ, ուր պետք է ներկայացված լինեին բոլոր շահագրգիռ կողմերի լիազորված անձինք։ Աշխատանքային խումբն իր առաջին նիստը գումարեց կազմավորվելուց արդեն իսկ երեք օր անց, աշխատանքային շաբաթվա հենց սկզբին։ Չնայած «բազմագույն» կազմին, աշխատանքային խումբը շատ արդյունավետ աշխատեց: Առատախոսության եւ ժխորի պայմաններում քննարկված չորս հարցերից երեքի շուրջ ձեռք բերվեց կատարյալ համաձայնություն։ Միջանկյալ նշենք, որ նիստը վարող Արթուր Բաղդասարյանը եւս այնքան էլ գոհ չէր աշխատանքային վերոնշյալ գործելաձեւից։

Առաջին սկզբունքային հարցը. այստեղ համաձայնություն ձեռք բերելը ամենից դժվարն է լինելու։ Խոսքը համամասնական եւ մեծամասնական մանդատների հարաբերակցության թվի մասին է։ Ինչպես հայտնի է, կա երեք տեսակետ։ «Երկրապահը» գերադասում է մեծամասնական տեղերի առատությունը, Հանրապետական կուսակցությունը հակված է 50/50 տոկոսային բաժանմանը, իսկ մնացած բոլոր կուսակցությունները, ներառյալ՝ ՀՀՇ-ն, առավելապես համամասնական սկզբունքին են հավանություն տալիս։ Այդ հիմքերից ելնելով էլ Էդուարդ Եգորյանն առաջարկեց հնարավորինս մեծ տեղ հատկացնել կուսակցական ցուցակներին, ու եթե «Երկրապահն» այն մերժի, արդեն միջազգային հանրության հետ լուրջ խնդիրներ կունենա՝ իբրեւ խորհրդարանական մեծամասնություն։ Մնացած բոլոր հարցերում համաձայնությունը կայացավ։

Իհարկե, ամեն ինչ չէր, որ հարթ էր ընթանում։ Քննարկման սեղանին «հայտնված» երկրորդ սկզբունքային հարցը վերաբերում էր հանձնաժողովների կազմավորման սկզբունքին։ Այստեղ առաջարկվում էր մի քանի տարբերակ։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց ամեն ինչ տեղավորել հետեւյալ բանաձեւի մեջ՝ 2n+k, իսկ k=2n։ Այսի՞նքն՝ կհարցնի ընթերցողը։ Բացատրեմ. n-ը խորհրդարանական խմբակցությունների քանակն է, որոնք հանձնաժողովներին տալիս են 2-ական անդամ։ Նրանց ընդհանուր թվին հավասար՝ հանձնաժողովները համալրվում են նաեւ ոչ խորհրդարանական կուսակցությունների կողմից, որոնց միջեւ անցկացվող վիճակահանությամբ՝ վերջիններիս մեկական տեղեր են տրվելու։

Համաձայնություն ձեռք բերվեց նաեւ հանձնաժողովների աստիճանակարգության հարցում։ Եռաստիճան ընտրական համակարգի կողմնակից էին բոլորը։ Մյուս կողմից երկարատեւ բացատրություններից հետո միայն հաղթահարվեց կոմկուսի ներկայացուցիչ Ֆրունզե Խառատյանի դիմադրությունը: Նա դեմ էր մարզային ընտրական հանձնաժողովների գաղափարին։ Ի վերջո, որոշվեց հրաժարվել տարածքային հանձնաժողովներից, իսկ եռաստիճանությունը սահմանել տեղամասային, մարզային, կենտրոնական մակարդակներով։ Համաձայնություն ձեռք բերվեց նաեւ ընտրությունների անցկացման հարցում պատասխանատվություն ստանձնելու խնդրի շուրջ։ Ֆրունզե Խառատյանն առաջարկեց քրեական օրենսգրքից հանել այն դրույթը, թե քրեական պատիժ կարող է նախատեսել միայն քրեական օրենսգիրքը։ Քննարկումների արդյունքում վերջնականորեն տեսակետ ձեւավորվեց, թե ընտրական օրենսգրքում հարկավոր է հղում անել քրեական օրենսգրքին, իսկ ընտրական խախտումների վերաբերյալ՝ նրան կցել հավելված, ուր շարադրված կլինեն բոլոր հնարավոր պատիժները։

Ա. Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031